Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերայում կարգերը վերացրել են

Մայիս 03,2011 00:00

\"\"Մեներգիչներն էլ իրենց խմբի պրոֆեսիոնալ ղեկավար են պահանջում

«Առավոտը» վերջերս անդրադառնալով Ազգային օպերային թատրոնում մեներգիչների որակավորման գործընթացին, կարծես կանխատեսել էր, որ որակավորում-մրցույթը վերածվելու է ձեւական միջոցառման, մտահոգություն ստեղծելով մեներգիչների պրոֆեսիոնալ տարբերակումներ ձեւավորելու գործում: Մենք չսխալվեցինք. ավելին, ոչ թե չփոխվեցին մի շարք երգիչ-երգչուհիների կարգերը, այլ ինչ-որ մեկի «հանճարեղ» մտահղացմամբ ընդհանրապես վերացվեց կարգ հասկացությունը, փոխարենը չառաջարկելով որեւէ նոր կամ աշխարհի այլ օպերային թատրոններում ընդունված մեխանիզմ: Օրինակ, մի շարք առաջատար թատրոններում («Մետրոպոլիտեն», «Լա Սկալա», «Բոլշոյ», «Մարիինյան» եւ այլն) մեներգիչների խմբում մշտական գրանցում ունեցողների հետ կնքվում են տարիֆային պայմանագրեր, սահմանելով ամսական եւ ելույթային վճարների չափը: Այդ երգիչները համարվում են պրիմա եւ վարձատրվում են բարձր դրույքաչափով: Այդ թատրոններում մրցույթները անց են կացվում հենց այդ տեղերի համար, այսինքն՝ տարին մեկ անգամ յուրաքանչյուր մեներգիչ պարտավոր է մասնակցելով մրցույթին, պահպանել իր տեղը կամ հավակնել առավել «թանկ» պայմանագրի: Սրանից բացի, գոյություն ունի «անգաժեմենտի» սկզբունքը, երբ հրավիրվող երգչի հետ կնքվում է խաղաշրջանի կամ որոշակի ժամանակահատվածի պայմանագիր:
Քանի որ մեր Ազգային օպերային թատրոնը ՊՈԱԿ է եւ սահմանված է բյուջետային ու արտաբյուջետային աշխատավարձի չափը, կարգը՝ որպես տարբերակիչ, պարտադիր է: Եթե հիմա այլեւս չկան կարգեր, ապա աշխատավարձ սահմանելիս ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվի թատրոնի տնօրինությունը: Այս հարցին ի պատասխան, թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեներգիչների աշխատավարձերը կորոշի թատրոնի գեղարվեստական խորհուրդը՝ նոր թատերաշրջանից առաջ: Տնօրենի պատասխանը, այնուամենայնիվ, մտորումների տեղիք է տալիս: Այսպես, օրինակ, տեղի ունեցած մեներգիչների մրցույթի ժամանակ թատրոնի խաղացանկում չընդգրկված երգչուհի Հասմիկ Թորոսյանը հավաքել է ամենաբարձր միավորները, մինչդեռ խաղաշրջանի ծանրությունն իրենց ուսերին տանող ճանաչված սոպրանոներից ոմանք զիջել են իրենց հավաքած միավորներով. հիմա ինչպե՞ս է կողմնորոշվելու թատրոնը՝ աշխատավարձի հարցում…
Օպերային թատրոններում գոյություն ունեն մեներգչական խմբերի ղեկավարներ, որոնք տարբեր կերպ են կոչվում՝ ելնելով թատրոնի մոտեցումներից: Մեր թատրոնում էլ, տնօրեն Կ. Հովհաննիսյանի խոսքերով, այս գործը հիանալի է «վարում» մեներգիչների խմբի վարիչը՝ Սիլվա Հովհաննիսյանը: Չնայած սրան, որակավորման արդյունքների առիթով տնօրինության եւ մեներգիչների հետ հանդիպման ժամանակ մեներգիչները հարց են բարձրացրել խմբի ղեկավար ունենալու մասին: Ճանաչված երգիչ Գեւորգ Հակոբյանն էլ առաջարկել է Գեղամ Գրիգորյանի թեկնածությունը, որն այսօր մեներգիչների դասուսույցն է: Համոզված ենք, որ ցանկացած օպերային թատրոնի համար մեծ պատիվ է նման դասուսույց ունենալը եւ կարիք չկա նշանավոր տենորին ծանրաբեռնել վարչական աշխատանքի բեռով:
Մեզ հետ զրուցած մեներգիչների մեծամասնությունը հավաստիացրեց, որ եթե չլիներ իրենց գործընկերոջ՝ Գ. Հակոբյանի կողմից արված՝ Գ. Գրիգորյանի թեկնածությունը, իրենք որոշել էին առաջադրել միջազգային մրցույթների դափնեկիր, թատրոնի երկարամյա դաշնակահար-կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանին, քանի որ այս գործում հարկավոր է պրոֆեսիոնալ, որն իր ողջ ուշադրությունը կկենտրոնացնի մեներգիչների խնդիրներին եւ լավ կիմանա իրենց պրոֆեսիոնալ հնարավորությունները ու, ինչու չէ, կլինի իրենց շահերի պաշտպանը: Թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ Սիլվա Հովհաննիսյանը տարիներ շարունակ իր աշխատանքի նվիրյալն է եւ այն կատարում է բարձր պատասխանատվությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել