Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխությունները՝ աշնանը

Մայիս 03,2011 00:00

\"\"Կամ ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը՝ Բժշկականի ռեկտոր

ՀՀ բուհերի ռեկտորների ընտրությունների ապրիլյան մարաթոնը եզրափակվեց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությամբ: Այս բուհում եւս ռեկտորի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել ընդամենը մեկ թեկնածու՝ բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Պարոն Դումանյանը վերջին 1,5 ամսվա ընթացքում բուհի ռեկտորի պաշտոնակատարն էր: Ապրիլի 30-ին կազմակերպվեց բուհի ռեկտորի ընտրությունը՝ բուհի խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Մինչ քվեարկության ավարտը, «Առավոտը» զրուցեց Դ. Դումանյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ հատկապես ինչո՞ւ է ցանկանում դառնալ ռեկտոր: Նա պատասխանեց. «Իմ հիմնական գործունեությունը լինելու է կրթության կազմակերպումը, ցանկանում եմ բժշկական կրթական համակարգը նոր որակի վրա տեսնել: Այդ նպատակով էլ դիմել եմ, որ ընտրվեմ ռեկտոր»: «Առավոտի» դիտարկմանը՝ դժվար չի՞ լինի հասնել այդ նպատակին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի անձով պայմանավորված՝ վերջին շրջանում ընկել է համալսարանի վարկանիշը, պարոն Դումանյանն այսպես պատասխանեց. «Չեմ ցանկանում նախկին ռեկտորի եւ վարկանիշի թեմայով խոսել: Ես ինձ համար եմ պատասխանատու եւ այսուհետեւ կաշխատեմ, որ բժշկական համալսարանի վաղեմի հեղինակությունն ու վարկանիշը բարձր պահեմ»: «Առավոտի» մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ական ռեկտորի թեկնածուի սրտով է, որ ինքն է միակ թեկնածուն եւ արդյո՞ք տպավորություն չի ստեղծվի, որ ինքն է «վերեւների» հովանավորյալը, այդ պատճառով էլ կանխվել են բոլոր այլ թեկնածուների առաջադրումները, Դ. Դումանյանը պատասխանեց. «Լավ կլիներ, եթե առաջադրված լինեին մի քանի թեկնածուներ, այդ դեպքում կլիներ լուրջ ծրագրային, մոտեցումների մրցակցություն: Ինչ վերաբերում է, թե ինչ տպավորություն է ստեղծվում, ապա կարելի է եւ Ձեր դիտարկման պես մեկնաբանել, կարելի է եւ մեկնաբանել նրանով, որ այս դժվար գործը ուսերին վերցնել ցանկացող չկար»: Պարոն Դումանյանը նշեց, որ կադրային փոփոխություններ մինչեւ աշուն չի կատարելու, սակայն առանձնացրել է մի քանի հրատապ խնդիրներ. «1,5 ամիսն էլ բավական էր, որ տեսնեի, թե որքան հրատապ խնդիրներ կան բուհում: Դրանց լուծումը ենթադրում է կառուցվածքային, մոտեցումների, դիրքորոշումների, ուսանողների հետ տարվող աշխատանքների փոփոխություններ: Ամեն կերպ աշխատելու եմ ստեղծել խաղաղ մթնոլորտ, որ դասախոսներն ու ուսանողները իրար հարազատներ տեսնեն, ոչ թե մրցակիցներ կամ թշնամիներ»: Չնայած խորհրդի գրեթե բոլոր անդամներն էլ գովասանական ելույթներով էին արտահայտվում ռեկտորի թեկնածու Դ. Դումանյանի մասին, սակայն նա ռեկտոր ընտրվեց խորհրդի 32 անդամների ձայների 31 «կողմ»՝ 1 «դեմ» հարաբերակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել