Այսօր մանկատան շրջանավարտները բնակարանային եւ հասարակության մեջ ինտեգրվելու լուրջ խնդիրներ ունեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիալական ոլորտի պատասխանատուները ներկայացրին, թե ինչ պայմաններում է հայտնվում մանկատան սանը չափահաս դառնալուց հետո: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանի տվյալներով, 2003 թվականից իրականացված ծրագրի շրջանակներում մանկատան 152 շրջանավարտ ստացել է բնակարան եւ գույք: ՀՕՄ-ի Երեւանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանի խոսքերով, ՀՕՄ-ը ծրագրին միացել է 2006-ից: Ըստ գրասենյակի տնօրենի՝ դրական արդյունքն այն է, որ նշված 152 բնակարանից 117-ում հաստատվել են մանկատան նախկին սաներ, որոնք ընտանիք են կազմել, երեխա ունեցել: Մնացած բնակարաններում այդ շրջանավարտները չեն ապրում տարբեր պատճառներով. կա՛մ արտագնա աշխատանքի են մեկնել, կա՛մ էլ բնակարանը վարձով են տվել եւ իրենք էլ մեկ այլ տեղ բնակվում են վարձով, այնտեղ, որտեղ իրենց ավելի պաշտպանված են զգում: Ըստ բանախոսների, մանկատան շրջանավարտները չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը, միջավայրին: Նրանք անգամ աշխատանք փնտրելիս են խնդիրներ ունենում: Չնայած այս ծրագրի իրականացմանը՝ մանկատան թվով 250 շրջանավարտ դեռեւս բնակարանի կարիք ունի: Նրանց բնակարան կտրամադրվի առաջիկա 2 տարվա ընթացքում: Տիկին Ղազարյանի խոսքերով, ծրագրի շրջանակներում բնակարան ստացած, բայց այդ բնակարանում չապրող մանկատան 37 շրջանավարտի առնչությամբ էլ այժմ ուսումնասիրություններ են կատարվում, եւ եթե պարզվի, որ շրջանավարտի՝ այդ բնակարանում չապրելն արդարացված չէ, այսինքն՝ չի գտնվում կալանավայրում կամ աշխատավայրի հետ կապված խնդիրներ չունի, կքննարկվի տվյալ շահառուի բնակարանի հարցը, եւ կտրվի այն շրջանավարտին, որը կապրի այդ բնակարանում:
Ա. Մնացականյանի ներկայացմամբ, շատ շրջանավարտներ էլ այնպիսի աշխատանք են փնտրում, որ գործատուն քնելու տեղ տրամադրի, օրինակ՝ գազալցակայաններում, ավտոլվացման կետերում: Ընդհանրապես, մանկատան շրջանավարտների զբաղվածության հարցը խնդիր է, նրանք դժվարանում են աշխատանք գտնել, քանի որ գործատուները խուսափում են մանկատան նախկին սանի հետ գործ ունենալ: Տարիների ընթացքում ձեւավորված կարծրատիպերը խանգարում են ինչպես գործատուներին, այնպես էլ հենց նրանց: «Նախկինում, երբ աշխատանքի համար պիտի դիմեին, մենք հորդորում էինք, որ չթաքցնեն ճշմարտությունը, սակայն այժմ մենք ինքներս ենք խուսափում այդ փաստը ներկայացնելուց, որովհետեւ այդպես շատ ավելի հեշտ են նրանք աշխատանքի տեղավորվում: Երբ հնչում է երեխայի՝ մանկատնից լինելու փաստը, նույնիսկ մասնագիտական հմտությունների հարցն է 2-րդ պլան մղվում, ենթադրվում է, որ նա անպայման գողություն կամ այլ հանցանք կգործի: Սակայն այդ երեխաները պատրաստակամ են ու պատասխանատվության բարձր զգացումով են օժտված»- ասաց տիկին Մնացականյանը եւ ավելացրեց, որ եթե գործատուներից յուրաքանչյուրը գոնե 1 երեխայի նկատմանբ մեծահոգի ու ընդառաջող լինի, ապա մանկատան շրջանավարտը սոցիալական միջավայրին կհարմարվի ու բոլոր խնդիրները կլուծվեն: