Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Հայաստանի լավագույն գրոսմայստեր, հավակնորդների մրցաշարի մասնակից Լեւոն Արոնյանը 2808 միավորով եզրափակում է աշխարհի ուժեղագույնների եռյակը: Նրանից առաջ են միայն Վիշվանաթան Անանդը՝ 2817 ու Մագնուս Կարլսենը՝ 2815: Նշենք, որ միայն այս երեք գրոսմայստերներն են, որոնց անհատական վարկանիշը գերազանցում է 2800-ի նշագիծը:
Մեր հանրապետությունից Top-100-ում են նաեւ.
35. Սերգեյ Մովսիսյան՝ 2705
72. Վլադիմիր Հակոբյան՝ 2669
79. Գաբրիել Սարգսյան՝ 2663:
Ֆրանսիացի հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 2661 անհատական վարկանիշով 82-րդն է: Ի դեպ, Տիգրանն օրերս Լիլ քաղաքում ավարտված «LUC Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, նվաճեց հաղթողի կոչումը:
Կանանց դասակարգման մայիս ամսվա վարկանիշային ցուցակում գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ընդհուպ մոտեցել է լավագույն տասնյակին: Նա այժմ 2699 գործակցով 14-րդ շախմատիստուհին է աշխարհում: Իսկ առաջատարների եռյակը կազմում են հունգարուհի Յուդիթ Պոլգարը, հնդիկ Համփի Կոներուն եւ Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը:
Կանանց լավագույն հարյուրյակում Լիլիթ Մկրտչյանը 31-րդն է՝ 2468 գործակցով, իսկ Լիլիթ Գալոյանը 2377-ով՝ 87-րդը:
Շախմատային երկրների դասակարգումում Հայաստանը չորրորդ շախմատային տերությունն է՝ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Չինաստանից հետո: