Երեւանի բժշկական համալսարանի կողմից՝ մայրաքաղաքի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ դպրոցահասակ երեխաների 5,8% -ը համարվում է գեր, իսկ 13%-ը՝ հավելյալ քաշ ունեցող: Վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է՝ մեծահասակների, եռակի՝ դեռահասների շրջանում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Նրա խոսքերով, ինչքան վաղ տարիքում է ճարպակալումն ի հայտ գալիս, այնքան մեծանում է վտանգավորության աստիճանը: «Ճարպակալումը ոչ միայն էսթետիկական, այլեւ առողջական լուրջ խնդիր է, որին նպաստում են կալորիաներով հարուստ սնունդն ու քիչ շարժվելը: Բացի այդ, ճարպային հյուսվածքը արտադրում է նյութեր, որոնք գլխուղեղի վրա ազդելով, առաջացնում են դեպրեսիա, ինչպես նաեւ ճնշում են ակտիվ ձեւով ցանկություններին հասնելու մղումը»,- ասաց նա:,
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանն էլ տարբերակեց 2 տեսակի ճարպակալում՝ սննդակարգի խախտման հետեւանքով առաջացած եւ տարբեր հիվանդությունների, ինչպես նաեւ գենետիկայի հետեւանքով առաջացած ճարպակալում, որն ընդամենը 1% է կազմում: Ճարպակալումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական ավելի քան 1 ժամ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, քայլել, ճիշտ սննդակարգի հետեւել, նվազագույնի հասցնել գազավորված խմիչքների, շոկոլադի, ֆասթֆուդի, ճարպոտ սննդի օգտագործումը: Փոխարենը՝ խորհուրդ է տրվում ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն ուտել: Բ. Բաղրամյանի խոսքերով՝ ճարպակալումից խուսափելու համար պետք է օրական 3 եւ ավելի անգամ սնվել, քիչ չափաբաժիններով: