Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է

Մայիս 04,2011 00:00

ՌԴ քաղաքական որոշ շրջանակներ սկսել են քարկոծել Հայաստանում իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը:

\"\"

Հայաստանյան ներքաղաքական՝ մասնավորապես ու հիմնականում հենց Հայ ազգային կոնգրես-իշխանություն հնարավոր երկխոսության ու համագործակցված քայլերի համատեքստում տեղի ունեցող զարգացումներին ընդգծված խանդով են վերաբերվում ոչ միայն հենց հայաստանյան, այլեւ ռուսական քաղաքական որոշակի շրջանակներ: Այս վերջինների՝ ռուսական ու հատկապես «Կրեմլին մոտ կանգնածի» համբավ ունեցող շրջանակների այդ ընդգծված խանդը դրսեւորվեց հատկապես ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից հետո: Հաջորդ օրն եւեթ ռուսական «Ռեգնում» գործակալությունը միանգամից երկու վերլուծական հրապարակմամբ հանդես եկավ, որոնցից մեկը վերնագրված էր ՝ «Մոդեստ Կոլերով. եթե Հայաստանում իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ժամանակի մեջ ձգվի, ապա Տեր-Պետրոսյանը կանհետանա», մյուսը՝ «Հայաստանում ԱՄՆ դեսպանի առաքելությունը. ընդդիմության դավաճանությունն ու իշխանության նահանջը»: Հատկապես առաջին հրապարակման մեջ մերձկրեմլյան գործիչ համարվող եւ «Ռեգնումի» գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի վերլուծության համաձայն՝ «Հայաստանի իշխանության եւ ընդդիմության երկխոսությունը պրագմատիկ բնույթ է կրում եւ կառուցվում է իշխանությունը կիսելու շուրջ»: Նրա ասելով, առանց առարկայական բարեփոխումների այդ երկխոսությունը կհանգի նրան, որ առանց այն էլ «կծմծված» իշխանական տորթը պետք կլինի կիսել նաեւ երրորդ մասնակիցների հետ: Կոլերովը չի բացառել, որ «իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի՝ ընդդիմության ճամբարի միայն մի մասը ներկայանցող մոտեցումների մերձեցման արդյունքում կծագի երրորդ կամ չորրորդ ֆիգուր, որը հավասարապես «կուտի» երկու պայմանավորվող ֆիգուրներին էլ»: «Մյուս կողմից, այդ հաշտությունը կարող է զարգանալ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մոդելով՝ սկզբում երկխոսություն կլոր սեղանի շուրջ, իսկ հետո քայլ առ քայլ կձեւավորվի նոր կառավարություն, որը պատժում է այդ երկխոսության մասնակիցներին»: Նա նույնիսկ հիշեցրել է, որ «սոցիոլոգների գնահատմամբ, Տեր-Պետրոսյանի վարկանիշը կկորցնի 8-10 տոկոս՝ ունեցած ընդամենը 20 տոկոսանոց վարկանիշից: Իսկ եթե այդ երկխոսությունը ժամանակի մեջ ձգվի, ապա այն ընդհանրապես կանհայտանա»: Նույն հետեւողականությամբ Կոլերովը նաեւ քննադատել է իշխանությանը ու, թերեւս, նաեւ նախազգուշացրել: Այսպես, պատասխանելով այն հարցին, թե այդ պարագայում ստեղծված վիճակն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի նախագահի վարկանիշի վրա, Մ. Կոլերովն ասել է. «Ոչ մի կերպ: Ավտորիտար իշխանության կողմից զիջումները կարող են ընկալվել միայն որպես նրա թուլության արդյունք: Իսկ դա չի կարող դրականորեն ազդել վարկանիշի վրա»:

Իսկ ահա «Հայաստանում ԱՄՆ դեսպանի առաքելությունը. ընդդիմության դավաճանությունն ու իշխանության նահանջը» վերլուծականում «Ռեգնումը» գրում է. «Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում ներքաղաքական դաշտում արտաքին ազդեցության գերակայության իմաստով գերակայող է ԱՄՆ-ն: Սակայն, ըստ ամենայնի, Վաշինգտոնը որոշել է իրադարձությունները անցկացնել «թավշյա սցենարով»՝ թույլ չտալու համար մասշտաբային անկայունություն, որը հղի է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմամբ: Ի դեպ, այս մասին Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն է հայտարարել իր վերջին հանրահավաքներից մեկում: ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Հայաստանի ներքին դաշտի վերափոխումն է՝ ակտիվացնելու համար արտաքին ասպարեզում կոնկրետ խնդիրների լուծումը՝ մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որոնք Վաշինգտոնը դնում է Երեւանի առաջ»:

Իսկապե՞ս հայաստանյան ներքաղաքական դաշտում այսօր ազդեցության իմաստով դոմինանտ դեր է կատարում ԱՄՆ-ն, ու հնարավո՞ր է, որ հենց նրա միջնորդությամբ են ընթանում մոտեցումների մերձեցումն ու փոխզիջումները, որոնց ականատեսն ենք ՀԱԿ-իշխանություն փոխհարաբերություններում:

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց, թե «ԱՄՆ-ի կողմից ՀՀ ներքաղաքական դաշտով հետաքրքրված լինելը մի բան է, բայց այն, որ այս տարվա սկզբից արաբական հեղափոխությունների ֆոնին բացահայտորեն դիմում էին Հայաստանին՝ ակնհայտ է: Արեւմտյան գործիչները Հայաստանի հետ շատ պարզ էին խոսում: Շատերին թվում էր, թե դրանք ինչ-որ մեսիջներ են, ճնշման ձեւեր են, ասենք՝ Ղարաբաղի հարցում, դրա մեջ փորձում էին ինչ-որ վատ բան տեսնել: Ես, օրինակ, տեսա շատ պարզ ու անկեղծ զրույց թե՛ իշխանությունների հետ, երբ ասվում էր՝ ասել եք ժողովրդավարություն կառուցելը ճիշտ է, գնացեք կառուցեք, թե՛ հասարակության հետ՝ եթե ուզում եք, որ երկիրը երկիր դառնա՝ պայքարեք: Ոչինչ չի թաքցվել, ու ամեն ինչ շատ պարզ է ասվել, եւ ես հենց այդպես պարզ էլ ընդունում եմ»:

Քաղաքագետի ասելով, Սերժ Սարգսյանը այլոցից, թերեւս, ավելի լուրջ է վերաբերվել այդ մեսիջներին ու լավ եւ ուղիղ է հասկացել դրանք:

Ինչ վերաբերում է ՌԴ կողմից ԱՄՆ-ի «պատրոնաժությամբ» ներքաղաքական դաշտը լիցքաթափելու նկատմամբ հնարավոր խանդին, ապա Մ. Սարգսյանի դիտարկմամբ, գուցեեւ ՌԴ-ում կան քաղաքական շրջանակներ, որոնք չեն ընդունում այդ միջնորդությունը եւ ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ դա օգուտ չի բերելու Հայաստանին: Մ. Սարգսյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ գործչի տեսակետը որքանով է արտահայտում ռուսական քաղաքական վերնախավի ընդհանուր մոտեցումը Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների առնչությամբ: Քաղաքագետի կարծիքով՝ եթե նույն այն պրոցեսը, որի մասին խոսվում է «Ռեգնումում», կատարվեր ՌԴ-ի հովանու ներքո, թերեւս արձագանքն էլ այլ կլիներ. «Չնայած չեմ էլ կարծում, որ դա իսկապես այդպես է, ու միգուցե դա քաղաքական այդ որոշակի շրջանակների տպավորությունն է միայն»:

Եթե հավատանք ՀԱԿ-իշխանություն երկխոսության գոյությանը, այն էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ապա պիտի հավատանք նաեւ շրջանառվող այն տեղեկություններին, թե սեպտեմբերին ՀԱԿ-իշխանություն պայմանավորվածության շրջանակներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Նման զարգացումներ հնարավո՞ր են արդյոք, ու ընդհանրապես՝ ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը համաձայնի դրան: «Որ բոլոր կողմերը ձգտում ունեն օգտվել արտաքին այս կամ այն ազդակներից, երեւույթներից՝ կասկած չի հարուցում: Եթե որեւէ մեկը գործող իշխանական համակարգից ցանկություն ունի ինչ-որ փոփոխություններ անել իր անձնական շահերից դուրս՝ շա՜տ կասկածելի է: Հիմա կան փոփոխությունների հնարավորություններ, ու բոլորն ուզում են օգտվել դրանից կամ ստիպված են գնալ նման քայլերի, բայց դա ոչ մի կապ չունի ո՛չ հասարակական շահի, ո՛չ պետական շահի հետ: Դա պետք է, ըստ իս, շատ լավ հասկանալ: Ավելի կարեւոր է այն, թե հասարակությունը հնարավորություն ունի՞ ճիշտ ինքնակազմակերպվել, թելադրել իր կամքն ու երկիրը բերել այն վիճակի, որը ցանկանում է տեսնել»:

Մ. Սարգսյանն ասաց, որ եթե իշխանությունները հասկանան ու իսկապես գնան երկիրը համակարգային բարեփոխումների ենթարկելու ճանապարհով եւ դրան միտված քայլեր անեն՝ շրջանցելով իրենց անձնական շահերը, «դա կլինի 2 հազար տարվա պատմության մեջ ամենապայծառ էջը: Կարելի է երբեմն նման բաների էլ հավատալ, որ կարողանաս ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել