Հայկական գրեթե բոլոր բանկերը խոշոր հարկատուներ են. 2010-ին բանկերը բյուջե են փոխանցել 12,9 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի մամուլի հաղորդագրությունից, երեեկ կայացել է բանկերի ղեկավարների եւ ՊԵԿ-ի նախագահի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը եւ ՊԵԿ-ի մշակած նոր մարտավարությունը։ Վերջինիս համաձայն՝ յուրաքանչյուր գործարար ՊԵԿ-ում կունենա իր «անձնական» գրասենյակը. խոսքը նոր ներդրվող էլեկտրոնային ծրագրի մասին է, որը հարկատուների եւ հարկային մարմինների միջեւ լայն շփման կատարելագործում է ենթադրում։ Ծրագրի գործարկման պահից գործարարներին կտրամադրվի ծածկագիր, որի միջոցով նրանք կկարողանան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող տվյալները՝ կատարված ներմուծումներից մինչեւ քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ եւ այլն։ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ բանկերի ղեկավարներին ասել է. «Երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները 118 միջոցառում են նախատեսում՝ եվրոպական չափանիշներով մաքսակետերի շինարարություն, հարկայինում նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, էլեկտրոնային շփում եւ այլն»։ Նա ասել է, որ ՊԵԿ-ի հետ բանկերի գործառույթների շուրջ 90 տոկոսը արդեն իսկ էլեկտրոնային է, ինչը նշանակում է, որ հարկային այցելելու անհրաժեշտություն չի առաջանում։