Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ

Մայիս 03,2011 00:00

\"\"Հարցազրույց Հոլանդիայի Լեյդեն քաղաքի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի հետ:

– Գիտություններ կան, որոնք ազգություն չեն ճանաչում, օրինակ՝ ֆիզիկան, աստղագիտությունը, քիմիան եւ այլն: Այլ է վիճակը հայագիտության պարագայում: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է այսօր հայագիտությունն ու հայերենագիտությունը հրապուրիչ դարձնել օտարազգիների համար:
– Չեմ կարծում, թե մենք պետք է մտածենք հայագիտությունն ու հայերենագիտությունը օտարազգիների համար «հրապուրիչ դարձնելու» մասին: Հայագիտությունն ինքնին շատ արժեքավոր է եւ հրապուրիչ, ուստի մեզնից միայն պահանջվում է մեր ուսումնասիրությունների գիտական անթերի բարեխղճությամբ ապահովել հայագիտության բարձր մակարդակը, եւ ամենակարեւոր ու հետաքրքիր նյութերն առանց ավելորդ գունազարդման ներկայացնել օտարազգիներին: Այսօր հայագիտությունը (մասնավորապես՝ հայերենագիտությունը) գրաքննության անհաշտ մամլիչի խիստ կարիքն ունի: Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան կարեւոր է ուժեղ հակահարվածներ հասցնել օտարազգի (հատկապես՝ թուրք եւ ադրբեջանցի) «գիտնականների» հակահայկական հիստերիային: Սակայն ցավալի է, որ, դրա հետ մեկտեղ, մենք ստիպված ենք հայագիտությունը պաշտպանել նաեւ ներքին թշնամիներից, այսինքն՝ այն մարդկանցից, որոնք, պատմական եւ բանասիրական տարրական գիտելիքներից զուրկ լինելով հանդերձ, հայագիտության վզին են փաթաթում հակագիտական գաղափարներ, ըստ որոնց՝ հայերենը հնդեվրոպական լեզուների մայրն է, հայերը հիքսոսներն են, հայերն արիացիներ են եւ այլն, եւ այլն: Այս հիմնազուրկ դրույթները հայագիտությունն իջեցնում են թուրք կեղծարարների մակարդակին:
– Ի՞նչը Ձեզ մղեց հոդված գրել Հայկական լեռնաշխարհում նախաուրարտական ժամանակաշրջանում հայերենի ներկայության ապացույցների մասին:
– Համացանցում տեղակայված իմ նախորդ հոդվածում («Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը», https:// armscoop.com / ? p=1033) ես անհաշտ քննադատության ենթարկեցի հայագիտության ներքին՝ հայաստանյան թշնամիների որոշ հակագիտական տեսություններ: Դրա անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ այդ «տեսությունները» տարածվում են սպառնալի արագությամբ եւ զմայլանքով են ընդունվում հատկապես հայրենասեր երիտասարդների կողմից: Որպեսզի ոչ մասնագետ լսարանին ուղղված իմ ասելիքը միակողմանի չլինի, ես փորձեցի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իմ համացանցային նոր հոդվածով («Հայոց լեզուն եւ Հայկական լեռնաշխարհը») մեր հայրենակիցների համար լուսաբանել նաեւ հայագիտության արտաքին թշնամիների՝ թուրք եւ ադրբեջանցի կեղծարարների դեմ պայքարի որոշ ուղղություններ:
– Գիտական շրջանակներից արձագանքներ ստացե՞լ եք:
– Գրեթե՝ ոչ: Իմ գործընկերներից արձագանք չէի էլ ակնկալում, քանի որ իմ այս հոդվածը հասցեագրված է ոչ մասնագետ հանրությանը. դրա հիմքում ընկած դրույթները հանգամանորեն քննվել են իմ գիտական հրատարակություններում: Ինչ վերաբերում է իմ նախորդ՝ «Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը» հոդվածին, ապա այն արժանացավ հայաստանյան հայագիտության մակարդակով մտահոգվող իսկական գիտնականների բարձր գնահատականին: Դա ներշնչում է հույս, որ հայերենագիտությունը դեռ կարելի է փրկել: Հատկանշական է, սակայն, որ այդ բոլոր դրական արձագանքները դրսեւորվեցին բացառապես անձնական նամակների տեսքով, մինչդեռ հակագիտական տեսությունների ներկայացուցիչները եւ նրանց համախոհները, առանց իմ դրույթների դեմ որեւէ հակափաստարկ ներկայացնելու, նախանձելի համախմբվածությամբ համացանցը հեղեղեցին հայհոյանքներով ու ծիծաղելի զրպարտություններով: Համացանցի բազմահազար այցելուներ, հմայված լինելով վերոհիշյալ հակագիտական տեսությունների «ազգանպաստությամբ» եւ տեսնելով, որ դրանց քննադատության յուրաքանչյուր փորձ միահամուռ համերաշխությամբ ընդունվում է սրերով, հեշտությամբ համալրում են այդ բանակի շարքերը: Սրանում է մարտնչող տգիտության կենսունակության եւ ուժի գաղտնիքը:
– Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար բարենպաստ պատմություն են հորինում կամ վերախմբագրում, համապատասխան նյութերն էլ հնարավոր բոլոր միջոցներով տարածում են: Դուք հայտարարում եք, որ արդարություն պահանջող ժողովրդի, մասնավորապես՝ հայերի համար գաղափարների տարածման ձեւերից լավագույնը ճշմարտությունն ասելն է: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հաճախ այդ ճշմարտությունը լսելի չէ:
– Արժե, որ իմ հիշատակած այդ խոսքերը («Արդարություն պահանջող ժողովրդի համար գաղափարների տարածման ձեւերից լավագույնը ճշմարտությունն ասելն է») դառնան հայ ժողովրդի ու հայագիտության գլխավոր կարգախոսներից մեկը: Ականավոր հնդեվրոպաբան եւ հայագետ Անտուան Մեյեն դա ասել է հենց հայերիս վերաբերյալ՝ 1920 թվականին: Ճշմարտությունը լսելի չէ այն դեպքերում, երբ ունկնդիրը չի ուզում լսել: Մի՞թե թուրք ու ադրբեջանցի կեղծարարներին հետաքրքրում են Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի եւ բազում այլ հեղինակների վկայությունները Հայաստանի մասին, կամ Երվանդունիներից դարեր առաջ Հայկական լեռնաշխարհում հայերենի ներկայության լեզվական ապացույցները: Իհարկե՝ ոչ: Սակայն, ինչպես Ձեր նախորդ հարցերի դեպքում, այստեղ էլ ստիպված եմ մատնանշելու խնդրի հակադարձ կողմը: Ճշմարտությունը հաճախ լսել չեն կամենում նաեւ մեր բազմահազար հայրենակիցներ: Եթե նրանք համոզված են, որ Ադամը խոսել է հայերեն, կամ որ Սթոունհենջն ու եգիպտական բուրգերը կառուցել են հայերը, ապա ոչ միայն չեն լսի այդ պնդումների սնանկությունը ցույց տվող մարդկանց, այլեւ ագրեսիվորեն կլծվեն նրանց պախարակելու եւ պիտակավորելու անարժան գործին: Մեր պատմության հանդեպ թուրք կեղծարարների ոտնձգություններն օրեցօր ավելի ու ավելի լկտի եւ անհեթեթ են դառնում: Այդուհանդերձ, ոչ մի կերպ չի կարելի նրանց ցինիզմի դեմ պայքարել նրանց իսկ մեթոդներով եւ ստեղծել հայերին ու հայոց լեզուն տիեզերքի կենտրոնում տեղադրող տգետ տեսություններ՝ դրանով արժեզրկելով հայագիտությունը: Թուրք կեղծարարները չեղած պատմություն եւ հայրենիք ստեղծելու համար ստիպված են խեղել բանականությունը, իսկ մենք դրա կարիքը բոլորովին չունենք: Մենք Հայկական լեռնաշխարհի միակ ժառանգն ենք, իսկ մեր պատմությունն ու մշակույթն այնքան հարուստ են եւ արժեքավոր, որ արհեստական գունազարդումներն ու հիմնազուրկ տեսությունները, բացի վնասից, ոչինչ չեն տալիս մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել