Գյուղնախարարության տեսչությունների լուծարման արդյունքում մի քանի տասնյակ մարդ անգործ մնաց
Կառավարության որոշումից արդեն քանի օր է՝ գյուղատնտեսության նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ սթրեսի մեջ են: Ապրիլի 30-ին մոտ 60 աշխատակցի հայտարարել են, որ նրանք այլեւս չեն աշխատում, քանի որ լուծարվել են նախարարության սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ու բուսասանիտարական տեսչությունները: Տեսչությունների լուծարման արդյունքում ստեղծվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որը գործելու է կառավարության վերահսկողության ներքո: Ու թեեւ այդ 60 աշխատակցին ուղարկել են կադրերի կարճաժամկետ ռեզերվ, սակայն նրանք մտահոգություն ունեն, որ նոր ծառայության ղեկավարը 6 ամիս հետո իրենցից վերջնականապես կազատվի:
Մեզ հետ զրույցում գյուղնախարարության նախկին աշխատակիցները վստահեցրին, որ իրենք աշխատանքից ազատվելու հրամանը ստորագրել են ետին ժամկետով՝ ապրիլի 18-ով, այնինչ՝ փաստացի աշխատել են մինչեւ ապրիլի 30-ը. «Առանց որեւէ հիմնավորման մեզ ասացին՝ հավաքեք ձեր իրերը եւ գնացեք: Պարզապես 100-ից ավելի աշխատակիցների ասացին՝ դու մնում ես, դու գնում ես: Մենք էլ ուզում ենք հասկանալ՝ վերակազմավորում է եղել, նոր աշխատատեղեր են բացվել՝ ինչո՞ւ են 10 տարուց ավելի ստաժ ունեցողին հանում, 2 տարվա աշխատողին՝ պահում: Գոնե մի քիչ պատշաճ վերաբերմունք ցույց տային: Մեր բոլոր հարցերը մնացին անպատասխան»: Նախկին աշխատակիցների վստահեցմամբ՝ բոլոր կրճատվածները նեղ մասնագետներ են, եւ առնվազն տարօրինակ է, թե ինչու նոր ստեղծված սննդի անվտանգության ծառայությունում տեղ չունեն հենց այդ նեղ մասնագետները: Ընդ որում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, որեւէ կառույցի վերակազմավորման արդյունքում հնարավոր է՝ կրճատումներ լինեն, բայց եթե թափուր պաշտոններ են լինում, ապա արտամրցութային կարգով ներգրավվում են մարդիկ, որոնց քաղծառայողի անձնագրերը համապատասխանում են այդ պաշտոններին. օրենքը հնարավորություն է տալիս նաեւ մրցույթով ընդունել աշխատանքի: Բայց այս դեպքում որեւէ մրցույթ չհայտարարվեց. պարզապես, ըստ նախկին աշխատակիցների, ում ուզեցին՝ պահեցին, ում չուզեցին՝ հանեցին: Մեզ հետ զրույցում կրճատված անձինք վստահեցրին, որ բոլորովին վերջերս էին քաղծառայողի քննություն հանձնել, ատեստավորվել, ոմանց դասային աստիճանն է բարձրացվել. «Դա նշանակում է՝ որպես քաղծառայող առնվազն 3 տարի մեզ ձեռք չէին տա: Ասենք՝ կրճատվել է տարածքային բաժնի պետը, որը տարիների փորձ ունի եւ իր գիտելիքներով բավականին պիտանի մասնագետ է»:
Ուշագրավն այն է, որ այս աշխատակիցներին աշխատեցրել են մինչեւ ապրիլի 30-ը, վստահեցնելով, որ դեռեւս հաստիքացուցակը հաստատված չէ: Սակայն եթե հաշվի առնենք, որ նոր ծառայության մասին որոշումը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, եւ հենց այդ ժամանակ էլ հաստատվել են կառույցի բյուջեն եւ աշխատողների քանակը, ապա կարելի է ենթադրել, որ ղեկավարությունը ավելորդ խոսակցություններից խուսափելու համար դիտավորյալ նախապես չի բացահայտել հաստիքացուցակի մասին:
Սննդամթերքի անվտանգության պետական նորաստեղծ ծառայության աշխատակազմի ղեկավար Արսեն Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նոր ծառայությունում պահպանվել է նախարարության 2 տեսչությունների հաստիքների քանակը, սակայն քանի որ նոր բաժիններ եւ վարչություններ են բացել՝ նոր մասնագետներով, ուստի չէին կարող այդ մարդկանց ընդգրկել նոր բաժիններում. «Նախկին տեսչություններում 194 հաստիք է եղել, կառավարությունը նույն քանակի հաստիք է հատկացրել նաեւ մեզ: Վերակազմավորման փուլում ստեղծվեց ընդհանուր բաժին, միջազգային կապերի, ֆինանսական եւ այլ բաժիններ, որտեղ չէին կարող աշխատել անասնաբույժները կամ սննդի անվտանգության բաժնի աշխատողները: Ինքնըստինքյան բոլորին չէինք կարող պահել: Մենք ուզում էինք պահել բոլորին, որպեսզի աշխատեն այլ վարչություններում, բայց այնպիսի մասնագետների պահանջ կար, որ իրենց չէինք կարող պահել»: Ըստ պարոն Սարգսյանի, նախկինում մարզային կառույցներում աշխատել են 10-14 մասնագետներ, իսկ վերակազմավորման արդյունքում՝ 8. «Ավելի չէինք կարող, որովհետեւ կառավարության տրամադրած հաստիքն այդքան էր: Թող այդ մարդիկ գնան ռեզերվ, իսկ մենք նախատեսում ենք մինչեւ ռեզերվի ավարտը դիմել կառավարություն եւ խնդրել, որ լրացնեն հաստիքները, քանի որ մարզային տարածաշրջաններ կան, որ պարտադիր պետք են ավելի հաստիքներ»:
Մեր այն հարցին, թե ինչու տարածքային բաժնի ստաժավոր պետին ռեզերվ եք ուղարկել, այլ ոչ թե մեկ այլ աշխատանք առաջարկել, պարոն Սարգսյանն ասաց, որ այլեւս տարածքային վարչության պետեր չեն լինելու. «Լինելու են 3 մասնագետներ, որոնք համակարգվելու են անմիջապես մեր կենտրոնից: Եթե պահեինք բաժնի տարածքայինի պետերի եւ այլ մասնագետների, ապա մեզ հավելյալ մոտ 80 հաստիք է պետք: Իսկ դրա համար նոր որոշում էր պետք, սակայն դեկտեմբերի 30-ին բյուջեն արդեն հաստատվել էր, հաստիքացուցակը՝ նույնպես, նոր տարով չէին կարող որոշում փոխել»:
Ինչ վերաբերում է կրճատված աշխատակիցների՝ որպես քաղծառայողների «անձեռնմխելիությանը», ապա քաղաքացիական ծառայության խորհրդի իրավաբանական վարչության պետ Գարուշ Դավթյանը վստահեցրեց, որ առայժմ իրենց ոչ մի փաստաթուղթ չի ուղարկվել, որպեսզի իրավաբանորեն պարզվի՝ արդյոք օրենքի սահմաններո՞ւմ են եղել այդ կրճատումներն ու աշխատակիցներին ռեզերվ ուղարկելը: