Նորմալ ընտրություններ անցկացնելու համար նաեւ այս առաջարկն արեց «Ասպարեզի» ղեկավար Լեւոն Բարսեղյանը
«Ես համոզվում եմ, որ կոսմետիկ կամ դրվագային փոփոխություններով մենք արմատական փոփոխությունների հանգել չենք կարող: Մեզ հարկավոր է ընտրական համակարգի արմատական բարեփոխում: Իմ բոլոր առաջարկները չեմ թվարկի, ընդամենը 3-4-ի մասին կխոսեմ. կրթական համակարգի աշխատողներին պիտի իսպառ կտրել ընտրական գործընթացների կառավարման պրոցեսից: Պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող մարդիկ իրենց աշխատաժամին չպիտի մասնակցեն քարոզարշավներին: Աշխատաժամից հետո՝ ինչպես կկամենան: 95 թվից սկսած՝ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ այս աշխատողները մարդիկ են ապահովում հատկապես իշխանական թեկնածուի քարոզչական միջոցառումներին: Սրա վերջը պիտի տրվի վերջապես, ես լրջագույն հիմքեր ունեմ հայտարարելու, որ 200-ից մինչեւ 450 հազար հավելագրումներ են տեղի ունենում, ես ինքս եմ տեսել այդ ամբողջը»,- երեկ խորհրդարանում հրավիրված ԸՕ-ի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց «Ասպարեզի» ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նաեւ առաջարկեց զինծառայողներին ազատ թողնել, որպեսզի իրենք որոշեն՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ: Իսկ վերջին, իր իսկ բնութագրմամբ՝ «խայտառակ» առաջարկն էր հետեւյալը. «Այդ կնիքը, որով կնիքում են քվեաթերթիկի ծրարը, պիտի պողպատե շղթայով կապված լինի քվեատուփին, ժողովուրդ ջան, ուրիշ մեխանիզմ չկա: Ձեռքը ծնոտի տակ նստած է մարդը, կողքից էդ կնիքը տանում են, ինքը ուշադրություն էլ չի դարձնում, որ պիտի կնքի, հենց այդպես գցում է, անվավեր են դառնում, հենց ուշադրություն է դարձնում, մի 15 րոպե հերթ է կուտակվում, մինչեւ կնիքը իր չարագործությունը, իր գործը անի-վերադառնա»: Ըստ Լեւոն Բարսեղյանի, նորմալ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է «առավելագույն թափանցիկություն ապահովելով՝ դիմել պրեսսինգի»: Առաջարկեց նաեւ, որ պետությունը յուրաքանչյուր ընտրատեղամաս տեսանկարահանի հնգական տեսախցիկներով, եւ դա պահվի եւ օգտագործվի որպես տեղեկություն. «Սրանով կկարողանա կանխել ահռելի հանցագործություններ, որովհետեւ դատարաններին ապավինել չի կարելի»: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարկ համարեց ասել. «Հենց այն պատճառով, որ կնիքն անհետանում է, մենք ամրագրել ենք, որ կնիքը ամբողջ ժամանակ պետք է լինի տուփի վրա դրված, ավելին՝ եթե յուրաքանչյուր դիտորդ, վստահված անձ տեսանկարահանի, թեկուզ մեկ ակնթարթ, որ կնիքը այդտեղ չէ, սա արդեն աշխատում է, որը հիմք է տալիս վերահաշվարկելու»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խոսեց Դաշնակցության համար առավել սկզբունքային հարցերի շուրջ, օրինակ՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու. «Մեծամասնական այս ընտրակարգը՝ ինչ կա այսօր Հայաստանում, չի համապատասխանում ժողովրդավարության տարրական կանոնին, որովհետեւ ունենք մեծամասնական ընտրակարգով ընտրատեղամասեր, որտեղ քվեարկողների թիվն ավելի մեծ է, քան այլ ընտրատարածքներում, հետեւաբար ստացվում է, որ թեկնածուները ձայների տարբեր հարաբերակցությամբ կամ տարբեր հնարավորություններով են անցնում խորհրդարան»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, Վենետիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները այս հարցը թողել են տեղական լուծման համար. «Եվ պատահական չէ, որ ասում են, թե այս մասին որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով. այս բառը պետք է հասկանալ այնպես, որ սա չպետք է լինի միայն քաղաքական մեծամասնության տեսակետը, նաեւ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եւ ընդհանրապես, ընդդիմությունը պետք է այս որոշմանն առնվազն համաձայնի»:
Ընտրական հանձնաժողովների ձեւավորման մասին ասաց. «Վենետիկի փորձագետները եւ ԺՀՄԻԳ-ը ավելի հակված են հանձնաժողովների քաղաքական սկզբունքով ձեւավորմանը, որովհետեւ իրենք ամրագրում են, որ եթե պետական համակարգի նկատմամբ չկա բավարար վստահություն առ այն, որ կարող է կազմակերպել եւ անցկացնել ժողովրդավարության կանոններին համապատասխանող ընտրություններ, անհրաժեշտ է քննարկել հանձնաժողովների՝ քաղաքական սկզբունքով կազմավորման կարգը: Եվ այս խնդրից ելնելով՝ մենք շարունակում ենք պնդել, որ 50-50 հարաբերակցությունը դրա լավագույն լուծումը կլինի»:
Ըստ դաշնակցական պատգամավորի, տեսաձայնագրման եւ ցուցակների հրապարակման վերաբերյալ փորձագետների տեսակետը եւ մտահոգությունները որեւէ առնչություն չունեն մեր իրականության հետ, օրինակ՝ խոսվում է ընտրությունների չմասնակցած անձանց նկատմամբ ճնշումների մասին եւ նշվում է, որ նրանք կարող են զրկվել պետական նպաստներից. «Սա ոչ միայն մեր իրականությունից դուրս փաստարկ է, այլ նաեւ մեր երկրում չի դիտվել այդպիսի մի դեպք, երբ ընտրություններին մասնակցելը կամ չմասնակցելը նպաստներից զրկելու հիմք լինի, իսկ եթե այդպիսի հիմք կա, ապա դա քրեական հանցագործություն է, եւ դրա համար այլ ընթացակարգեր կան»:
Լսումներին ներկա եզդիների ազգային փոքրամասնության ներկայացուցիչը պնդեց, որ «Հայաստանի խորհրդարանում 20 տոկոսը պետք է լինեն կանայք, իսկ երեք տոկոսը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»: Մի շարք հասարակական կազմակերպություններ ներկայացնող տիկնայք ուղղակի օրվա հրամայական համարեցին կանանց թվի ավելացումը խորհրդարանում: Թեպետ Դավիթ Հարությունյանը այս ձեւակերպմանը կարծես համաձայն չէր եւ գտնում է, որ ճիշտ կլինի կին կամ իգական սեռի ներկայացուցիչ բառերի փոխարեն նշել, որ յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակում յուրաքանչյուր տասնյակում լինի «այլ սեռի ներկայացուցիչ»:
Ի դեպ, լսումներին ներկա մի շարք հ/կ-ների ղեկավար մի քանի տիկիններ ընդմիջմանը այցելեցին Ազգային ժողովի բուֆետ, եւ նրանցից առնվազն երկուսը հետո ետ վերադարձան գնումների տոպրակներով: