Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անստորագիր նամակից՝ իրավունքի վտանգում

Մայիս 04,2011 00:00

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի նկատառումները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Անահիտ Բախշյանը վերջերս մի անստորագիր նամակ է ստացել մի խումբ գործող տնօրեններից: Անստորագիր նամակի հեղինակը կամ հեղինակները,  իրենց վերագրելով մի շարք արժանիքներ, խնդրում են ԱԺ-ի միջամտությունը՝  կենսաթոշակայինին մոտ տարիք ունեցող տնօրենների հանդեպ լինել ավելի բարեհաճ եւ բավարարվել ընդամենը իրենց  վերապատրաստման դասընթացների ուղարկելով: Տիկին Բախշյանը  որոշել է հրապարակավ պատասխանել նրանց եւ հայտարարել, որ նախ՝ նամակի անստորագիր լինելը պատիվ չի բերում հեղինակներին ու աննպաստ տպավորություն է ստեղծում նամակագիրների մասին, երկրորդ՝ օրենքը միասնական պահանջ է բոլորի համար եւ հատկապես դպրոցների տնօրեններն են պարտավոր իրենց վարքագծով ու քաղաքացիական կերպարով նպաստել օրենքի կիրառման հավասարության հաստատմանը՝ առանց խտրականության: «Եթե նամակի տակ  այդ մարդիկ ստորագրած լինեին, հաստատ կճանաչեի տողերի հեղինակներին, ովքեր, ինչպես գրված է նամակում, տարիների փորձով օծված՝ մշակել են աշակերտների, ուսուցիչների, ծնողների միջեւ համերաշխություն, փոխադարձ հարգանք, վարվեցողության մշակույթ… Եթե իսկապես այդպիսին եք, ինչո՞ւ չեք ստորագրում ձեր ձեռք բերած վաստակի մասին պատմող նամակի տակ, ինչո՞ւ եք խուսափում քննությունից, ինչո՞ւ ձեր ձեռք բերած նոր գիտելիքների գնահատականով չեք ուզում օրինակ լինել ձեր աշակերտների համար, նրանց ասելով՝ այս տարիքում եւ այս պաշտոնում ես սովորեցի, որպեսզի ավելի որակյալ կազմակերպեմ քո կրթությունը, այնինչ՝ արտոնություն եք փնտրում: Եթե ստորագրեիք, ես կվերցնեի ԳԹԿ-ի ուսումնասիրությունների վերջին արդյունքները ձեր դպրոցների աշակերտների կրթության որակի մասին եւ եթե այն լիներ բավարար, գոնե բարոյական գնահատական կհնչեցնեի»,- զարմանում է պատգամավորը:

Նա հերթական անգամ իր մտահոգություններն է հայտնում այն դպրոցների մասով, որտեղ տնօրենների նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, այդ  դպրոցներում սովորող երեխաների կրթության կազմակերպման ընթացքն իրեն անհանգստացնում է. «Պատկան մարմինները վերջապես պետք է զգաստանան եւ վերանայեն դպրոցի նկատմամբ իրենց սպառողական վերաբերմունքը: Ժամանակն է, որ նրանք դպրոցին նայեն որպես կրթօջախ, որտեղ երեխայի կրթության իրավունքը պետք է իրականացվի   օրենքին համապատասխան»: Նա թվարկում է նման դպրոցներից մի քանիսը, որոնցում, Ա. Բախշյանի համոզմամբ, երեխաների կրթության կազմակերպումը վտանգված է. «Գյումրու թիվ 1 դպրոց՝ ՀՀԿ-ական Ջեմմա Ամիրխանյան տնօրենով, Երեւանի թիվ 68 դպրոց, նունպես ՀՀԿ անդամ, որի մասին բազմիցս գրվել է մամուլում,   Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոց, ՀՀԿ-ական տնօրենը  բարեբախտաբար ազատվեց աշխատանքից: Վերջերս  նամակ եմ ստացել Հրազդանից, որտեղ գրված է տեղի թիվ 11 դպրոցի տնօրենի մասին, Մելսիկ Զաքարյան, այժմ՝ ՀՀԿ-ական, հայհոյել է ուսուցչին ու նրա ամուսնուն եւ այսօր ինքն աշխատում է, իսկ երեք երեխաների հորն ու մորը զրկել է աշխատանքից: Կոտայքի մարզպետի կամայականության պատճառով  Պռոշյանի դպրոցի փոխտնօրեն Դավիթ Դավթյանն ազատվեց աշխատանքից, ով փայլուն հանձնեց հավաստագրման թե բանավոր, թե գրավոր փուլը, սակայն մինչ օրս  դատարաններում  փորձում է արդարություն որոնել ու չի գտնում…»:

Տիկին Բախշյանին նաեւ զարմացրել է  ԿԳՆ կողմից շրջանառության մեջ դրված մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն «Հանրակրթության մասին» օրենքում, այն է. գործող վաթսունն անց ու վաստակավորի կոչում ունեցող տնօրենները հանձնելու են հավաստագրման քննության միայն գրավոր փուլը. «Վստահ եմ, որ այդ անանուն նամակի հեղինակների մատը խառն է այս գործում: Ենթադրում եմ, որ նախարարությունում դեմ են եղել անստորագիր նամակով հայտնած քննություն ընդհանրապես չհանձնելու առաջարկին, կոմպրոմիսային որոշում է կայացվել՝ կհանձնեն միայն գրավոր փուլը: Համոզված եմ, որ այդ տնօրենները ՀՀԿ անդամներ են եւ հատկապես այն տնօրեններն են, ովքեր լուրջ «ներդրում» են ունենում ընտրությունների ժամանակ: Այսօր էլ ընդամենը հիշեցնելով այդ ծառայության մասին, չհանձնելով բանավոր քննություն, ուզում են ստանալ արտոնություն: Իմ կարծիքով, ԱԺ քաղաքական մեծամասնությունը՝ կողմ քվեարկելով այդ նախագծին, փաստելու է ոչ թե վաթսունն անց ու վաստակավորի կոչում ունեցողների վաստակն ու արտոնությունը, այլ նրանց բանավոր քննություն հանձնելու անկարողությունը»: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԳԹԿ տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարությանը, թե անձամբ է հետեւելու, որպեսզի բացառվի թեստերի արտահոսքը: Տիկին Բախշյանը հայտնեց, որ օրերս նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին ու ցանկացել տեղեկանալ, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում բացառելու որեւէ արտահոսք: «Նման փաստերը հեղինակազրկում են  ԳԹԿ-ի գործունեությունը, ստվեր են  գցում նրա հրապարակած  կրթության որակի գնահատման արդյունքների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել