Երեկ Երեւանում, կեսօրին, Հրազդանի կիրճում Mercedes մակնիշի 05 ՕՏ 587 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Իտալիայում ուսանող 19-ամյա Անանիա Հարությունյանը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշներին եւ մայթեզրից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնվել Հրազդան գետում: Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, գետում հայտնված վարորդին ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին Հրազդանի կիրճում գտնվող՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 26-ամյա բնակիչ Ռաֆիկ Մակարյանը: Ա. Հարությունյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ արդեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները՝ հասկանալով, որ իրենցից առաջ Ռաֆիկ Մակարյանն արդեն իրականացրել է փրկարար առաքելությունը, երիտասարդին առաջարկել են աշխատանքի անցնել փրկարար ծառայությունում: Երիտասարդը ընդունել է առաջարկը: