Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈԼԵՋԻ ՀԱՐՑԸ ՕԴՈՒՄ Է

Մայիս 04,2011 00:00

\"\"Ծնողները մտահոգված են, որ ստացած ավարտական վկայականով իրենց երեխաները չեն կարող բուհ ընդունվել

Ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ սկսված «շիլաշփոթային» իրավիճակը շարունակվում է մինչեւ այժմ: Այս իրավիճակն ավելի տեսանելի դարձավ միջին մասնագիտական կրթության ոլորտում, այն հաստատությունների շրջանում, որոնք նախկինում իրականացնում էին նաեւ հանրակրթական ծրագրեր՝ մասնագիտականին զուգահեռ: Այդպիսի «մոլորված» կրթական հաստատությունների թվում է նաեւ Պարարվեստի պետական քոլեջը, որի գործունեության հետ կապված բազում հարցականներ են առաջացել ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ: Այդ է պատճառը, որ քոլեջի սաների ծնողներից շատերն այսօր կանգնած են փաստի առաջ, քանի որ չգիտեն, թե, ի վերջո, ուսման ավարտից հետո իրենց երեխաներն ի՞նչ ավարտական վկայական են ստանալու:

Այս կապակցությամբ «Առավոտին» դիմած ծնողները տեղեկացրին, որ քոլեջից իրենց զգուշացրել են, թե հանրակրթական ծրագրերի իրականացման «մասով» իրենց տրված ավարտական վկայականով երեխաները կարող են ընդունվել միայն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, քանի որ հանրակրթական ծրագրերի մասով ավարտական վկայականը չի կարող ծառայել այլ բուհեր, ասենք՝ ԵՊՀ, Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար: Ուստի ծնողները մեզ հետ զրույցում նշեցին. «Այժմ կանգնած ենք փաստի առաջ: Երբ երեխաներին ընդունում էինք քոլեջ, մեզ այդ մասին ոչինչ չի ասվել: Մենք էլ այն ժամանակ դեռ հստակ չգիտեինք, թե մեր երեխաները հաստատ պարարվեստի գծով շարունակելո՞ւ են, թե՝ ոչ: Փաստորեն, եթե մեր երեխաները որոշեն չշարունակել պարարվեստի ուղղությամբ, նրանք չեն կարող այստեղից ստացած ավարտական վկայականով դիմել այլ բուհեր, իսկ դա լուրջ խնդիր է: Սակայն դրա լուծման ճանապարհները կարծես թե չեն նշմարվում, քանի որ քոլեջում եւս մտահոգված են այդ խնդրով, այնինչ՝ նախարարությունից որեւէ պատասխան դեռ չի ստացվել»:

«Առավոտը» նշված խնդրի մասին պարզաբանումներ ստացավ Պարարվեստի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանից: Նա նշեց. «Հարցը դեռ լուծման ընթացքում է, ուստի չգիտեմ էլ ինչ պատասխանել: Մենք տալիս ենք միջին մասնագիտական կրթության նմուշի դիպլոմ, իսկ հանրակրթության մասով ստացված բոլոր ցուցանիշները մտնում են նույն այդ դիպլոմի մեջ: Կարծում եմ՝ բարձրացված խնդրի կապակցությամբ հարցերը պիտի տաք կրթության նախարարության համապատասխան վարչությանը, որը զբաղվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերով, քանի որ այդ հարցերը որոշում ենք ոչ թե մենք, այլ նախարարությունը»: Դառնալով ծնողների մտահոգությանը, թե իրենք փաստի առաջ են կանգնած, տիկին Մարկոսյանը նկատեց. «Ցանկացած ծնող, երբ երեխային տանում է հանրակրթական դպրոց, ընդունում առաջին դասարան, գիտի, որ 9-րդ դասարանից հետո, երբ երեխան ավարտի դպրոցը, պիտի գնա իր ցանկացած ավագ դպրոց: Հիմա դա է մեր համակարգը, եւ ոչ ոք չի կարող մինչեւ 12-րդ դասարան սովորել նույն ուսումնական հաստատությունում: Իսկ մեզ մոտ մասնագիտական կրթությանը զուգակցվում են հանրակրթական ծրագրերը: Իսկ արդեն 9-րդ դասարանից հետո երեխան ինքը պիտի կողմնորոշվի՝ մնա՞ քոլեջում, թե՞ գնա ավագ դպրոց»: Մեր այն դիտարկմանը՝ ենթադրենք երեխան որոշում է մնալ քոլեջում, բայց 10-րդ կամ 11-րդ դասարանից մտափոխվում է՝ ապա այդ դեպքում ի՞նչ պիտի լինի նրա ճակատագիրը, արդյո՞ք քոլեջից ստացած դիպլոմը կամ ավարտական վկայականը նրա համար կարող է օրինական փաստաթուղթ հանդիսանալ իր ցանկացած բուհն ընդունվելու համար, Հ. Մարկոսյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում էլ երեխան արդեն 9-րդ դասարանում պետք է կողմնորոշվի՝ ուր է ցանկանում գնալ, անգամ, եթե նա ավագ դպրոց էլ է գնում, կրկին պիտի կողմնորոշված լինի»:

Փաստորեն, փոխտնօրենը եւս չկարողացավ հստակ պատասխան տալ ծնողների բարձրացրած մտահոգության կապակցությամբ: Մեր եզրափակիչ հարցին՝ ի վերջո հարցի լուծման գործընթացն ո՞ւր է հասել, տիկին Մարկոսյանը պատասխանեց. «Այդ հարցով խորհրդակցում ենք մշակույթի եւ կրթության նախարարությունների հետ, չնայած գործում ենք մշակույթի նախարարության ենթակայությամբ, սակայն ամեն դեպքերում կրթական ցենզերը, լիցենզիան, կարգավիճակը որոշվում են ԿԳՆ-ի կողմից: Մեր կարգավիճակի հարցը պարզ է, մենք քոլեջ ենք, ուզում ենք մեր դիպլոմի հարցը հասկանալ»: «Առավոտի» հարցին՝ խնդիրը արդեն ե՞րբ լուծված կլինի, Հ. Մարկոսյանը պատասխանեց. «Ավագ դպրոցների համակարգին անցում կատարելուց հետո մեզ մոտ էլ ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր առաջացան: Դեռ ոչինչ որոշված չէ, հավանաբար հունիս-հուլիսին հարցը կլուծվի, քանի որ մենք հարցում ենք ուղարկել մշակույթի նախարարություն, իրենք էլ դիմել են կրթության նախարարություն: Մինչեւ այժմ մենք իրականացնում էինք 11-ամյա կրթություն, այժմ հարցն այն է՝ մենք կդառնանք 12-ամյա՞, թե՝ ոչ: Քոլեջի կարգավիճակը պարտադիր է, այդ հարցը ոչ ոք չի վճռում, դա վաղուց է վճռված, իսկ եթե զուգահեռաբար հնարավոր լինի նաեւ 12-ամյա հանրակրթական կրթություն իրականացնել, լավ կլինի: Սակայն մենք դպրոցի կարգավիճակով չենք աշխատելու, մենք քոլեջ ենք եւ աշխատելու ենք այդ կարգավիճակով»:

«Առավոտը» ԿԳՆ-ից փորձեց պարզել՝ իրենք մշակույթի նախարարությունից հարցում ստացե՞լ են բարձրացված խնդրի կապակցությամբ: Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչ միջին մասնագիտական կրթության, ոչ էլ հանրակրթության վարչությունները նման հարցում դեռ չեն ստացել: Իսկ մշակույթի նախարարությունից խոստացան բարձրացված հարցին պատասխանել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել