Լրահոս
Օրվա լրահոսը

Գազատարը ճիշտ բարձրության է

Մայիս 04,2011 00:00

Բեռնատարներն են համը հանում

Ներքին Չարբախի Արարատյան փողոցով անցնող գազատար խողովակը գրեթե ամեն ամիս վնասվում է՝ թաղամասի բնակիչներին զրկելով բնականոն գազամատակարարումից: Բանն այն է, որ այս փողոցով երթեւեկում են այնպիսի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք վնասում են այդ հատվածով անցնող գազատար խողովակը: Այդ մեքենաները շատ հաճախ բախվում են խողովակին, ինչի արդյունքում էլ գազատարը վթարվում է եւ գազի արտահոսք է սկսվում: Բնակիչների ներկայացմամբ՝ իրենք հստակ պարզել են, թե ժամանակ առ ժամանակ ինչու են զրկվում գազից, ուստի թե՛ գազամատակարարման եւ թե՛ առհասարակ երթեւեկության ու ճանապարհների համար պատասխանատուներին կոչ են անում լուրջ զբաղվել իրենց խնդրով: Նրանց ներկայացմամբ, տարիներ շարունակ այդ իրավիճակում են, սակայն որեւէ մեկը չի հստակեցնում, թե ի վերջո ո՞վ է մեղավոր. «Փոխանակ վերջնականապես մի լուծում գտնեն, որ մեքենաներն այլեւս չբախվեն խողովակին, գալիս են սվարկա անում՝ գնում: Բայց մի քանի օր հետո նորից էդ բարձր մեքենաները անցնում են ու խփում: Ախր փողոցն էլ միջմարզային փողոց է, հնարավոր էլ չէ մեքենաներին արգելել երթեւեկել այդ հատվածով»: Բնակիչների խոսքերով՝ որ իրենք մի քանի օրով գազազրկվում են, դա չարյաց փոքրագույնն է, գազի խողովակը վնասվելով՝ արտահոսք է լինում, իսկ շրջակայքում բենզալցակայաններ են գործում. «Բա որ մեկն էլ անցնի ու հենց էդ արտահոսքի ժամանակ ծխախոտ վառի. հսկայական պայթյուն կլինի, իսկ այդ հատվածում բնակելի շենքեր են»: Բնակիչները նույնիսկ «ՀայՌուսգազարդի» փոխարեն խնդրին լուծում են առաջարկում. եթե խողովակը գոնե մեկ մետրով վերեւ բարձրացնեն, ապա մեքենաներն ազատ կերթեւեկեն եւ չեն բախվի գազատարին:

Այս առնչությամբ «Առավոտը» դիմեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանն ու Ճանապարհային ոստիկանությանը: Վերջինս արձագանքելով մեր ահազանգին, տեղում ուսումնասիրեց հարցը: Ճանապարհային ոստիկանության պատասխանատուների ներկայացմամբ՝ նշյալ գազատար խողովակը կառուցված է սահմանված նորմերին համապատասխան՝ 6 մետր բարձրությամբ: Ըստ ոստիկանության, այդ հատվածով իրավունք ունեն երթեւեկել այն բեռնատարները, որոնք գետնից բարձր են 4,5 մետր: Իսկ արտերկրից ապրանքափոխադրող բեռնատարները 6 մետրից էլ բարձր են, ինչը նշանակում է, որ դրանք իրավունք չունեն երթեւեկել նշված ճանապարհով. «Վարորդները երթուղուց շեղվում են: Այդ բեռնատարների վարորդները համապատասխան մարմնից պետք է հատուկ թույլտվություն ունենան՝ թե որ ճանապարհով իրավունք ունեն անցնել: Ըստ օրենքի, դրանք պետք է գլխավոր մայրուղով երթեւեկեն»: Գազամատակարար ընկերության պատասխանն էլ կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել