«Երբ կառավարությունը ճնշում է իր ժողովրդին եւ թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է՝ չարագործությունը բացահայտելու եւ հասարակության վստահությունը պաշտպանելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում: «Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության եւ մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ եւ ստեղծել պայմաններ՝ իրենց խնդիրների մասին իրազեկելու»: Պան Գի Մունն ասել է, թե գլոբալ ճնշող մարտահրավերների դարաշրջանում, մամուլի միջոցով տեղեկատվության եւ մտքերի ազատ փոխանակությունը՝ ընդհանուր «խնդիրների» շրջանակում, կարող է միացնել մարդկանց եւ երկրների. «Մամուլի ազատության համաշխարհային օրը եկե՛ք հիշենք այն լրագրողներին, խմբագիրներին եւ մամուլում աշխատող այլ մասնագետներին, ովքեր սպանվել են իրենց թղթակցությունների պատճառով: Անպատժելիությունը, որ հաճախ հետեւում է այդպիսի սպանություններին, ցույց է տալիս լրագրողների պաշտպանության համար պաշտոնական մտահոգության պակաս եւ ակնհայտ արհամարհանք իրենց կարեւորագույն աշխատանքի հանդեպ: Բազմաթիվ այլ լրագրողներ հյուծվում են բանտախցերում՝ ընդամենը իրենց աշխատանքն անելու համար»,- ասված է Պան Գի Մունի ուղերձում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հավաստում է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն անկախ սահմաններից, ցանկացած լրատվամիջոցի միջոցով, տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ հաղորդելու: Եկե՛ք վերահաստատենք ժողովրդավարության, զարգացման եւ խաղաղության սկզբունքների մեր կարեւորագույն խոստումը»: