Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

Մայիս 06,2011 00:00

«Միս ու արյուն» կստանա՞ «Ժառանգության»  նախաձեռնությունը 

Մարտի 15-ին մեկնարկած եւ 15 օր տեւած «Ազատության ծոմով» եւ դրանից հետո «Ժառանգությունը» փորձեց նոր ներքաղաքական իրավիճակ ստեղծել Հայաստանում: Նոր քաղաքական իրավիճակը ստեղծվեց. ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նկատել է ՀՀ առաջին նախագահը՝ «մթնոլորտ է փոխվել»: Թե այդ ամենում ի՞նչ դերակատարում ունեցան «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ունեցան, թե ոչ՝ այլ հարց է, բայց որ այդ իրադարձությունները դարձան ջրբաժան հայաստանյան քաղաքական դաշտում հիմնական խաղացող ուժերի մեջ՝ ակնհայտ է: Դեռ ծոմի առաջին օրերին քաղաքական դաշտում խոսակցություններ էին շրջանառվում, որ այդպիսով «Ժառանգությունը» փորձում է համախմբել հակակոալիցիոն եւ հակակոնգրեսական ուժերին, ձեւավորել նոր դաշտ: Խոսվում էր 20 կազմակերպությունների մասին, որոնք իբրեւ պատրաստակամ էին միեւնույն դաշինքում հետագա պայքարը շարունակելու: Շրջանառվում էին «Նոր ժամանակներ» կուսակցության, ՀՅԴ-ի, Տիգրան Կարապետյանի ղեկավարած կուսակցության, ՀԱԿ-ից արդեն իսկ դժգոհ Ժիրայր Սեֆիլյանի, «Սարդարապատ» նախաձեռնության եւ այլոց անունները: Այս ընթացքում, «փոխված մթնոլորտի» պայմաններում, ՀԱԿ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարծես բարեհաջող «բաց դիալոգ» է ընթանում, ինչպես անվանում է ՀՀ առաջին նախագահը: Իսկ ի՞նչ արդյունքներ է արձանագրել «Ժառանգությունն» իր նախաձեռնությամբ: Երեկ «Առավոտի» այս հարցին կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Քննարկումներ լինում են, եւ դա բնական քաղաքական գործընթաց է, այն էլ՝ այս պայմաններում, երբ որ էական անորոշություն կա հասարակության մեջ՝ կապված տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ»: Իսկ ինչպե՞ս են «Ժառանգությունում» վերաբերվում ՀԱԿ-ի եւ իշխանության դիրքորոշումների մեղմացմանը, փոխադարձ ընդառաջ քայլերին: Ի դեպ, կարկառուն հանրապետական Կարեն Ավագյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Ժառանգությունը» խանդով է վերաբերվում ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցությանը: Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է եւ այն մարդկանց, ովքեր իրենց համակրել են եւ հավատացել են: Չեմ կարծում, որ դա անմիջականորեն կապ ունի «Ժառանգության» հետ: Եթե իրենք շախմատ են խաղում իրար հետ կամ այլ բան՝ իրենց եւ այդ քաղաքական ուժերին համակրողների խնդիրն է»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ այս առիթով «Առավոտին» ասաց. «Որեւէ անգամ մենք որեւէ նման բանակցություն պաշտոնապես չենք վարել: Անկեղծ ասած, հիմա էլ համարում ենք, որ նմանատիպ գործընթաց վարելը հիմա վաղ է: Քաղաքական պահը, որի պարագայում այդ ամենը պիտի առաջանա, նախընտրական խնդիր պետք է լինի: Մենք այժմ դեռ չգիտենք՝  ընտրություններն արտահե՞րթ են, թե՞ հերթական: Հետեւաբար՝ ինչի՞ շուրջ բանակցենք»: Արամ Կարապետյանը նաեւ կարծում է, որ հնարավոր դաշինքը, որի մասին չափազանց շատ է խոսվում, եթե լինի էլ՝ պետք է լինի խիստ գաղափարական, որպեսզի հասարակության վրա կարողանա ազդեցություն թողնել. «Մարդիկ պետք է ամեն ինչ հստակ հասկանան, որպեսզի ձայն տան: Եթե դա պետք է միայն նրա համար, որպեսզի միասին հավաքվենք եւ գնանք խորհրդարան՝ դա լուրջ չէ եւ պարզապես չի աշխատի»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը նույնպես փաստեց, որ նման որեւէ պաշտոնական քննարկում տեղի չի ունեցել, եւ իրենք էլ այս ամենին մասնակից են եղել շրջանառվող խոսակցությունների մակարդակով: Իսկ ՀՅԴ-ի համար սկզբունքորեն ընդունելի՞ է նման դաշինքի ձեւավորումը, կմասնակցի՞ կուսակցությունն այդպիսի ֆորմատի՝ հարցին էլ մեր զրուցակիցն ասաց, որ իրենց համար էական հարց է, թե ինչ կդրվի դրա հիմքում, քանի որ հենց այնպես, պարզապես մասնակցության համար ՀՅԴ-ն երբեք եւ որեւէ ֆորմատում չի եղել ու չի լինի: Մնացյալը հետագա քննարկումները ցույց կտան:
«Առավոտի» դիտարկմանն էլ՝ արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ սեպտեմբերին արտահերթ ընտրություններ են լինելու, դժվար է ակնկալել, որ դրանք մեծամասամբ ազատ, արդար, թափանցիկ կլինեն. կա՞ մտավախություն, որ հիմնական խաղացող քաղաքական ուժերի փոխպայմանավորվածության արդյունքում «Ժառանգությունը» խորհրդարանում տեղեր չի ունենա՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Հասարակությունը պետք է տեսնի՝ «Ժառանգությունը» խորհրդարանում տեղ ունի՞, թե՞ ոչ: Այո, հասարակության մեջ մենք ունենք կողմնակիցների այնպիսի մեծ բանակ, որ խոսքը գնալու է ոչ միայն եւ ոչ թե «Ժառանգության»՝ զուտ պառլամենտում լինել-չլինելու, այլ որակական կշիռ ձեռք բերելու մասին: Այն էլ այնպիսի, որը հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ ազդել քաղաքական գործընթացների վրա եւ արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնել: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2007-ին էլ արդար ընտրություններ չէին, եւ ինչքան էլ որ «Ժառանգության» ձայները գողացան, համենայնդեպս, այնքան քվե էր ստացել «Ժառանգությունը», որ դա հնարավորություն տվեց ապահովել «Ժառանգության» ներկայությունը խորհրդարանում՝ ի հեճուկս շատերի ցանկության: Հասարակության խոսքը, ժողովրդի որոշումը էական նշանակություն ունի, այնպես չէ, որ ամեն ինչ գծվում է պալատներում՝ շախմատի տախտակի առջեւ նստած կամ այլ խաղի շուրջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել