Ասում է ՀՀ առաջին նախագահը
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետեւ առաջին նախագահը հանդիպել է Արթիկում Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ակտիվի ու նաեւ անկուսակցական համակիրների հետ:
Երեկ նա նաեւ պատասխանել է «Ազատություն» ռ/կ-ի հարցերին, որոնցից մեկն այս է եղել՝ ինչո՞ւ հենց հիմա որոշեց հանդիպել կալանավորված խմբագրի հետ: Առաջին նախագահը կոչ է արել գնահատել երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները՝ ասելով. «Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով՝ այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա: Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին՝ ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»:
Վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը՝ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում. «Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը եւ պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն»:
Տեր-Պետրոսյանի ասելով, պետք է գնահատել, ոչ թե ռեւերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: «Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե՝ ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ՝ ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,- շեշտել է ընդդիմության առաջնորդը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ստեղծված վիճակին, երբ մի խումբ ընդդիմադիրներ հրաժարվում էին լքել Ազատության հրապարակը եւ պահանջում էին նստացույց անցկացնել, եւ Կոնգրեսի առաջնորդներին դժվարությամբ հաջողվեց համոզել նրանց՝ չդիմել այդ քայլին, Տեր-Պետրոսյանը նշել է. «Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբար, կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ՝ այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»:
Խոսելով «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցության մասին՝ Կոնգրեսի առաջնորդը, որը նախորդ օրն էլ հանդիպել էր քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ, ասել է, թե վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, ու «վստահ եմ՝ ազատվելուց հետո, որը շուտով կլինի, նա պիտի արդեն լուրջ բժշկական քննություն անցնի, եւ բոլոր միջոցները պետք է ձեռք առնել նրա առողջությունը վերականգնելու համար»:
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա Տեր-Պետրոսյանի ասելով, նա առողջական պրոբլեմ չունի, ներվերը շատ հանգիստ են, ինտելեկտուալ կյանքով է ապրում՝ առավոտից երեկո գրականություն է կարդում, հետեւում է մամուլին: «Ինչպես ասում են՝ էներգիան իրեն ուտում է, եւ շուտով այդ էներգիային դուք էլ ականատես կլինեք»,- խոստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: