Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանի տեղը Հաագայի դատարանում է

Մայիս 06,2011 00:00

Վստահ է Աշոտ Մանուչարյանը

«Հայաստանում Միացյալ Նահանգներն իրականացնում է տրանսֆորմացիոն գործառույթ: Սա մի բան է, երբ երկրի իրողությունները փոխվում են, սակայն, ի տարբերություն հեղափոխականի, այստեղ փորձում են շատ գործող անձանց ներառել: Այս գործառույթը ներառում է անցնցում փոփոխություններ եւ ներկայացնում է փոփոխությունների ամբողջ պալիտրան»,- երեկ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսի, Հայաստանում այսօր կիրառվող մեթոդը ժամանակին մշակվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից. «Այսօր ունենք աշխատանքից ազատված նախկին քաղաքապետ, ոստիկանության հզոր աշխատակից, որը կալանավորված է, եւ վերաբացված մարտի մեկ, որը ամենաֆանտաստիկ բանն է»: Բանախոսի համոզմամբ՝ սա է պատճառը, որ Կոնգրեսն այսօր նահանջել է իր հեղափոխական կեցվածքից եւ փորձում է փոփոխությունների հասնել ոչ հեղափոխական ճանապարհով: Հարցին, թե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը արդյոք Միացյալ Նահանգների շնորհի՞վ է կայանում, Մանուչարյանը պատասխանեց. «Այժմ երկխոսություն չկա, սակայն դրա քավորը դառնալ ձգտում է ԱՄՆ-ը»: Դիտարկմանը, թե՝ Արեւմուտքը լավ չի վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանին, Աշոտ Մանուչարյանը արձագանքեց. «Տեր-Պետրոսյանը կարողացավ շատ ակտիվ տանել ժողովրդական շարժումը, եւ նա այդ առումով ինքնահաստատված գործընկեր է այդ պրոցեսում»: Վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների վերլուծության արդյունքում բանախոսը եզրակացրեց. «Միացյալ Նահանգները հանգել է այն եզրակացության, որ պետք է վերացնել ազգային կողոպուտի համակարգը, որովհետեւ կարծում է, որ այդ դեպքում ինքը կորցնում է աշխարհի վրա իր վերահսկողությունը»: Թեեւ ԱՄՆ-ի քաղաքականության այս կետը համընկնում է մեր շահերի հետ, բայց մյուս հարցերով, ըստ որի՝ նա լծակներ է ձեռք բերում Հայաստանի նկատմամբ՝ «չի կարող շահեկան լինել»: Իսկ թե ի՞նչ ապագա է սպասվում Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի քաղաքական դաշտում՝ Մանուչարյանը նկատեց, որ մարտի 1-ի դեպքերը ժողովրդի ապստամբությունն էր թալանող համակարգի դեմ: Թալանող համակարգն իրեն պահպանելու համար պետք է զոհեր, այրված մեքենաներ, թալանված խանութներ ունենար, որպեսզի կարողանար ռեպրեսիաների դիմել. «Այժմ մարտի 1-ի գործի վերաբացումից խոսում են նաեւ եվրոպացիները, ամերիկացիները: Դա նշանակում է, որ նրանք առաջարկում են Հաագայի դատարանը ավելացնել եւս մեկ գործով կամ էլ այս հարցը լուծել մեր դատարաններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել