Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին (նկարում) հերքել է մեղադրանքները, թե իր երկիրը ահաբեկչության դեմ բավարար ակտիվորեն չի պայքարել: BBC-ի մատուցմամբ, Washington Post-ում հրապարակված հոդվածում Զարդարին հայտարարել է, թե Պակիստանը «հնարավոր է, ավելի շատ է տուժում ահաբեկչությունից, քան՝ այլ երկրներ»:
Զարդարիի այս հայտարարությունը հետեւել է կիրակի գիշերը Պակիստանի տարածքում ապաստան գտած Ուսամա բեն Լադենի սպանությանը հանգեցրած ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկված հատուկ գործողությանը, որն իրականացվել էր առանց պակիստանյան իշխանություններին տեղյակ պահելու:
Երեքշաբթի օրը Աֆղանստանի եւ Պակիստանի գործերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսսմանը երկու երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իր ասուլիսում ուղիղ ոչինչ չի ասել, թե ով եւ ինչպես է ծրագրել ամերիկյան հատուկ գործողությունը: Նա միայն շեշտել է, թե բեն Լադենի մահը «Աֆղանստանի, Պակիստանի ու Միացյալ Նահանգների ընդհանուր ձեռքբերումն է, եւ որ այդ երկրներում կիսում են ծայրահեղականությանը վերջ դնելու գործին իրենց հավատարմությունը»: Պակիստանի ԱԳ նախարար Սալման Բաշիրը հայտարարել է, որ «անիմաստ» է փորփրել, թե արդյոք Պակիստանը ներգրավվա՞ծ է եղել բեն Լադենի դեմ առաքելությանը: «Կարծում եմ, էականը դա չէ: Ըստ իս, հիմա մենք փորձում ենք մտածել վաղվա օրվա մասին: Բեն Լադենի հարցը փակված է, եւ կարծում եմ՝ իմաստ չունի կառչել անցյալից»,- հայտարարել է Պակիստանի արտգործնախարարը: