ՀՀ կառավարությունը պարտավորություն չունի խորհրդային տարիներից անավարտ մնացած կոոպերատիվների անդամներին իրենց կրած վնասների դիմաց փոխհատուցել:
Ի պատասխան «Առավոտի» երեկվա հրապարակման՝ «Անավարտ կոոպերատիվների անդամները կառավարությունից խոստացված փոխհատուցումն են պահանջում»՝ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը. «Պետությունը, հաշվի առնելով, որ դրամական ռեֆորմի հետեւանքով քաղաքացիները որոշակի վնաս են կրել, որոշել է դրամական օգնություն տրամադրել: Քաղաքացիները պետք է տարբերակեն նյութական օգնությունը փոխհատուցումից: Փոխհատուցման մասին խոսք չկա»:
Անավարտ կոոպերատիվների փայատերերին՝ կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու որոշումը կառավարությունը 9 տարի առաջ է ընդունել, բայց արդեն 2005-ին այն վերաձեւակերպել է ու փոխհատուցում բառը փոխարինել նյութական օգնությամբ: Պարոն Մնացականյանն էլ վստահեցնում է. «Որոշման վերաձեւակերպումից առաջ էլ կոոպերատիվների անդամները չեն փոխհատուցվել: Հստակ սահմանվել է նյութական օգնություն, ինչից հետո սկսվել է վճարների գործընթացը»: Նրա տեղեկացմամբ, այս տարվա բյուջեով վճարման գործընթացի համար գումարներ չեն նախատեսվել, բայց քաղաքացիները թող չմտահոգվեն՝ ստացված դիմումների համաձայն, կառավարությունը կվճարի բոլորին, եթե ոչ՝ այս, ապա հաջորդ տարիներին:
Ըստ նրա, մինչեւ 2008 թվականը ժամանակացույցն աշխատել է գերմանական ճշտապահությամբ, բայց տնտեսական ճգնաժամը խախտեց օրինաչափությունը. «Ներկայումս վճարները ժամանակացույցից հետ են ընկել: 2009 թվականին գումարներ ստանալու երկու կոոպերատիվի համար գործընթացն արդեն սկսվել է՝ մոտ 60 միլիոն դրամ վճարել ենք, դեռ 44 դիմում էլ հերթում են: Նախատեսված 5 կոոպերատիվից 3-ի համար վճարների գործընթացը դեռ սկսված չէ»: Պարոն Մնացականյանի տեղեկացմամբ, «Միջնաժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով նախատեսել է 200 միլիոն դրամ հաստատել եւ վճարների գործընթացը ավարտին հասցնել 2012-13 թվականների ընթացքում»: Ի պատասխան քաղաքացիների հարցերին, թե կառավարությունն ինչպես է հաշվարկում վճարների չափերը, պարոն Մնացականյանը մանրամասնեց. «Հաշվի է առնվում վճարման թե՛ տարեթիվը, թե՛ ամսաթիվը: Ըստ սրա էլ՝ հաշվարկման գործակիցները տարբեր են լինում: 1992 թվականի հունիսից հետո արված վճարների դեպքում գործակիցը զգալիորեն նվազում է: Օրինակ, եթե մինչեւ 1992 թվականը 30 հազար ռուբլի վճարած քաղաքացին կարող է ստանալ, ասենք՝ $10-20 հազար, ապա 92 թվականից հետո վճարած լինելու դեպքում այդ թիվը կարող է կտրուկ իջնել՝ մինչեւ 20-30 դրամ: Ուզում եմ ասել, որ այս պահին մենք չենք կարող քաղաքացիներին հստակ թիվ ասել, այդ ամենը մանրամասն հաշվարկի կարիք ունի, հաշվարկելիս նկատի ենք ունենում եւ այդ տարիներին դոլարի տատանման կուրսը, ինչպես նաեւ ամեն ամիս շինարարության ինդեքսի փոփոխությունը»: