«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Մերձդնեստրի պաշտոնական «Օլիվիա պրես» գործակալությանը՝ հաղորդում է, որ երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին։ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին՝ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով։ Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Իգոր Սմիռնովն ասել է, որ լրագրողին ներում շնորհելու խնդրանքով իրեն դիմել են արտասահմանյան դիվանագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վերջին դիմողներից մեկը եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։