Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամանում կա, անունը չկա»

Մայիս 04,2011 00:00

Գյուղապետի կատարած աշխատանքները չեն փաստաթղթավորվել  ու քրեական գործ է հարուցվել

\"\"Երբ համայքի ղեկավարն անփույթ է փաստաթղթային վարչարարության մեջ, դա ոչ այնքան իր մեղքն է, որքան աշխատակազմի, մասնավորապես՝ գլխավոր հաշվապահի, վստահ է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրա Մանվելյանը:

Մարզպետարանի գլխավոր իրավաբանի համոզմամբ՝պրոֆեսիոնալ հաշվապահության դեպքում համայնքապետարանները զերծ կմնան իրավական դաշտի խնդիրներից: Մի բան, որ չի հաջողվել Խորոնք գյուղին: Համայնքի հանրապետական ղեկավար Սարգիս Նահապետյանը մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք խախտումներ թույլ տալու համար, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

2009-2010թթ. Խորոնքի գյուղապետարանի կազմակերպած մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ մայիսյան հաղթանակներին առնչվող, փաստաթղթային ձեւակերպումներ չեն ստացել, հաշվապահական մատյաններում փաստացի ֆինանսական շարժ չի արձանագրվել: Գյուղի հայրենական պատերազմի երեք վետերաններին եւ ղարաբաղյան պատերազմի երեք զոհերի կանանց ստացած 15 000-ական դրամ օգնության գումարների մասին տեղեկություններն էլ են բացթողումներով արձանագրվել՝ տեղի տալով չարաշահման մասին լուրջ կասկածների: Թերություններով է ընթացել նաեւ տեղական բյուջեի հաշվին կատարվող միջհամայնքային ճանապարհահատվածի շինարարության ձեւակերպումը: «Ֆինանսների նախարարությունից եկան, ստուգեցին, ամեն ինչ մաքուր էր: Ընդամենը 10 մետր բազալտի պակաս կար, որն էլ տեղավորվում էր շինարարության մեջ թույլատրելի 3-4 տոկոս թափոնի շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է վետերաններին եւ այրիներին տրված գումարներին, ապա նրանցից ոմանք ստորագրել-ստացել էին, ոմանք՝ ոչ: Ստուգողները դա էլ պարզեցին. մարդիկ հաստատեցին, որ ստացել են: Հիմա ի՞նչ. ձեր կարծիքով ես պիտի վետերանների փողը ուտեի՞»,- «Առավոտին» ասաց Խորոնքի գյուղապետ Սարգիս Նահապետյանը, հավելելով, որ խախտումներ չհայտնաբերելու պատճառով գործը փակվել է:

Խորոնքի ղեկավարին շտապեց արդարացնել նաեւ Արմավիրի մարզպետարանի գլխավոր իրավաբանը. «Այդ միջոցառումներն էլ են իրականում տեղի ունեցել, սոցիալական օգնություններն էլ են տրվել: Միայն չգիտեմ ինչու՝ հաշվապահությունում թերացել են արձանագրել: Օգնության կարիք ունեցող ընտանիքներին ծրարներով գումարներ են տվել, բայց ստացման մասին նրանցից ստորագրություն չեն վերցրել: Սա պաշտոնեական անփութություն է, որը, ավելի ճիշտ՝ պետք է վերագրել գլխավոր հաշվապահին, քան համայնքի ղեկավարին»:

Ապրիլի 28-ին Արմավիրի մարզխորհրդի նիստում քննարկվում էր մարզի դատախազության՝«Արմավիրի մարզի Խորոնք համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու մասին» ապրիլի 19-ի միջնորդագիրը եւ քրեական գործով կատարված քննության արդյունքները: Նպատակը՝ մյուս գյուղապետերին զգոնության կոչ անելն էր՝ զերծ մնալու համար նմանօրինակ խախտումներից:

Իսկ Խորոնքի գյուղապետարանը պատրաստվում է մայիսյան առաջիկա եռատոնի առիթով հերթական 15 000-ական օգնությունը տրամադրել համագյուղացի վետերաններին եւ երեք զոհվածների այրիներին: «Կարծում եք՝ պիտի դադարեի՞ օգնություն տրամադրել»,- ասաց գյուղապետը ու ցավով հավելեց, որ ստիպված է տարեցտարի կրճատել տրամադրվող օգնության չափը՝ վետերանների նոսրացող շարքերով պայմանավորված: Խորոնքի երեք վետերաններից այսօր երկուսն են մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել