Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-Ը ԳՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔ»

Մայիս 04,2011 00:00

«Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի եւ ժողովրդի թալանը: Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետեւանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափելու եւ հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ: Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության եւ համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ: Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որեւէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում»,- ասված է «Սարդարապատ» նախաձեռնության երեկ տարածած հայտարարության մեջ։ Ըստ «Սարդարապատի», համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական եւ հասարակական ընդդիմադիր միավորների միջեւ, եւ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս. «Ապրիլի 28-ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին: Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ՝ ձերբազատվելու իրեն կեղեքող որեւէ ռեժիմից: Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել եւ առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար եւ պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ: Յուրաքանչյուր մտահոգ անձ, ով իրապես զգում է հայրենիքին սպառնացող վտանգը, կարող է, ուստի եւ պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել