«Հայջրմուղկոյուղին» համատարած դատի է տվել Սարագյուղի ջրազուրկ բնակիչներին, անգամ մեռածներին
Աշոցքի տարածաշրջանի սահմանամերձ Սարագյուղը դատարկման վտանգի տակ է, այսօր գյուղում ապրում է հազիվ 100 մարդ: Գյուղապետ Յուրա Խչոյանի խոսքով, արդեն երկու տարի է՝ Սարագյուղում ոչ մի երեխա չի ծնվել, գյուղացիները նույնիսկ չեն հիշում, թե հարսանիք վերջին անգամ երբ է եղել: Բանն այն է, որ հեռավոր այս գյուղում ապրելու պայմաններն ահավոր են. խմելու ջուրը վարակված է եւ առանց քլորացման, գյուղապետի ասելով, ջրի հետ ճիճուներ են թափվում, նույնիսկ թունավորման դեպքեր են գրանցվել: Ու այսքանից հետո «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում բոլորին դատի է տվել ու մեծ գումարներ պոկել: 18 հոգի արդեն իսկ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, որոնցից 600 000 դրամ գանձել են, դատվածների մեջ է նաեւ գյուղապետը: «Ես ունեմ Սանէպիդկայանի անալիզների ամեն տարվա արդյունքները, գրված է, որ ջուրը բիոլոգիապես չի համապատասխանում խմելու համար: Իսկ մատակարարի հետ կնքած պայմանագրում գրված է, որ պարտավոր է ապահովել խմելու մաքուր ջուր: Ես 2000 թվականից մինչեւ այսօր գյուղապետ եմ, բայց չեմ հիշում մի դեպք, որ մեկը ներկայանա ու ասի, թե ես ջրի մարդն եմ: Թե հիմա ինչո՞ւ են եկել փող պահանջում, մեզ դատի են տալիս, չգիտեմ»,- զայրանում է գյուղապետը: Իսկ ամենից շատ վերջինիս ապշեցրել է այն, որ դատել են անգամ գյուղի հանգուցյալներին: «Ստիպված դատարանին մահվան թուղթ ենք ներկայացնում, որ էդ մարդիկ վաղուց գերեզմանոցում են, 1997 թվից չկան: Չգիտեմ, սա անգրագիտությո՞ւն է, թե՞ փող փախցնելու ձեւ: Դատարանն էլ առանց երկրորդ կողմի շահերը հաշվի առնելու՝ վճիռներ է կայացրել: Իսկ մենք գյուղովի նամակ ենք գրել «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությանը ու ասել, թե հրաժարվում ենք ձեր սպասարկումից, բայց էլի պրծում չկա, ոչ մի արձագանք»,- ներկայացնում է գյուղապետը: Նրա ասելով, գյուղը մինչեւ 2007 թվականը ընդհանրապես ջրի երես չի տեսել: Հայկական Կարիտասի ու եկեղեցականների օգնությամբ ջուրը մի կերպ տեղ են հասցրել, իսկ «Հայջրմուղկոյուղին» մատը մատին չխփած՝ եկել ու պահանջատեր է դարձել: «Հոգեւորականներն ու Հայկական Կարիտասը ջուր են ապահովում, բայց փողը տալիս ենք ձրիակերներին»,- կարճ ու կոնկրետ բանաձեւում է գյուղապետ Խչոյանը:
Գյուղապետը ասաց նաեւ, որ գյուղովի հակընդդեմ հայց են ներկայացնելու «Հայջրմուղկոյուղու» դեմ՝ ոչ միայն իրենց խախտված իրավունքները վերականգնելու, գումարները հետ պահանջելու, այլեւ ընկերության ծառայություններից հրաժարվելու պահանջով: «Եթե մատակարարը չգիտի, թե գյուղի ջրամբարը որտեղ է գտնվում, ինչ տարողություն ունի, ինչ քանակի ջուր է ընդունում, մեկ վայրկյանում ինչքան ջուր է գալիս, մեզ իրենց ծառայությունները պետք չեն: Հլը մեկը կանչի ջրի մարդուն ու հարցնի, էս գյուղի մեջ որտեղի՞ց է մտնում ջրի մագիստրալը, բերանը ջուր կառնի»,- ասում է գյուղապետը: Ըստ նրա, «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությունը չպիտի թույլ տար իրեն՝ կառավարության կողմից աղքատ ճանաչված այս գյուղին սնանկացման եզրին հասցնելու: «Առանց այն էլ աղքատ գյուղ է, հեռավոր, ամեն ինչից կտրված, ամեն ինչից խաբված, ամեն ինչից անտեղյակ, ծնելիություն չկա, չի էլ լինի, մարդիկ համատարած գնում են, ուրեմն մենք ունենք 35 ընտանիք, ես կասեմ՝ դուք գումարեք ու պատկերացրեք, թե քանի մարդ է մնացել գյուղում, 10 տունը 2 անձով են մնացել, 13 տունը՝ 3 անձով, 6 տունն էլ 4 անձով են ապրում: Էն օրը մարզպետարանից էին եկել, ասում եմ՝ եկեք գնանք շրջենք տները, թե մի մեշոկ ալյուր գտնենք մարդկանց մոտ, թող ձեզ լինի»,- գյուղի կյանքը այսպես է բնութագրում գյուղապետը:
Որպես ամփոփում՝ մի տեղեկանք. կյանքի համար վտանգավոր են Աշոցքի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի խմելու ջրերը: