Լրահոս
Օրվա լրահոսը

8-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ՝ ՍԹՐԵՍՆԵՐԻ ՄԵՋ

Մայիս 06,2011 00:00

8-ամյա Գոռի ապագան մեծ հարցականի տակ է:
Խեղված է երեխայի մանկությունը:

\"\"

Սա Ալվարդի եւ Աշոտի ամենօրյա կռվի սովորական «դոզան» է, որը ստանալուց հետո Գոռը փախավ փողոց:

\"\"
Սա Գոռի ու իր հայրիկի մահճակալն է: Չնայած Գոռն էլ ունի քնելու տեղ, բայց հայրն անգամ գիշերները բաց չի թողնում երեխային. նրան քնեցնում է իր ծոցում ու իր անկողնում:

\"\"
Սա ե՛ւ խոհանոց է, ե՛ւ զուգարան, ե՛ւ բաղնիք:

8-ամյա Գոռի հասակակիցներն այդ տարիքում երազում են լավ խաղալիք, բջջային հեռախոս, համակարգիչ, իսկ Գոռն այս կյանքից ընդամենը ուզում է, որ դպրոցից տուն գնա ու տանը կռիվ չտեսնի, ամիսը մեկ անգամ ջեռոց դրած հավ ուտի եւ ստիպված չլինի ուշ գիշերով լինել փողոցում, քաղմասներում՝ քննիչի, դատավորի կամ լրագրողի հարցերին պատասխանի: Գոռի ծնողների անհաշտ լինելու եւ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքները դատական կարգով վիճարկելու մասին «Առավոտի» մարտի 23-ի համարում արդեն անդրադարձել ենք: Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը, Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, որոշել է, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ նրա խնամքով ժամանակավորապես զբաղվի որեւէ խնամքի կենտրոն, տվյալ դեպքում՝ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնը»: Եվ չնայած Գոռի հայրը՝ Աշոտը, ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ երեխայի հոգեկան առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, եւ չէր համաձայնում, որ երեխայի իրավունքներով զբաղվող որեւէ կազմակերպություն աշխատանք տանի ու սթրեսից դուրս բերի Գոռին, այնուամենայնիվ, ոստիկանության միջամտությամբ Գոռը տեղափոխվել է ՀՕՖ եւ արդեն քանի օր է՝ երեխան գտնվում է այնտեղ:
Գոռի ծնողներն ապրել են քաղաքացիական ամուսնությամբ, սակայն արդեն քանի տարի նրանց՝ Աշոտ Բաղդասարյանի եւ Ալվարդ Մանուկյանի համատեղ կյանքը դարձել է անհնարին: Մինչ խնամքի կենտրոն տեղափոխվելը՝ Գոռն անընդհատ կռիվների, ծեծուջարդի մեջ էր, ամեն օր լսում էր, որ իր մայրը վատ վարքի տեր, հոգեկան հիվանդ է, հայրը՝ հարբեցող ու անպատասխանատու: Հիմա եկել էր մի պահ, որ բավական է տիկին Ալվարդն ուզենա շփվել իր տղայի հետ, որեւէ բան տալ որդուն կամ, առավել եւս՝ գրկել, գուրգուրել նրան՝ տանը կռիվը պատրաստ էր. հայրը հայհոյանքներ, անպատիվ խոսքեր է ասում, հարեւանների մոտ իսկական շոու սարքում: Ու այդ ամենը՝ երեխայի ներկայությամբ: Տանն արդեն կիսված է ամեն ինչ՝ գդալից ու դանակից սկսած, մինչեւ գազն ու զուգարանակոնքը: Միակ չլուծված խնդիրը մնում է բնակարանն ու Գոռը: Քանի որ հայրը ամիսներով թույլ չի տալիս մորը շփվել իր երեխայի հետ, նրան լարում է մոր դեմ, երեխան պնդում է, որ ինքը մորը չի սիրում, նրա կարիքը չունի, որ ուզում է մայրը թողնի ու գնա իրենց տնից: Մայրն էլ իր հերթին է մղկտում, որ չի կարողանում մի տաք ճաշ պատրաստել ու իր երեխային կերակրել, քանի որ Գոռն իրեն մերժում է: Թե այդ 8 տարիների ընթացքում ծնողներից յուրաքանչյուրն ինչ է արել իր որդու համար՝ դժվար է ասել, բայց երեխան ակնհայտորեն հոր «շալվարից» բռնած ման է գալիս, առանց հոր թույլտվության չի պատասխանում որեւէ մեկի հարցերին, վախենում է բոլորից ու ամեն ինչից:
Հոր թույլտվությունը ստանալուց հետո մենք ստիպված եղանք երեխայի հետ ֆուտբոլ խաղալ, որ նա մի քանի բառ փոխանակի մեզ հետ: Ավելի ուշ անկեղծանալով՝ Գոռը պատմեց, որ հայրը չի թողնում, որ մոր հետ շփվի, նրա պատրաստած ճաշերն ուտի. «Մի անգամ մամաս «սասիսկի» էր խաշել, ինձ կանչեց, որ ուտեմ, ես շատ էի ուզում, բայց պապան թեւիցս քաշեց, չթողեց, որ ուտեմ: Շատ եմ ուզում բորշչ ուտեմ, տաք սպաս… մեկ էլ հավ եմ սիրում՝ դուխովկա դրած»: Մեր հարցին՝ այսօր ի՞նչ ես կերել, Գոռը պատասխանեց. «Հաց ու երշիկ, էրեկ էլ եմ հաց ու երշիկ կերել, էն մյուս օրն էլ: Ամեն օր էլ երշիկ-հաց եմ ուտում կամ էլ շաքարաջուր եմ խմում: Պապան, երբ ուտելու բան ա առնում, իմ սենյակում մի հատ տուփ կա, դնում եմ մեջը, որ դասից գամ՝ ուտեմ»:
Երբ ինձ արդեն համարեց իր ընկերը՝ երեխան պատմեց, որ հայրը, ճիշտ է, երեք զույգ «բոթաս» է իրեն առել, բայց ձմռանը «ռետուզ» չի հագցրել. «Մենակ շալվարս էր հագցնում»:
Դատական վերջին որոշմամբ՝ Գոռի խնամքով պետք է զբաղվեն ծնողները, հավասարապես, բայց քանի որ գործնականում դա անհնարին է, դատարանի որոշումից ամենաշատը տուժում է երեխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել