Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը բարյացակամ չէ

Մայիս 04,2011 00:00

ՀԱԿ-ն է պահանջկոտ

\"\"Երեկ lragir.am-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանելով այն հարցին, թե՝ ինչո՞վ է պայմանավորված Կոնգրեսի այն մարտավարությունը, որով նա ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ՀԱԿ-ի՝ տուն գնալու որոշումից դժգոհ մարդկանց համոզում էր հրաժարվել նստացույց անելուց, նախ ասել է, թե ստեղծված իրավիճակը շատ բնական էր, որի մասին ՀԱԿ-ը ժամանակին զգուշացրել էր. «Երկրում ստեղծվել է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, մեծագույն լարվածություն, ժողովուրդն անտանելի իրավիճակում է գտնվում, որեւէ հարց չի լուծվում: Այս կլանային-օլիգարխական մոնոպոլիստական համակարգը շարունակում է խեղդել տնտեսությունը, որի արդյունքում գների՝ ոչնչով չհիմնավորված ահավոր աճ կա: Այս իրավիճակում մենք զգուշացրել էինք, որ գալու է պահ, երբ ժողովուրդը կարող է թքել եւ ՀԱԿ-ի կարծիքի վրա, եւ ԼՂ խնդրի հետ կապված արգելանքների վրա եւ ընդվզել: Եվ ահա նման ազդանշան ունեցանք մեր նախորդ հանրահավաքի ժամանակ: Իհարկե, մենք տվեցինք հիմնավորումներ, թե ինչու ապրիլի 28-ը չպետք է դառնար ջրբաժանի օր. մեր փաթեթային երեք պահանջներից երկուսը կատարվել էր, եւ երրորդի վերաբերյալ տրվել է հավաստիացում, որ կատարվելու է մոտ ժամանակներս՝ մայիսի 28-ին: Եվ բնական էր, որ մենք մեր հաջորդ հանրահավաքը ցանկանում ենք անել մայիսի 31-ին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: Նման ժամանակ չտալն ուղղակի չէր ընկալվի ոչ հասարակության, ոչ մանավանդ՝ միջազգային հանրության կողմից: Կստացվեր, որ չնայած իշխանությունները գնում են պահանջվող զիջումների, մենք ուղղակի ֆորմալ առիթ ենք փնտրում իրավիճակը սրելու նպատակով: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ընդդիմությունը կարող է պահանջներ դնել իշխանությունների դիմաց եւ հասնել դրանց իրականացմանը: Եվ քանի դեռ այդ պրոցեսը գնում է, եւ ակնհայտ է, որ մենք լուրջ ձեռքբերումներ ունենք, չէր կարելի այդ պրոցեսը փչացնել: Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ես էլ համոզեցի մարդկանց՝ չնստել անժամկետ նստացույցի: Ճիշտ է, դա լուրջ ջանքեր պահանջեց: Ստիպված էի խոստում տալ, որ մայիսի 31-ին իրենց հետ միասին ինքս կնստեմ նստացույցի: Թեեւ ես վստահ եմ, որ, հաշվի առնելով ընթացող քաղաքական պրոցեսի ամբողջ տրամաբանությունը, իշխանությունները կատարելու են խոստումը, բայց ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք թերահավատությամբ են մոտենում իշխանությունների խոստումներին: Իշխանություններն իրենք են դրա առիթները տվել, ուստի՝ մարդկանց անհանգստությունը հիմնավորված էր: Բայց նրանք էլ պիտի հասկանան, որ երեք տարվա համառ պայքարի արդյունքում քաղաքական իրավիճակ է փոխվել: Այդ փոփոխված իրավիճակն է իշխանություններին ստիպում գնալ զիջումների, եւ մեր մարտավարությունը հիմա հետեւյալն է. այնքան ժամանակ, ինչքան դա կշարունակվի, այդ գործընթացին պետք է ամեն կերպ նպաստել»:

Մեկնաբանելով իշխանությունների կողմից ՀԱԿ-ի 3 պահանջների կատարման ուղղությամբ դրսեւորած բարյացակամությունը, ինչը չէր դրսեւորվել անցած երեք տարիներին, Լ. Զուրաբյանն ասել է, թե՝ «ոչ մի բարյացակամություն էլ չկա: Ոչ ոք մեր սիրուն աչքերի համար զիջումներ չի կատարում: Կատարվել է հետեւյալը՝ երեք տարի շարունակ Կոնգրեսը պայքարում էր, եւ իշխանությունները վստահ էին, որ Կոնգրեսը չի դիմանա այդ հալածանքներին, կմաշվի, հատկապես, որ ընտրական պրոցեսներ չկան: Իշխանությունները տեսան, որ Կոնգրեսը մնաց որպես կայուն, ինստիտուցիոնալ կառույց եւ նրանց չհաջողվեց ջարդել Կոնգրեսին: Ավելին, վերջին հանրահավաքները ցույց տվեցին, որ նրա ուժը շեշտակի աճում է:

Դրան ավելացավ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը ժողովրդին ուղղակի ոտքի է հանել, եւ վերջապես՝ փոխվել է միջազգային մթնոլորտը՝ կապված արաբական հեղափոխությունների հետ: Միջազգային հանրությունն ավելի անհանդուրժող է դարձել դիկտատորների նկատմամբ եւ ավելի հակված՝ պաշտպանելու ժողովրդավարական շարժումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել