Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիայի ղեկավարությունն ու ՀԱՄԱՍ-ը գժտվել են

Մայիս 04,2011 00:00

\"\"Սիրիան ընդգրկած զանգվածային բողոքի ցույցերը լարվածություն են առաջացրել երկրի ղեկավարության եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Այդ մասին, tert.am-ի մատուցմամբ, գրել է The New York Times-ը։

Պարբերականը վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության աղբյուրները, գրում է, որ Դամասկոսը պաղեստինցիներից պահանջել է հստակ եւ աներկբա աջակցություն ցուցաբերել իրենց ցուցարարների դեմ։ «Սիրիայի կառավարությունը մեզ հստակ հասկացնել տվեց. ով մեզ հետ չէ, մեր դեմ է»,- հայտնել է Դամասկոսում ապրող ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, որի անունը չի հաղորդվում։ «Մենք նրանց ասել ենք, որ չեզոք կլինենք։ Մենք այս երկրում գտնվում ենք հյուրի կարգավիճակով եւ իրավունք չունենք միջամտել Սիրիայի գործերին»,- ասել է աղբյուրը։ ՀԱՄԱՍ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Աբու Իզզը հերքել է այն լուրերը, թե շարժման քաղբյուրոն Սիրիայից կտեղափոխվի Կատար։

Մասնագետների կարծիքով, նման տեղափոխությունը կնշանակեր Սիրիայի ազդեցության նվազում Մերձավոր Արեւելքում, քանի որ Դամասկոսում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայությունը սիրիացիներին հնարավորություն է տալիս իրենց համարել Իսրայելի դեմ պատերազմի առաջամարտիկներ։

Սիրիայում իշխանության գլուխ կանգնած են շիա ալաուիա ուղղության ներկայացուցիչները, որոնք ավանդաբար սերտ հարաբերություններ են պահպանում շիա Իրանի հետ։ Նրանք միասին բազմակողմանի աջակցություն են ցուցաբերում լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարների եւ շարքային անդամների մեծ մասը սունիներ են, սակայն նրանք՝ որպես Իսրայելի դեմ պայքարող պաղեստինյան միակ հզոր ուժ, օգնություն են ստանում Իրանից եւ Սիրիայից։ Ավելին, Դամասկոսը իր տարածքն ու ենթակառուցվածքները տրամադրել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյին, որի անդամներին Իսրայելն արգելում է մտնել պաղեստինյան տարածք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել