Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՌԱՑՈՂԻՆ

Մայիս 03,2011 00:00

Շաբաթ՝ մայիսի 30-ի երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարությունից հաղորդագրություն է ստացվել, որ նախարարությունում կայացել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 20-ը:
Ու թեեւ նիստից երկու օր առաջ՝ ապրիլի 29-ին հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը հայտարարել էր, որ այս հոգաբարձուների հետ համագործակցությունը նպատակահարմար չէ եւ ինքը հրաժարական է տալիս, հոգաբարձուները քննարկելով հիմնադրամում Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքները, արձանագրել են, որ հիմնադրամն իր կանոնադրական գործառույթներն իրականացրել է մասնակիորեն` միայն պետության կողմից նախատեսված եւ ֆինանսավորված միջոցառումների շրջանակներում, հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը գերազանցել է իր լիազորությունները, խախտել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի եւ կանոնադրության պահանջները, ժամանակին չի կատարել հոգաբարձուների խորհրդի որոշումը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշել է Թամարա Պողոսյանին հայտարարել խիստ նկատողություն: Ով կլինի Թամարա Պողոսյանի հաջորդը՝ պարզ չէ, հոգաբարձուները որոշել են դիմել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին` հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ անցկացնելու առաջարկով:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Պողոսյան-Հակոբյան վեճի մասին հայտնի դարձավ մարտի վերջին: Թամարա Պողոսյանը պնդում է, որ Հրանուշ Հակոբյանը 2009-ին օրենքի խախտումով է դարձել հոգաբարձուների խորհրդի նախագահ, փողեր է լվանում, խոչընդոտում եւ ճնշում է իրեն, պարտադրում իր կամքը: Հրանուշ Հակոբյանի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ իրականում Թամարա Պողոսյանն է բազմաթիվ խախտումներ արել, Հրանուշ Հակոբյանը օրենքով է առաջնորդվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել