Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ «ԴԱՍԱԿԱՆ» ՁԵՎՈ՞Վ

Մայիս 04,2011 00:00

\"\"«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը վստահեցնում է, որ ավազակապետությունը պատասխան է տալու:

– Հնարավո՞ր է, որ երկխոսության կիսաբաց դռների քաղաքականության արդյունքում վերանայվի «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամությունը ՀԱԿ-ին, քանի որ ժամանակին սկզբունքային անհամաձայնություններ ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հետ՝ կուսակցության վարչությունն այնուհանդերձ որոշում կայացրեց ՀԱԿ-ին անդամակցելու մասին՝ ոգեւորված ավազակապետություն կազմաքանդելու հեռանկարով:

– Համաձայն լինելով ձեր հարցադրման ենթատեքստի հետ՝ ասեմ, որ մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը եւ երբեւիցե նման քայլի չենք գնա: «Հայրենիք ու պատիվը» մնալու է ՀԱԿ-ի անդամ:

– Ինչո՞ւ:

– ՀԱԿ-ը նպատակ է դրել ազատվել ավազակապետությունից եւ հետամուտ է հռչակված 15 հարցերին: Դրանցից երեքն առանձնացվել, առաջ են բերվել, բայց 12-ն էլ ընթացքում են: Ավազակապետությունը կազմաքանդելու հարցը ՀԱԿ-ի օրակարգից դուրս չի եկել: Եթե դուրս գա, մենք առաջինը կլինենք, ով կընդդիմանա ՀԱԿ-ին: Բայց նման խնդիր չկա: Ես շատ ուշադիր հետեւում եմ այս առիթով քաղաքական դաշտում ընթացող բոլոր զրույցներին եւ զարգացումներին. այդ բոլորը դատարկ բաներ են: Չկան ոչ գաղտնի բանակցություններ, ոչ էլ գաղտնի պայմանավորվածություններ: ՀԱԿ-ի առաջնային խնդիրը շարունակում է մնալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Շահարկել, որ երկխոսություն կամ ինչ-որ այլ բաներ կան՝ ծիծաղելի է: Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ասաց, որ մենք գնալու ենք իշխանափոխության, բայց եթե իշխանությունը կատարի առաջնահերթ պահանջները, այդ ժամանակ կնստենք սեղանի շուրջ եւ կբանակցենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շուրջ: Հիմա, չգիտես ինչու, բոլորը շահարկում են: Եվ իշխանական ճամբարից հնչող «երրորդ ուժի» մասին բոլոր խոսակցությունները միայն իրենց ցանկությունը կամ պատվերն են:

Գուցե իրադարձություններից մի փոքր առաջ եմ ընկնում, բայց իշխանական բուրգը, ռեժիմը չի հասկանում, որ ընթանում է իշխանական բուրգի շատ գրագետ փլուզում, եւ դա իրականացնում է ՀԱԿ-ը:

– Բայց երեք տարվա պայքարից եւ ռադիկալ դիրքորոշումից հետո այս «կիսաբաց դռները» ակտիվ հասարակության մոտ հիասթափություն են առաջացնում:

– Ռադիկալ գործողություննե՞րն են ի նպաստ երկրի, թե՞ տարվող ճիշտ եւ գրագետ քաղաքականությունը՝ առանց երկրում իրավիճակն անկայունացնելու՝ գնալ իշխանափոխության: Ժողովուրդը ժամանակին կկողմնորոշվի եւ կգա հանրահավաքի: Այ, կտեսնեք, թե ամսվա վերջին, երբ քաղբանտարկյալ տղաներն ազատ լինեն, ինչքան մարդ կգա հանրահավաքի:

– Իսկ ինչո՞ւ ընդամենը մեկ ամիս առաջ կտրուկ դիրքորոշում ունեցող Սերժ Սարգսյանն այսպես միանգամից «փափկեց»:

– Իմ կարծիքով՝ առաջին գործոնը երկրի ներսում օրեցօր խորացող բարդ սոցիալական իրավիճակն է: Երեք տարի է՝ Սերժ Սարգսյանը նախագահ է, ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվել, սննդամթերքը եւ առաջին օգտագործման ապրանքատեսակները բազմաթիվ անգամներ թանկացել են: Ժողովուրդն ապրել չի կարողանում: Ապա՝ մենք քանիցս ենք ասել, որ գործող ռեժիմը փակուղի է մտցրել արտաքին քաղաքականությունը: Մենք արցախյան հարց ունենք, մի մոռացեք: Երրորդ՝ այժմ չկան Արեւմուտքից, ՌԴ-ից տրվող լայնածավալ նվիրատվությունները եւ ներդրումները, քանի որ կարծում եմ՝ բոլորն էլ համոզվեցին, որ ավազակապետությունն այդ գումարներով սեփական գրպանն է հարստացնում եւ ոչ թե տնտեսական, գիտակրթական ծրագրերի վրա են դրանք ծախսվում: Կարող եմ եւս տասնյակ նման պատճառներ բերել: Ինչ-որ ՀՀԿ-ականներ դեռ շարունակում են բարբաջել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Աբսուրդ եւ հիմարություն, այն պարագայում, երբ տարբեր եվրոչինովնիկներ անգամ քանիցս արձանագրեցին, որ Հայաստանում կան քաղաքական միտումներով կալանավորված տասնյակ, հարյուրավոր մարդիկ:

– Գուցե իշխանությունն իր այս պահվածքով փորձում է ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրություններ, որոնք արդեն մեկ տարի հետո են կայանալու:

– Մեկ օր էլ շուտ պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Իշխանությունն այլեւս դիմակայելու ռեսուրս չունի, եւ ես արդեն ասացի, որ ՀԱԿ-ի հավասարակշիռ, համբերատար քաղաքականության արդյունքում գնում է իշխանական բուրգի դասական կազմալուծում: Իրենք առանց այդ էլ պատասխան տալու խնդիր ունեն. «հոկտեմբերի 27», «ապրիլի 13», «մարտի 1», «Պապլավոկ» եւ այլն: Իրենք այս ընդառաջ քայլն անում են ոչ թե ժամանակ շահելու եւ հերթական ընտրությունների գնալու, այլ այս ամենը մեղմացնելու համար:

– ՀԱԿ օրակարգում արտահերթ ընտրությունների պահանջը մնո՞ւմ է:

– Դա Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ ասաց. ՀԱԿ-ի երեք առաջնահերթ եւ 12 օրակարգային պահանջները կատարելու դեպքում՝ երկխոսելու ենք միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել