«Պաշտոնապես» հայտարարում է Գալուստ Սահակյանը
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություններ է անում, եւ հետո ամբողջ քաղաքական դաշտն սկսում է քննարկել այդ հայտարարությունները, ընդ որում, ինչը զարմանալի է, իրենց լիդերի հայտարարությունները նույնքան հետաքրքրված քննարկում են նաեւ ՀԱԿ անդամները՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե իրենք եւս բոլորիս պես առաջին անգամ հենց հանրահավաքում են լսել դրանք: Իր հերթին հայտարարություններ է անում երրորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ վերջինիս հայտարարությունները եւս նույնքան հետաքրքրված սկսում են քննարկել քաղաքական դաշտի ակտիվիստները, այդ թվում՝ նաեւ կոալիցիայի անդամները, եւ նույնպիսի տպավորություն են ստեղծում, որ կարծես առաջին անգամ են լսել իրենց լիդերի հայտարարությունները: Առաջին նախագահը ՀԱԿ վերջին հանրահավաքում, ի թիվս այլ հետաքրքիր բաների, խոսեց նաեւ «կիսաբաց» դռան մասին: Թե ինչ է սա ենթադրում եւ ինչ է ակնարկում՝ քաղաքական ուժերը դեռ քննարկում են։
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում մեր խնդրանքով անդրադառնալով կիսաբաց դռների թեմային՝ ասաց. «Քաղաքականության մեջ ընդունելի չեն ոչ փակ եւ ոչ էլ կիսաբաց դռները: Մեր դռները միշտ էլ բաց են եղել, այսօր էլ են բաց, առավել եւս, պիտի նշեմ, որ երկխոսության թեման, չգիտես ինչու, ոմանք դարձրել են փիլիսոփայական կատեգորիա, որը անհասկանալի է: Իսկ ինչի՞ մասին պիտի երկխոսենք: Մենք բազմիցս ենք կրկնել, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրա համար չկան հիմքեր: Հիմա էլ ՀԱԿ-ը ներկայացնում է, թե պիտի երկխոսենք արտահերթ ընտրությունների թեմայով: Նորից պաշտոնապես կրկնում եմ՝ դա չի կարող լինել, քանի որ այսօր արտահերթը հասարակական պահանջ չէ: Մենք մեր գործն ենք կատարում, իրենք իրենց քաղաքական ուղին հարթելու համար զանգվածային միջոցառումներ են անցկացնում: Մենք գնում ենք մի ճանապարհով, որը չորս բառով կարելի է կոչել՝ երկրի կայունության ապահովման ճանապարհ: Երկրի կայունության առկայության պայմաններում են լինում տնտեսական հաջողությունները, եւ երկիրն ամրանում է: Իսկ եթե քաղաքական դաշտում կայունություն չկա, բնականաբար, շատ դժվար է կայունություն ստեղծել ամբողջ պետության ներսում: Մենք դաշտը տեսնում ենք կայունացվող վիճակում, որովհետեւ առաջիկա ընտրությունները հնարավորություն կտան յուրաքանչյուր քաղաքական ուժի մինչեւ վերջ տանել իր մշակած ռազմավարությունը»:
Ի պատասխան մեր այն դիտարկման, որ եթե ՀԱԿ-ի ուզածները հերթով կատարվում են, ապա ինչո՞ւ չպետք է կատարվի նաեւ արտահերթ ընտրությունների պահանջը, կամ եթե չկատարվեն, հնարավո՞ր է իրավիճակի նոր լարվածություն, Գալուստ Սահակյանն ասաց, թե իրենք ոչ թե ՀԱԿ-ի ասածներն են կատարում, այլ որպես իշխանություն՝ իրենց գործն են անում, իսկ ՀԱԿ-ը մի խնդիր ունի, այն է՝ իր կողքին պահել ընտրազանգվածը. «Ընտրազանգվածն իրենցից հեռանում էր, որովհետեւ մեր ժողովուրդը կոշտ տրամաբանության ժողովուրդ չէ, մեր ժողովուրդը քաղաքականացված չէ: Իրենց շուրջն էին մարդիկ, որոնք տարբեր պատճառներով էին այդտեղ հայտնվել՝ կամ վիրավորված էին իրենց սոցիալական վիճակից, կամ իրավունքների ոտնահարման հարցերում խնդիրներ ունեին: Սա էր պատճառը, որ բացի ՀԱԿ հանրահավաքների կազմակերպիչների, այսպես կոչված, էլիտար խավից, զանգվածային միջոցառումներում մտավորականների խմբեր չկային: Իսկ երկրի խնդիրները առաջին հերթին զգալի են դարձնում մտավորականները»:
Նկատեցինք, որ ասվածն այնքան էլ իրականության հետ կապված չէ, քանի որ ՀԱԿ-ում կան մտավորականներ՝ որոշ չափով, իսկ մյուս կողմից՝ ի՞նչ մտավորականության մասին է խոսքը, երբ այսօր մտավորականների մեծ մասն այնտեղ է, որտեղ հաց կա, եւ կան դափնիներ: Գալուստ Սահակյանը նկատեց. «Ցանկացած մտավորական անհատ է եւ կոլեկտիվ չի կարող դառնալ, բայց եթե լինում են ծայրահեղ իրավիճակներ, մտավորականը իր գիտելիքների պաշարով կարողանում է հասարակությանը իր հետեւից տանել, եւ այդպես չի, որ մեր մտավորականները ծախված են եւ սիրահարված են իշխանություններին, պարզապես քաղաքական իրավիճակն այդքան լարված չէ: Մենք կարող ենք ՀԱԿ-ի հետ միայն մի կետի շուրջ ոչ թե երկխոսել, այլ համագործակցել. լավ ընտրություններ անցկացնելու շուրջ»:
Նկատեցինք, որ այդ դեպքում ինչո՞ւ չեն միանում ՀՅԴ նախաձեռնությանը: Գալուստ Սահակյանն ասաց, թե ինքը ընդունում է Դաշնակցության այդ մոդելը, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոդելը պիտի ստեղծի. «Առավել եւս ԸՕ վերջին փոփոխություններն այնպիսին են, որ չեմ կարծում, թե որեւէ քաղաքական ուժ որեւէ հանձնաժողովում կկարողանա իր համար լիդերային իրավիճակ ստեղծել»:
Իզուր այս ու այն կողմ չընկնելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավարին ուղղակի հարցրինք՝ ինքը 2012-ի խորհրդարանում տեսնո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհրդարանի նախագահի տեղում, մանավանդ՝ մամուլն այս մասին նույնպես գրում է: «Ասեմ հետեւյալը. որեւէ քաղաքագիտական վերլուծություն չի կարող բերել-հանգեցնել նրան, որ գոնե Հանրապետականը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-որ գաղտնի հանդիպումներ ունենա եւ ինչ-որ գաղտնի ծրագրեր ունենա, չի կարող, որովհետեւ նախ՝ նրա թիմը խայտաբղետ է, տարբեր գաղափարների մարդիկ են, եւ հետո՝ չեմ կարծում, որ մենք այնքան հագեցած չենք մարդկանցով, որոնք կկարողանան այդ բեռը տանել»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ Գալուստ Սահակյանի, ՀԱԿ-ը Ազգային ժողովում կունենա որոշակի դերակատարություն, բայց. «Չեմ կարծում՝ դա կլինի այն դերակատարումը, որը կտանի իրենց երազած ծրագրերին, քանի որ չեմ էլ կարծում, թե մեր ժողովուրդը դրան կգնա, որովհետեւ ի վերջո ձայնը ժողովուրդն է տալու, իսկ եթե (խոսքը առաջին նախագահի եւ նրա թիմի մասին է- Մ. Ե.) նորից նույն կշիռով եւ նույն գաղափարներով պիտի գնան, իսկ մարդը կամ թիմը չի կարող անընդհատ փոփոխվել, ապա դա, կարծում եմ, վտանգավոր է ոչ միայն մեր պետության, այլեւ տարածաշրջանի համար»:
Գալուստ Սահակյանի հետ զրույցի ավարտին կրկին վերադառնալով կիսաբաց դռների թեմային՝ հարցրինք, թե ինքն անձամբ ի՞նչ է տեսնում կիսաբաց դռնից այն կողմ: ՀՀԿ փոխնախագահը խոստովանեց. «Ճիշտն ասած, ես երբեք կիսաբաց դռան մոտ չեմ կանգնել, ովքեր կանգնել են եւ գողունի նայում են հասարակությանը, նրանց կարելի է հարցնել»: