Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ՝ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ»

Մայիս 04,2011 00:00

\"\"Հարցազրույց բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի հետ:

– ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայաստանում գործող լրագրողն այսօր ապահովագրվա՞ծ է վտանգներից:

– Հայաստանում դեռեւս լրագրողներն ապահովագրված չեն վտանգներից: Լրագրողներից քչերն են տեղեկացված իրենց իրավունքների մասին եւ հետեւողական չեն խնդրի լուծման առումով կամ գուցե պայքարի ձեւն է սխալ ընտրվում, լրագրողը մնում է մեն-մենակ իր խնդիրներով: Լրագրողի ազատությունը կամ խոսքի ազատությունը երկրում տիրող քաղաքական գործընթացներով է պայմանավորված: Իզուր չէ, որ 1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այսինքն՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու եւ ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ Իսկ ՀՀ Սահմանադրության հոդված 27-ում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը: Սրանք թղթի վրա արձանագրված կետերն են, որոնցով լրագրողը համարվում է ապահովագրված եւ պաշտպանված:

– Այսինքն՝ պետությունը պետք է կրի պատասխանատվություն լրագրողի համար անվտանգ տեղաշարժման, հրապարակային քննադատությունների դեպքում անվտանգ միջավայր ստեղծելու գործում:

– Անշուշտ, ոչ թե պետք է կրի, այլ պարտավոր է հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել՝ իրական չորրորդ իշխանություն ունենալու ակնկալիքով: Իշխանությունը պետք է համագործակցի ԶԼՄ-ների հետ: Մյուս կողմից՝ Հայաստանում դեռեւս լրագրողների նկատմամբ անհանդուրժողականությունը շարունակվում է, եւ սրա մեղավորը, կարծում եմ, նաեւ լրագրողներն են, որովհետեւ հայկական մամուլը տարբեր գույներով է ներկայանում հանրությանը, հաճախ՝ չճշտված տեղեկատվությամբ, անձնական վիրավորանք պարունակող հոդվածներով, հաճախ չեն էլ մտածում հետեւանքների մասին:

– Ո՞րն է դրա հիմնական պատճառը:

– Ցավոք, Հայաստանում «լրագրություն» մասնագիտությունը լուրջ խնդիր ունի: Կան բազմաթիվ բուհեր, որոնք պատրաստում են լրագրողներ, բայց չկան արդյունավետությունը գնահատող կառույցներ, թե լրագրողական կրթություն ստացած քանի՞ շրջանավարտ զբաղվեց իր գործով: Ովքե՞ր են լրագրող պատրաստող մասնագետները: Եվրոպական մի շարք երկրներում, երկրորդ կուրսից սկսած, լրագրողը սկսում է մասնագիտանալ մեկ ուղղությամբ: Ասենք, օրինակ, եթե ուսանողը որոշել է մշակութային լրագրող դառնալ, նա երրորդ կուրսից սկսած՝ մասնագիտանում է եւ մանրամասն ուսումնասիրում ոլորտը: Ստանում է դասեր մշակույթի պատմությունից, մշակութաբանությունից, ծանոթանում է աշխարհի հայտնի արվեստագետների, արվեստի տարբեր ճյուղերի մասին տեղեկատվությանը, մշակութային գործիչների հետ հանդիպումներ են կազմակերպվում: Մի խոսքով, ինչքան հնարավոր է՝ ուսանողը ստանում է մշակույթի մասին բազմաթիվ գիտելիքներ: Նույնը քաղաքական, տնտեսական, հանրային կապերի մասին եւ այլն: Հայաստանում պատկերն այլ է, յուրաքանչյուր նոր լրագրող, որ մուտք է գործում լրատվամիջոց, առաջին լուրը, որը տպագրվում է, հաստատ մշակութային լուր է եւ դա է պատճառը, որ հաճախ մամուլում, ռադիոհեռուստատեսային եթերում միօրինակ, առանց վերլուծությունների, ժանրային սահմաններ չունեցող նյութերի ենք հանդիպում: Հայաստանում լրագրողներին լուրջ չեն վերաբերվի այնքան ժամանակ, մինչեւ լրագրողական կրթություն ստացած մարդիկ չհայտնվեն համապատասխան վայրերում: Ես չեմ ժխտում այն հանգամանքը, որ հաճախ ծնվում են լրագրող եւ կարեւոր չէ, թե նա ինչ կրթություն կստանա, եթե մարդը կարող է գրել, վերլուծել, համարձակ է, տեղեկացված՝ կարող է դառնալ հայտնի: Բայց խոստովանենք, որ մեզանում քիչ են տաղանդները եւ ԶԼՄ ղեկավարից էլ շատ բան է կախված՝ ինչքանով ազատ կլինի լրագրողը ստեղծագործական գործընթացում:

– Դուք դասախոսում եք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մի շարք գրքերի, գիտական հոդվածների հեղինակ եք: Ինչո՞ւ են տեսական լրագրությամբ զբաղվողները ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

– Եթե չեմ սխալվում՝ ժամանակին կար գիտական մասնագիտական խորհուրդ, որտեղ լրագրությամբ զբաղվող գիտնականները պաշտպանում էին իրենց ատենախոսությունները, պատճառներն ինձ հայտնի չեն, թե ինչու ցրեցին այդ խորհուրդը, այսօր տեսաբան լրագրողները պաշտպանում են ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհրդում: Գուցե պատճառներից մեկն այն է, որ ժուռնալիստիկա մասնագիտացմամբ քիչ դոկտոր-պրոֆեսորներ կան: Լրագրությունը իբրեւ գիտություն կզարգանա, երբ ԶԼՄ-ները սկսեն համագործակցել գիտնականների հետ: Հայաստանում տպագրվում են բազմաթիվ գիտական հոդվածներ, գրքեր, որոնք, հավատացած եմ, որ գործնական լրագրությամբ զբաղվողների քիչ տոկոսն է կարդացել: Համատեղ աշխատանքն է բացակայում, մասնագիտական քննարկումներն ու բանավեճերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել