Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ՝ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Մայիս 03,2011 00:00

Կամ՝ Էլդա Գրինի «Ձեռքերը»

Հոգեբան, արձակագիր Էլդա Գրինի «Ձեռքերը» ժողովածուն բացառիկ նշանակություն ունի հայ գրականությունը՝ աշխարհին ճանաչելի դարձնելու առումով: Այն ներառում է պատմվածքի հայերեն ու ռուսերեն բնագրերը, արեւմտահայերեն փոխադրությունը, 32 լեզվով թարգմանությունները: Դրանք կատարվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներից եւ հրատարակվում են առաջին անգամ՝ բացառությամբ երեքի, որոնք նախապես տպագրվել էին մամուլում: Մշակութային կարեւոր իրողություն է հատկապես այն, որ առաջին անգամ իսլանդերեն ու լյուքսեմբուրգերեն լեզուներով հայ գրականությունից նմուշ է թարգմանվել: Պատմվածքը գրվել է 1983 թ.՝ ամփոփվելով «Ուզում ենք գեղեցիկ ապրել» եւ «Երազների տիեզերք» ժողովածուներում: Հայ կյանքի, ընտանեկան հարաբերությունների, կնոջ հոգեբանության գեղարվեստական խտացումն է այն՝ կենսագրական տարրի նուրբ համադրումով: «Երիտասարդ հարսի ձեռքերը ոչ ոք չի գովում: Երբ սիրուն էին, վախենում էին, որ չեն աշխատի, երբ փոխվել են, ասում են՝ այս ինչ ձեռքեր են, գոնե մի քիչ խնամք ցուցաբերի… Փոխվել են գեղեցիկ ձեռքերը, բայց հօգուտ մարդկանց, հասարակության, հօգուտ մարդկային ցեղի շարունակության»,-հարցազրույցի ժամանակ այսպես մեկնաբանեց Է. Գրինը:
«Ձեռքերը» հնարավորինս շատ լեզուներով թարգմանելու եւ առանձին գրքի մեջ ամփոփելու գաղափարը բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանինն էր: «Երեք տարի առաջ ինձ դիմեցին ամերիկյան «Translation» հանդեսից, որ հայ գրականության նմուշ ներկայացնեմ անգլերեն թարգմանությամբ: Ես առաջարկեցի «Ձեռքերը» պատմվածքը: Այնուհետեւ մի շվեդահայ ընկերոջ հետ թարգմանեցի շվեդերեն եւ մտածեցի՝ իսկ հետաքրքիր է՝ քանի՞ լեզվով կարելի է թարգմանություն ապահովել: Դիմեցի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայրենակից եւ օտարազգի ընկերների՝ առաջարկելով միանալ նախագծին: Անդյունքում ունեցանք այս պատմվածքը՝ 35 լեզվով, որը դարձավ ժողովածու»,- ասում է Բախչինյանը: Թարգմանչի գնահատմամբ՝ հոգեբանական պատմվածքի ու լակոնիկ արձակի մի տիպիկ նմուշ է այս գրությունը, որտեղ կենցաղայինը եւ հոգեբանականը զարմանալիորեն միաձուլված են. «Ինձ հատկապես ցնցել էր այն, թե ինչպես կարող են ավանդապաշտությունը եւ նահապետականությունը դեմ լինել գեղեցկությանը, թե ինչպես կարելի է այդքան պրագմատիկ լինել գեղեցկության հանդեպ: Սա մի ասպեկտ է, որը վերածվում է հոգեբանական դրամայի, ինչը երկուսուկես էջում Էլդա Գրինը շատ վարպետորեն է տվել»: Հայ գրականությունը աշխարհով մեկ շատ քիչ է ներկայացված, ուստի նման տիպի ցանկացած նախաձեռնություն, Ա. Բախչինյանի մեկնաբանությամբ, այդ բացը լրացնելու հսկայական դեր ունի:
Սակայն գրքի հրատարակությամբ չի վերջանում հետաքրքրությունը Է. Գրինի գրականության հանդեպ: Պատմվածքը վերահրատարակվում է Իսրայելի, Ռումինիայի, Հունգարիայի, Սիրիայի գրական մամուլում: Այժմ Երեւանում ապրող հունգարահայ Լասլո Դայբուկատի հունգարերեն թարգմանությամբ Տրանսիլվանիայի «Լատո» գրական հանդեսը «Ձեռքերից» բացի, լույս է ընծայել նաեւ հեղինակի «Կտուրի ծաղիկը» եւ «Ճիչը» պատմվածքները:  Որոշ թարգմանիչներ՝ գերմանացի, հունգարացի եւն, ցանկություն են հայտնել այլ ստեղծագործություններ եւս թարգմանել Է. Գրինից եւ հայ գրականությունից առհասարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել