Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եզրափակիչը՝ մայիսի 11-ին

Մայիս 03,2011 00:00

\"\"Մայիսի 11-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» եզրափակչի մասնակիցները հայտնի են: Մեկ շաբաթ առաջ Երեւանի «Միկան» «Բանանցի» հետ լարված պայքարում առաջինը նվաճեց վճռական խաղի ուղեգիրը, իսկ ապրիլի 27-ին «Ուլիս»-«Շիրակ» խաղում գյումրեցիները պայքարից դուրս մղեցին գավաթային մրցակցությունում իրենց ճանապարհին հանդիպած վերջին թիմին:
Այսպիսով, եզրափակչում միմյանց դեմ են դուրս գալու գավաթային ամենահաջողակ ու եզրափակիչների ամենաանհաջողակ թիմերը՝ «Միկան« ու «Շիրակը»:
Գյումրեցիները եզրափակիչ են վերադառնում 12 տարվա ընդմիջումից հետո ու տրամադրված են մարտականորեն:  Իր պատմության ընթացքում միայն երեք անգամ հայտնվելով եզրափակչում՝ «Շիրակին» մինչ օրս չի հաջողվել գոնե մեկ անգամ վեր բարձրացնել Անկախության գավաթը: Երկու դեպքում գյումրեցիների ճանապարհին կանգնել է «Արարատը», իսկ վերջին անգամ՝ 1999 թվականին, թիմին խանգարեց «Ցեմենտը»:
Դրանից միայն մեկ տարի անց՝ 2000-ին, «Շիրակի» այսօրվա մրցակիցը՝ «Միկան», սկսեց իր ելույթները գավաթի խաղարկությունում ու միանգամից հասավ հաջողության՝ եզրափակչում պարտության մատնելով «Զվարթնոցին»:
Հետաքրքիր է, որ «Միկան», ի հակադրում «Շիրակի», իր պատմության ընթացքում հինգ անգամ է հանդես եկել եզրափակչում ու բոլորում էլ նվաճել է ֆուտբոլի Հայաստանի գավաթակրի տիտղոսը: Սակայն վերջին չորս տարիներին «Բանանցը» անհաղթահարելի արգելք էր դարձել «Միկայի» համար: Վիճակահանության քմահաճույքով 2007 թվականից ի վեր կիսաեզրափակիչ զույգերից մեկը կազմում էին «Միկան» ու «Բանանցը» եւ բոլոր չորս դեպքերում էլ հաջողությունն ուղեկցում էր առաջին գավաթակրին՝ «Բանանցին»: Մրցաշրջան 2011-ը «Միկայի» համար տխուր այս ավանդույթին վերջ դրեց: Սեփական հարկի տակ առաջին խաղն ավարտելով 3:3 անբարենպաստ հաշվով՝ «Միկան» ուժերը հավաքեց ու պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնեց՝ առանց այն էլ «մաշված» «Բանանցին» թողնելով առանց եզրափակչի: Այժմ փորձության հերթը «Շիրակինն» է, քանի որ դեռ ոչ մի թիմ եզրափակչում  չի կարողացել կոտրել «Միկայի» մարտական ոգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել