Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Մայիս 06,2011 00:00

\"\"– Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրեցի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է:
Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ՝ անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե նույնն էր, երբ ես պատանեկությանս տարիներին մեջքի վրա պառկած նայում էի աստղազարդ երկնքին եւ ուզում էի թափանցել-տեսնել երեւացող աստղերից այն կողմ: Դա նույն հայացքն էր, որին երբ երկար ես նայում, քեզ թվում է, որ դու ուր որ է՝ կանէանաս կամ կխելագարվես, ուստի ես փախցրեցի հայացքս ու լսեցի իմ Նահապետի ձայնը.
– Իզուր փակեցիր աչքերդ, միեւնույն է, դու փակ աչքերով էլ տեսնելու ես ինձ: Դու հարցը տվեցիր ու վախեցար իմ պատասխանից: Ուրեմն լսիր ինձ, ուշադիր լսիր: Հայրենիքը ծննդավայրը չէ, թեեւ եթե բախտդ բերել է ու դու ծնվել ես քո հայրենիքում, քո ծննդավայրը ընդամենը մի գյուղ է կամ մի քաղաք, որը քո հայրենիքում է: Իսկ եթե ծնվել ես օտարության մեջ, ինչը որ մեր ցեղի հետ հաճախ պատահել է վերջին հարյուր տարիների ընթացքում, դժվար ես ապրելու քո ծննդավայրում, որտեղ էլ որ դա լինի, քանի որ հայրենիքիդ կանչը, որը եթե դու նույնիսկ չես էլ տեսել, քեզ անվերջ անհանգստացնելու է: Դուք՝ գրողներդ ու բանաստեղծներդ, քաղաքական գործիչներդ նաեւ շատ եք խոսում հայրենիքի մասին եւ փառաբանում նրա գեղեցիկ դաշտ ու սարերը, կորցրած ծովերն ու պահպանած լազուր լճերը: Գովերգում ու չեք ճանաչում, թե որտեղ է հայրենիքը: Չէ՞ որ ցեղեր կան, ում հայրենիքը ի սկզբանե անապատն է եղել, եւ նրանք սիրում են անջուր, անծառ իրենց անապատը, քանի որ դա իրենց հայրենիքն է, ուր ամփոփված է ու պահպանվում է իրենց արյան հիշողությունը, եւ բախտը անապատակյացի…
Դու ինձ հարցրիր՝ ի՞նչ է հայրենիքը, ու վախեցար լսել ինձ: Մի՛ վախեցիր: Պատկերացրու քո հնագույն նախնիների կողմից կառուցված մի շքեղ տաճար, որտեղից դուրս են հանում բոլոր հին աստվածների անդրիները, բոլոր սրբապատկերները, որ քանդակվել-նկարվել ու պահպանվել են հազարամյակներով, եւ տաճարն այդ սրբազան անմիջապես կվերածվի մի մեծ ու դատարկ կառույցի, որտեղ բույն կդնեն չղջիկները, կամ քոչվոր հետապնդողները ոչխար կպահեն: Իսկ ձեր փառաբանած գեղեցիկ դաշտ ու սարերը կվերածվեն արոտավայրերի: Քո հայրենիքը քո տասնհինգ հազար տարվա պատմությունն է, եւ քո այսօրը, ուր տերն ու ծառան դու ես…
Այսպես խոսում էր իմ Նահապետը, եւ ես աչքերս փակ լսում էի նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել