Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿՈԾԿՎԱԾ ԵՆ»

Մայիս 03,2011 00:00

\"\"Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը՝ իրենց պատմության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին հայերի հետ միասին մասնակցել են նաեւ թուրք մտավորականներ: Դրանց թվում է եղել թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը: Նա այն հազվագյուտ մտավորականներից է, ովքեր ընդունում են 1915 թվականին հայերի հանդեպ թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանությունը: Աթթիլան Հայաստանում է, սակայն ոչ դատարկաձեռն: Մայիսի 5-ին ՆՓԱԿ-ում կբացվի նրա «Էբրու՝ Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» լուսանկարչական ցուցահանդեսը:
ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը գտնում է, որ Աթթիլայի «Էբրու» նախագծի «այցը» Հայաստան՝ արդարացված է. «Աթթիլան այն քիչ թուրք մտավորականներից է, որ հակված է հայերից ներողություն խնդրելու մտքին, ցեղասպանությունն ընդունելուն եւ հայ-թուրքական խնդիրներին վերջ դնելուն: Ցուցահանդեսը «շրջել» է 26 երկրով: Լուսանկարները ներկայացնում են Թուրքիայի մշակույթի բազմազանությունը: Դրանցում կան թե հայեր, թե քրդեր, իսլամաարաբներ եւ այլք: Մեր տեսակետից միանշանակ կարեւոր է, որ հայ հասարակությունն իր աչքով տեսնի թուրք գործչի ջանքերը»:
«Առավոտը» հանդիպեց Աթթիլային, երբ նա դեռ նկարներն էր կախում ՆՓԱԿ-ում:
Լուսանկարչի հետ դյուրին էր ցանկացած հարցի շուրջ զրուցելը, սակայն ինչպես բոլոր թուրքերը, նա նույնպես խուսափեց գենոցիդ տերմինից: Ի դեպ, մինչեւ «Առավոտի» հարցերին պատասխանելը, Աթթիլան առանց զգուշացնելու՝ հարմար տեղադրել էր իր ֆոտոխցիկը եւ նկարահանում էր ողջ հարցազրույցը: Նրա թարգմանչուհին պարզաբանեց՝ Թուրքիայում հեռուստաընկերություններին Աթթիլայի շրջայցից նյութեր տրամադրելու նպատակով է այդ քայլը արվում, կադրերը լուսանկարիչը պետք է օգտագործի հայ-թուրքական հարաբերությունների մասին իր զեկույցներում: Աթթիլան խոստովանեց, որ ամենաբարդն իր համար իր մասին խոսելն է. «Ծնվել եմ ծովափնյա Գյումուշխանա քաղաքում, հետո տեղափոխվել այլ քաղաքներ, հաստատվել Անկարայում: Սովորել եմ վերջինիս համալսարանի տնտեսագիտության բաժնում: Հետո հասկացա, որ այդ գործն ինձ համար չէ. ուրիշ բնագավառներում ինձ փորձեցի: Հայտնվեցի Ամերիկայում, որտեղ էլ սկսեցի լուսանկարչությունն ուսումնասիրել: Առաջին ցուցահանդեսս բացվեց ԱՄՆ-ում: Տարիներ անց նախաձեռնեցի «Էբրու» նախագիծը, որով եւ Հայաստանում եմ»:
Ըստ Աթթիլայի, նախագիծը սկսելիս իր առջեւ նպատակ է դրել ցուցահանդեսով ներդրում ունենալ տարբերությունների պատճառով իրար որպես «ուրիշ» ընկալող թուրք եւ հայ հասարակությունների կապի եւ երխոսության հարթակի ստեղծման մեջ. «Հայոց մեծ եղեռնի, հայ-թուրքական հարաբերությունների մասին սկսեցի մտածել, երբ դեռ բավական երիտասարդ էի: Երբ ուսումնասիրում էի պատմությունը, հասկացա, որ շատ բացասական բաներ մեր պատմությունից դպրոցներում ինձ չեն սովորեցրել, շատ դեպքեր ուղղակի կոծկված են: Արդեն համալսարանական տարիքում այդ ամենի մասին սկսեցի դատողություններ անել…»:
Ա. Դուրաքը հույս է հայտնում, որ դրական արդյունք կունենա իր նախագիծը. «Ես թուրքերին շա՛տ լավ եմ ճանաչում: Հայերին էլ եմ հասցրել ճանաչել, քանի որ արդեն չորրորդ անգամ եմ այցելում Հայաստան: Երկու ժողովուրդների ամենամեծ խնդիրն այն է, որ իրար չեն ճանաչում… Ուզում եմ հայերին ասել, որ խնդիրները լուծելու համար ոչ թե պետական մարմինները պետք է խոսեն, այլ սովորական մարդիկ, ժողովուրդները: Ես այն կարծիքին եմ, որ պետական մարմինները երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում նախեւառաջ մտածում են իրենց շահի մասին»:
Ա. Դուրաքը ավելի քան 200 լուսանկար է բերել Հայաստան: Նրա փոխանցմամբ, որոշ խոչընդոտներ է ունեցել թուրքական կողմից. «Երեք տարի ես չարչարվեցի, որ ցուցահանդեսը հասնի Հայաստան: Ոչ ոք չէր ցանկանում հովանավորել, նույնիսկ ասում էին՝ ինչի՞դ է պետք: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չլինելու պատճառով ստիպված էի Վրաստանով գալ, ու մաքսատանը էլի խնդիրների բախվել»:
Հարցին՝ ի վերջո, թուրքական պետությունը կընդունի՞ Ցեղասպանությունը, թուրք լուսանկարիչը խուսափողական պատասխան տվեց, պատճառաբանելով, որ թուրքական կառավարության անունից չի կարող եւ իրավունք էլ չունի խոսելու. «Հայերի եւ թուրքերի միջեւ լավատեսական հարաբերություններ են սկսել, իմ պատասխանով գուցե վնասեմ դրանց: Միշտ հնչում է այդ հարցը՝ կընդունե՞ք, ու դա արգելք է հանդիսանում՝ ճանաչել միմյանց: Ի վերջո, եթե թուրք ժողովուրդն իր մեջ խղճի խայթը չզգար, ես այստեղ չէի լինի, ու իմ պես հարյուրավոր մարդիկ իրենց առաջ նպատակ չէին դնի՝ մերձենալու քայլեր ձեռնարկել: Եթե թուրք ժողովուրդն իր մեջ արդեն զգում է ցավը, ուրեմն կառավարության ընդունել-չընդունելու որոշումը արդեն նշանակություն չունի»:
Աթթիլան արդեն հասցրել է այցելել Ծիծեռնակաբերդ, եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի հուշամատյանում գրանցել է իր տպավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել