Եթե աշխատանքի ու մասնագիտության հարցը ինչ-որ կերպ լուծվում է, ապա մանկատան սաների բնակարաններով ապահովելու խնդիրը՝ դեռ օդում կախված է:
Վանաձորի մանկատանը ստեղծված կարի ուսուցման արհեստանոցի շնորհիվ այսուհետեւ աշխատանք կունենան նաեւ մանկատան շրջանավարտները: 2008 թվականին գերմանական «Շտեռնշտունդեն» ռադիոխմբագրության աշխատակից Մարգարիտա Վալխերը այցելել էր մանկատուն, ծանոթացել երեխաների հետ, ուսումնասիրել նրանց առօրյան ու հետո իր այցի մասին պատմել գործընկերներին: Նրանք էլ որոշել էին օգնել մանկատանը: Հենց մանկատան բակում բարեգործական ընկերության ֆինանսավորմամբ կառուցվեց 40 քմ շինություն, տնօրինությանը թողնելով միայն արտադրության ճյուղի ընտրությունը: «Հեռուստացույցով անընդհատ լսելով, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան կարող բանվորուհիների կարիք ունի, խորհրդակցեցինք ընկերության տնօրինության հետ եւ որոշեցինք երեխաներին սովորեցնել կարողի մասնագիտություն՝ հետագայում նույն ֆաբրիկայում աշխատելու համար»,- ասում է Վանաձորի մանկատան տնօրեն Արաշալույս Հարությունյանը: Կարի ֆաբրիկան աջակցել է կարի ուսուցման արհեստանոցին՝ սարքերով եւ ձեւվածքով: Այսօր արհեստանոցում 12-17 երեխա մի հոսքագծով կարող է սովորել կարել:
Տարիների փորձը ցույց է տվել, որ երեխաները մանկատնից հետո մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքի տեղավորման խիստ անհրաժեշտություն են ունենում: «Որպեսզի երեխաները կարողանան աշխատանք գտնել եւ իրենց մի կտոր հացը վաստակել, համաձայնության ենք եկել ֆաբրիկայի տնօրինության հետ, որ կարի ուսուցման արտադրամասն ավարտելուց հետո նրանք պետք է աշխատեն «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Մինչ այդ էլ երեխաները կենցաղային մեքենաների վրա կարել սովորում էին, ծանոթանում կարուձեւի գաղտնիքներին, սակայն դրանով աշխատատեղ չէին կարող ունենալ: Ծրագրի նպատակը միայն աղջիկներին սովորեցնելը չէ, այլ նաեւ տղաներին, որ նույնիսկ բանակում տարրական բաներն իմանան, իրենց օձիքներն ու կոճակներն առանց դժվարություն կրելու կարեն»,- ասում է մանկատան տնօրենը, միաժամանակ հավելելով, որ նոր հոսքագիծը հնարավորություն կտա մանկատան միջոցառումների համար զգեստներ կարել:
Մանկատան տնօրինությունը նախատեսում է՝ տղաներին մասնագիտացնելու համար, արհեստանոցներ բացել. ավտոգործ, էլեկտրական սարքերի վերանորոգում, փայտագործություն, կոշկակարություն: Ըստ տնօրենի, տղաները միշտ օգնում են մանկատան մասնակի վերանորոգման աշխատանքներին, նրանց մի մասը հետագայում հենց շինարար է դառնում, բայց բոլորը չէ, որ կարող են շինարարության մեջ աշխատել:
Այսօր Վանաձորի մանկատանը կան երգի, պարի, ասեղնագործության, համակարգչային ուսուցման խմբակներ: Տարբեր ծրագրերով երեխաները սովորել են խոհարարություն, վարսավիրություն եւ այլն, սակայն ոչ բոլորն են համապատասխան աշխատանք գտել:
Հ. Գ. Վանաձորի մանկատանն այժմ 101 երեխա կա, որից 44-ը հերթագրված է պետական աջակցությամբ բնակարան ստանալու համար: Միայն 6-ն է բնակարան ստացել, եւս 5-ը այս տարի կստանա, իսկ մնացածները… 2009 թվականի հունիսի 23-ին տեղեկացրել ենք, որ կասեցվել է Վանաձորի մանկատան շրջանավարտների՝ անկախ ապրելակերպի ծրագիրը: