«Ring TV»-ին տեղեկացնում է, որ երկրորդ միջին քաշային կարգի «Super Six» մրցաշարի շրջանակներում մայիսի 14-ին նշանակված WBA-ի չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի եւ միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջեւ մենամարտի հետ կապված խնդիրը լուծվել է եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Աբրահամը մեկնել է Կալիֆոռնիա:
Ըստ աղբյուրի, բռնցքամարտիկների պրոումոթերները Կալիֆոռնիայի աթլետիկական հանձնաժողովի հետ համատեղ փոխհամաձայնության են եկել ռեֆերիի թեկնածության հարցում: Հիշեցնենք, որ «Sauerland Event» ընկերությունից Աբրահամի պրոումոթերները կտրականապես դեմ էին նախապես հանձնաժողովի նշանակած ռեֆերիի թեկնածությանը, որը Ուորդի հարազատ Կալիֆոռնիայի նահանգից էր, եւ հրաժարվում էր մեկնել ԱՄՆ, մինչեւ նրան փոխելու իրենց պահանջը չբավարարվի:
Եվ ահա, հանձնաժողովի մարզական տնօրեն Չե Գեվարայի խոսքերով, երկու բռնցքամարտիկների պրոումոթերների հետ հեռախոսով վարված բանակցություններից հետո որոշվել է այդ մարտի ռեֆերիի պարտականությունները վստահել պուերտոռիկացի Լուիս Պաբոնին: «Պուերտո-Ռիկոն բռնցքամարտերի հանձնաժողովի ասոցիացիայի անդամ է եւ դա ամենագլխավորն է: Լուիս Պաբոնն աշխատել է մի քանի չեմպիոնական մենամարտերում: Այս հարցով մենք նրա թեկնածության դեմ ոչինչ չունենք», – հայտարարել է Գեվարան: Աբրահամ-Ուորդ մենամարտը սպասարկելու են նաեւ կողային մրցավարներ Ջեյմս Ջեն-Քինը՝ Կալիֆոռնիայից, Ինդո Բարրաբասը՝ Գերմանիայից եւ Սթենլի Խրիստոդոլուն՝ ՀԱՀ-ից: