Լրահոս
Օրվա լրահոսը

Արի տուն, բայց՝ գրպանդ լիքը

Մայիս 06,2011 00:00

Երեկ գործադիրը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով մինչեւ 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից։ Դրանով օրենքի գործողության ժամկետը 2010թ. նոյեմբերի 1-ից երկարաձգվում է մինչեւ 2011թ. մայիսի 1-ը։ Օրենքն ընդունվել է 2003թ. եւ հնարավորություն է տալիս բանակից խուսափած եւ արդեն իսկ 27 տարին լրացած եւ արտասահմանում գտնվող երիտասարդներին՝ յուրաքանչյուր զորակոչի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով վճարում կատարելու դեպքում ազատվել քրեական պատասխանատվությունից։ Այդ բավականին լուրջ վճարի պարագայում օտար երկրներում դեգերող հայ երիտասարդները կկարողանան վերադառնալ հայրենիք՝ առանց վախենալու, որ հենց օդանավակայանից իրենց բանտ կտանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել