Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացվել է խոշոր գումար

Մայիս 04,2011 00:00

Բանկաառեւտրային մութ գործարքներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:

Ուսումնասիրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը՝ դատախազությունը պարզել է, որ «Անելիք բանկ» ՍՊԸ «Կենտրոնական» մասնաճյուղի կառավարիչ Հ. Աղաբաբյանը 2006թ. հունիսի 12-ին կազմել եւ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ պատասխանատու աշխատակիցներին է հանձնել 171.209 ԱՄՆ դոլարի կանխավճարի եւ 68.484 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ: Վերոհիշյալ բանկային երաշխիքների հիման վրա վերջիններս ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «ԱՍ-ԿԱ» ՍՊ ընկերության միջեւ 2006թ. հունիսի 14-ին կնքված «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան եւ Կոթի համայնքների հողերի ոռոգում» RAEDP/LCB/ CW-2006/005/3 Can (3-րդ փուլ) կապալի պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի կառուցման 684.828 ԱՄՆ դոլարի աշխատանքներն իրականացնելու համար «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկից ստանալով 649.831 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2007թ. փետրվարի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել են փաստացի չկատարված 15.006 ԱՄՆ դոլարի աշխատանքներ եւ շինարարության տեխնիկական վերահսկման մասնագետ Ս. Գասպարյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել են պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները:

Միեւնույն ժամանակ, «ԱՍ-ԿԱ» ՍՊ ընկերության աշխատակիցները, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել են իրենց վստահված գումարներից 37.759 ԱՄՆ դոլարին համարժեք 16.300.603 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը՝ արդյունքում պետությանը պատճառելով էական վնաս: Մեկ այլ դրվագով էլ «Հայխնայբանկ» ՓԲԸ «Մասիսի» մասնաճյուղի կառավարիչ Ա. Հայրապետյանը 2006թ. օգոստոսի 23-ին կազմել եւ «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ տնօրեն Ջ. Գրիգորյանին է հանձնել 191.668 ԱՄՆ դոլարի կանխավճարի եւ 95.834 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ, իսկ 2007թ. փետրվարի 6-ին՝ 60.000.000 դրամի կատարման երաշխիք: Ջ. Գրիգորյանը, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել է իրեն վստահված գումարներից 340.853 ԱՄՆ դոլարին համարժեք 121.522.717 դրամ առանձնապես խոշոր չափի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել