Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինասի որմնանկարները՝ Էռնեկյանի՞ն

Մայիս 04,2011 00:00

Երկու օր է՝ գյումրեցի մտավորականները բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության այս որոշման դեմ

Այս տարվա փետրվարի 8-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի սեփականատեր Էռնեստո Էռնեկյանը դիմել էր կառավարությանը Գյումրիի երկու գործարաններում՝ «Գալվանոմետր» եւ «Էլեկտրատեխնիկական» ՓԲԸ-ներում գտնվող Մինաս Ավետիսյանի «Երկանք», «Թել եւ մանում» որմնանկարները իր միջոցներով «Զվարթնոց» տեղափոխելու ու պատերին փակցնելու համար: Կառավարությունն էլ, առանց գյումրեցիների կարծիքը հարցնելու, հապշտապ որոշել էր այս քաղաքի հարստությունը «անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով» տրամադրել մեծահարուստին: Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակում արվեստի եւ մշակույթի բնագավառի 493 գործիչներ սա անհարգալից վերաբերմունք համարելով գյումրեցիների նկատմամբ, պահանջում էին չեղյալ համարել կառավարության որոշումը: «Անկախ շինության սեփականության ձեւից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին»,- հիշեցնում են մտավորականները՝ տեղեկացնելով, որ արհեստների ու արվեստների քաղաքը պատրաստ է դրամական միջոցներ տրամադրել իրենց համերկրացու որմնանկարները վերականգնելու, Գյումրիում պահպանելու ու ցուցադրելու համար: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը օրերս հրավիրած մամուլի ասուլիսին ասաց. «Փաստը զայրացուցիչ է, մտավորականների բողոքը տեղադրված է ինտերնետում, բազմաթիվ մեկնաբանություններ են գրվել, ու դեռ չենք հանդիպել մի էնպիսի կարծիքի, որտեղ գովաբանվեր կառավարության այս քայլը: Մի քոմենտի օրինակ եմ ուզում բերել ձեզ, որտեղ ասվում էր. պատկերացրեք՝ իջնում ես Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, որտեղ մեր աչքի առաջ հանդես է գալիս Մոնա Լիզայի բնօրինակը: Արժի՞ Մինասին էսքան արժեքազրկել, էսքան էժանացնել, ի՞նչ է նշանակում օդանավակայանի տերմինալում Մինասի որմնանկար տեղադրելը… Ամեն ինչը՝ Երեւան, ո՞նց կարելի է: 2 նկար տարան-տեղադրեցին կառավարության շենքում, ո՞ւմ են հասանելի էդ նկարները: Մենք թույլ չենք տա Մինասի որմնանկարները տեղափոխել, բավական է, Երեւանը դարձել է հանրապետություն՝ հանրապետության մեջ, մենք էդ հանրապետության մասնիկը չե՞նք»: Քանդակագործ Զավեն Կոշտոյանն էլ ասաց, որ ինքը անչափ վիրավորված է կառավարության այս որոշումից. «Մի՞թե գյումրեցին արժանի չէ Մինասին, ելույթներ են ունենում, բա՝ ասում են արվեստը չպիտի՞ կենտրոնանա մայրաքաղաքում»: Քանդակագործ Արտուշ Պապոյանը հիշեցրեց, որ այս քաղաքականությունը գյումրեցիների հանդեպ նորություն չէ. «Առհասարակ ինչի՞ համար է մշակույթի նախարարությունը, որ պրոբլեմնե՞ր ստեղծի, մենք էլ հավաքվենք ու լուծե՞նք: Բնօրինակները թող նվիրեն Մինասի տուն-թանգարանին»: Ի դեպ, Մինասի որմնանկարները պատրաստվում են «Զվարթնոց» տեղափոխել այսօր, գյումրեցիներն էլ իրենց հերթին պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ու խոչընդոտել նկարների տեղափոխումը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այս քայլը բացատրում է որմնանկարները նորոգելու եւ պահպանելու ցանկությամբ, նշելով, որ Գյումրիի հիշյալ գործարաններում դրանք ուղղակի փչանում էին, եւ ոչ ոք չէր տեսնում, իսկ հիմա Էռնեկյանի փողերով դրանք կնորոգվեն եւ Հայաստան մտնող հյուրերը առաջին իսկ վայրկյանից, դեռ օդանավակայանում կհիանան հայ արվեստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել