Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՍ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԾՆՈՒՆԴ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ՀՅՈՒՐ ՉԵՆ ԿԱՆՉՈՒՄ

Մայիս 04,2011 00:00

\"\"ՄԱԿ-ը պարզել է, որ այսպես են շատ մարդիկ  ապրում Հայաստանում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեր բնակչության ծերացման մասին մի լուրջ հետազոտություն էր արել եւ եկել էր այն եզրակացության, որ 5-6 տարի հետո Հայաստանը դառնալու է 20 տոկոսանոց ծերացող երկիր: Այդ հետազոտությունն արվել էր 2009-ին, ընդ որում՝ Հայաստանում առաջին անգամ, որտեղից պարզ պատկերացում կարելի է կազմել, թե ինչ սոցիալական պայմաններում է ապրել այդ ժամանակ մեր բնակչությունը, քանիսը չեն կարողացել կոմունալ վճարումները կատարել, մայրաքաղաքում քանի մարդ չի ունեցել գունավոր հեռուստացույց, սառնարան, ֆիքսված հեռախոսակապ կամ բջջային հեռախոս: Նշենք, որ այդ ամենն ուսումնասիրելիս ուշադրություն էր դարձվել այն ընտանիքներին, որտեղ ապրում են 50 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ, այսինքն՝ բնակչության այն խավը, որը հիմնականում կենսաթոշակ է ստանում եւ լուրջ խնամքի, պետական հոգածության կարիք ունի:

Այս մեկուկես տարվա ընթացքում մեր երկիրը աղքատության, գործազրկության կրճատում չի ունեցել, միայն 2500 դրամով ավելացվել են թոշակները, բայց դրան զուգահեռ՝ 6 տոկոսանոց բարձր գնաճ է արձանագրվել, ավելացել է նաեւ ճգնաժամի ազդեցությունը, ուստի հստակ կարելի է ասել, որ այդ պայմաններում հազիվ թե այդ ընտանիքները կարողանային նոր հեռուստացույց կամ լվացքի մեքենա գնել, ֆինանսապես կայունություն ձեռք բերել, աշխատանք գտնել, սննդի եւ կենցաղային խնդիրները լուծելուց բացի՝ նաեւ տան համար նոր գույք գնել:

Իսկ պատկերը, ըստ հետազոտության, շատ տխուր է: Նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ շատ ընտանիքներ իրենց տանը չունեն, չեն օգտվում Բելլի հայտնագործությունից՝ հեռախոսից, առավել եւս միկրոալիքային վառարանը, համակարգիչը, տաք ջրի համակարգը ճոխություն է եւ շատերի համար՝ բարեկեցության խորհրդանիշ:

Այսպես, ՄԱԿ-ի հետազոտության համաձայն, քաղաքային բնակավայրերում՝ հատկապես Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում եւ Սյունիքում, լարային հեռախոս ունի բնակչության 79%-ը, իսկ Լոռիի, Շիրակի, Արագածոտնի գյուղական վայրերում ֆիքսված հեռախոսակապով ապահովված է 39%-ը: Գունավոր հեռուստացույց ունի ընդհանուր բնակչության 94%-ը, սառնարան՝ 92%-ը, բջջային հեռախոս՝ 62%-ը: Բնակչության մոտ 30%-ը ստիպված է ձեռքով լվացք անել, որովհետեւ չունի լվացքի մեքենա: Ըստ այդմ, ավելի վատ են, այսպես ասած, «ճոխ» ապրանքների մասին տվյալները, տաք ջրի համակարգ՝ 17%, խոհանոցային կոմբայն՝ 10%, աման լվացող մեքենա՝ 1,71%:

Երեւանի բնակչության 88%-ը տնտեսությունը վարում է մեծ դժվարությամբ եւ միայն 1,1%-ին է հաջողվում համեմատաբար հեշտ ապրել:

Այն, որ մարդիկ թե՛ մայրաքաղաքում, թե՛, առավել եւս, մարզերում ծախսունակ չեն՝ ցույց են տալիս հետազոտության բոլոր ցուցանիշները: Մեր բնակչության 70 տոկոսից ավելին չի կարողանում օրումեջ միս, հավ կամ ձկնեղեն ուտել: Ավելին՝ եթե այդ հարցումը կատարվեր ամսվա կտրվածքով, դարձյալ ՄԱԿ-ը կհայտնաբերեր, որ բնակչության մի ստվար զանգված մսեղեն իրենց ընտանիքներում տեսնում է Ամանորին կամ հատուկ տոներին:

Երեւանի տնային տնտեսությունների 60-89%-ը, կախված ընտանիքի մեծությունից, նոր հագուստ չի կարողանում գնել, հանրապետության քաղաքներում եւ գյուղերում ընտանիքների 50%-ը չունի միջոցներ՝ տունը բավարար ջեռուցելու եւ դրա համար վճարումներ կատարելու: Ընտանիքների 56%-ը չի կարողանում գոնե ծննդյան տարեդարձը, որը տարվա մեջ 1 անգամ է լինում, մի թեթեւ նշել ու հյուր հրավիրել, առանց առիթի հյուրասիրություններ աշխատում է չկատարել ընտանիքների 70-80%-ը, մարդիկ նույնիսկ Ամանոր չեն նշում՝ ծախսերից խուսափելու համար:

Այս ֆոնի վրա ՄԱԿ-ը նաեւ հարցումներ է արել, թե ընտանիքի բոլոր անդամների ամենամյա հանգստի համար որքանո՞վ է հաջողվում վճարել, գոնե 5 տարին մեկ բնակարանը կամ տունը վերանորոգել, որոնց պատասխանը պարզից էլ պարզ էր. Երեւանի ընտանիքների 7 տոկոսն է իրեն այդպիսի շքեղություն թույլ տալիս, իսկ, օրինակ, Լոռիի, Շիրակի, Արագածոտնի գյուղերից՝ 2%-ը, ընդ որում, երեւի այդ ընտանիքները հանգիստ են համարել խոպան գնալը: Ինչ վերաբերում է տունը վերանորոգելուն, հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում 92%-ը դրա հնարավորությունը չունի անգամ 5 տարին 1 անգամ:

Ուշագրավ է, որ ուսումնասիրությունների ընթացքում ՄԱԿ-ին նաեւ հետաքրքրել է, թե որոշակի խնայողություններ ունենալու դեպքում մարդիկ ո՞ր տարբերակով են նախընտրում պահել դրանք՝ բանկո՞ւմ, բարձի տա՞կ, գործի մեջ դնելո՞վ, տոկոսով կամ անտոկոս պարտք տալո՞վ, թե՞ այլ եղանակով: Պարզվել է, որ անտոկոս պարտք տալու, թանկարժեք զարդեր կամ արժեթղթեր գնելու եղանակները հայ ընտանիքները միանշանակ մերժում են: Կոտայքում, Տավուշում եւ Գեղարքունիքում դեռ վստահում են տոկոսով պարտք տալու եղանակին: Ինչ վերաբերում է արժեթղթեր գնելուն, ՄԱԿ-ի հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց է տվել Հայաստանում արժեթղթերի եւ պետական պարտատոմսերի շուկայի չկայացած լինելը եւ քաղաքացիների անվստահությունը դրանց նկատմամբ: Բավական մռայլ է նաեւ պատկերը բանկային համակարգին վստահելու առումով. խնայողություններ ունեցողների միայն 1.57%-ն է նշել, որ իր միջոցները կուզենա պահել բանկում: Բնակչության գերակշիռ մասը, որպես խնայողություն պահելու լավագույն եւ ապահով տարբերակ, նախընտրում է «բարձի տակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել