Գյուղատնտեսական այս տարին բարեհաջող է սկսվել արմավիրցիների համար: Բնակիչները վստահեցնում են՝ եթե եղանակային կտրուկ փոփոխություններ չլինեն, առատ բերք ենք ունենալու: «Լավ է, որ ոլորտով հետաքրքրվող կա: Հասարակ ուշադրության կարոտ ենք: Այս տարի առաջին անգամ էր, որ ցրտահարության մասին բնակիչներին տեղեկացրին հեռուստատեսությամբ: «ՎիվաՍելի» բոլոր բաժանորդներին էլ լրացուցիչ հիշեցրին՝ մեսիջներով: Եթե Հայաստանում մի ընկերություն կա, որ ժողովրդի մասին մտածում է, դա «ՎիվաՍելն» է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Գայ գյուղի բնակիչ Հարություն Ենոքյանը: Նույն մարզի Դոքս գյուղի բնակիչ Համլետ Մաղաքյանին էլ ուրախացրել է, որ գյուղացու հետ սկսել են հաշվի նստել. «Նախորդ տարիներին ավելի ուժեղ ցրտահարության դեպքեր են եղել, բայց ոչ մի անգամ գյուղացուն տեղյակ չեն պահել: Այս տարի ցրտահարությունն այնքան ուժեղ չէր, որքան աղմուկը, որ բարձրացրին: Հեռուստատեսությունը՝ մի կողմից, «ՎիվաՍելը»՝ մյուս կողմից: Արդյունքում բերքը մեծ վնասներից փրկվեց»: Հ. Ենոքյանի խոսքով, արմավիրցիների ուրախությունը վերջին երկու տարիներին մարզում հակակարկտային կայանների կառուցումն էր. «Ճիշտ է, մեր գյուղում չկա նման կայան, բայց այն, որ հարեւան գյուղերում արդեն 15 հակակարկտային կայան կա, մեզ ուրախացնում ու հույս է տալիս, որ մեր գյուղին էլ հերթը կհասնի: «ՎիվաՍելը» այս ուղղությամբ մեծ գործ է արել, եթե ֆինանսական աջակցություն չցուցաբերեր, դեռ մի քանի տարի էլ պետք է սպասեինք կայանների կառուցմանը»:
Համլետ Մաղաքյանին էլ սկզբում շատ են ուրախացրել գյուղացուն տրամադրվող ՀՀ կառավարության ցածր տոկոսադրույքներով վարկերը: Նրա պատմելով, համագյուղացիներից շատերը իր նման ոգեւորվեցին, բայց շատ արագ էլ հիասթափվեցին. «Մեր գյուղի բնակչության 80%-ը վարկերի տակ է: Մի բանկից վերցնում են՝ մյուս բանկի վարկը փակում: Գյուղնախարարությունն էլ հայտարարում է ցածր տոկոսադրույքով վարկերի մասին, բայց հենց հերթը հասնում է վերցնելուն, չեն տալիս: Առաջարկվող պայմանները լավն են, բայց գրավ են պահանջում, խեղճ գյուղացին ի՞նչը գրավ դնի»:
Հարություն Ենոքյանն էլ կարծում է, որ տրամադրվող վարկերը ուշացած են. «Հիմա գյուղացիական ամբողջ գործընթացը վերջացել է: Արարատյան դաշտավայրում ծառերը պարարտացվում են, ցանքերն արված են: Ժամանակին պետք է տրամադրեին: Ամբողջ տարին գյուղացին ջանք ու եռանդ չի խնայում լավ բերք ապահովելու համար, բայց հենց հերթը հասնում է վաճառքին, արդյունք չենք տեսնում: Սպառման խնդիրներ ունենք»: Պարոն Ենոքյանի պատմելով, ամեն տարի ձեռնարկատերերը գալիս ու հրապուրիչ առաջարկներով գյուղացուց գնում են ապրանքը ու հետո էլ տարիներով չեն վերադարձնում պարտքերը. «Ոչ այն է՝ վճառենք, ոչ այն է՝ հրաժարվենք, կրակն ենք ընկել: Բերքի վաճառքի կազմակերպման լուրջ խնդիր կա»: Գայ գյուղի այս բնակիչը արդեն քանի տարի է՝ բանջարեղենի մշակությամբ է զբաղվում, բայց այս տարի էլ եկամուտ ստանալու հույս չունի. «Թուրքիայից ու Ադրբեջանից ներկրում են անորակ, անհայտ ծագումով լոլիկ, բիբար ու բադրիջան: Ներկրումը ձեւակերպում են սոխի, բրնձի անվան տակ ու էժան գներով վաճառում շուկայում: Արդյունքում տեղական արտադրանքը չի վաճառվում: Վնասով ենք աշխատում»: Պարոն Ենոքյանի խոսքով, ամեն տարի արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, շուկայական գինը՝ նվազում. «Մեր գյուղնախարարն էլ հայտարարում է, թե՝ ձեռք չի տալիս, մի՛ ցանեք: Լավ՝ չցանենք, ի՞նչ անենք»: Ադրբեջանական ու թուրքական բանջարեղենի օրինական ներկրման ու սահմանափակ վաճառքի պահանջով մի քանի մարզերի բնակիչներ օրեր առաջ համախմբվել էին ու դիմել ՀՀ կառավարությանը: «Հույս ունենք, որ հարցը վարչապետի ուշադրությանը կարժանանա, ու մեզ իսկապես կաջակցեն: Թուրքիան մեր թշնամին է, չենք ուզում իրենց արտադրանքը Հայաստան հասնի, այն էլ՝ անհայտ ծագումով»,- նշեցին գյուղացիները: