Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԼԵՔՍԸ» ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ

Մայիս 06,2011 00:00

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի պատասխանատու Ալինա Ենգոյանը մարտի 18-ից ազատվել է աշխատանքից: Նա համակարգում էր ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների աշխատանքները, պատասխանում լրատվամիջոցների հարցերին: Համաձայնեք, միշտ չէ, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչները կարող են միաժամանակ հայտնվել բոլոր դատարաններում: Բացի այդ, կան հարցեր, որոնց կարող է պատասխանել միայն մամուլի հարցերով պատասխանատուն: Մասնավորապես, այս օրերին Մալթայում են գտնվում վճռաբեկ դատարանի նախագահը եւ մի շարք դատավորները: Կա տեղեկատվություն, որ մեր դատավորներից մեկը Մալթայում մի օրով կորել էր եւ հարկ է եղել դիմել տեղի իրավապահների օգնությանը: Չկա մեկը, որը կպատասխանի մեզ, թե տեղեկատվությունը հավաստի է, թե ոչ:
Նախորդ օրը Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքի դատարանում «Առավոտը» դժվարություններ ունեցավ: «Դատալեքս» համակարգչային ծրագիրը չօգնեց մեզ, որպեսզի գտնեինք ժ.16-ին նշանակված նիստերի դահլիճը եւ դատավորին: Մեզ չօգնեցին նաեւ դատարանում հերթապահող ոստիկանները, որոնք թույլ չէին տալիս տեղաշարժվել, ինքնուրույն գտնել դահլիճը. չկար մամուլի պատասխանատու, որը հարթեր տհաճ իրավիճակը:
Ոստիկանները մեզ խորհուրդ տվեցին դիմել «Դատալեքսին», սակայն համակարգիչը մամուլի քարտուղար չէ, եւ բնականաբար՝ մենք «չդիմեցինք» նրան: Զարմանալի է նաեւ, որ որեւէ մեկին չի հետաքրքրում նաեւ այն, որ դատավորների պաշտոնական կայքէջում որեւէ թարմ տեղեկատվություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել