Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխաների երազանքների գյուղը

Մայիս 03,2011 00:00

Գերմանական փողեր՝ հանուն Սյունիքում ներդաշնակ կյանքի

Դեռեւս 2009 թվականին ենք տեղեկացրել, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրել: Ծրագրով տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ կիրականացվեն, որ անտառը չտուժի: Սյունիքի մարզում ստեղծվելիք կենսոլորտային պահպանվող տարածքը միակը կլինի Հայաստանում, արգելոցի հարակից Սրաշեն, Ճակատեն, Ծավ, Շիկահող եւ Ներքին հանդ գյուղերը կունենան իրենց համայնքային զարգացման ծրագրերը, իսկ գյուղերի դպրոցների աշակերտների համար կկազմակերպվի «Իմ երազանքների գյուղը» թեմայով նկարչական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի արդյունքները ամփոփվեցին շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, Սյունիքի մարզպետարանում: 13 լավագույն նկարների հեղինակներին նվերներ հանձնվեցին. աղջիկներին՝ բջջային հեռախոսներ, տղաներին՝ ուսապարկեր, բոլորին՝ նկարչական եւ գրենական պիտույքներ: Ժյուրիին ու մրցույթի կազմակերպիչներին զարմացրել էր գյուղի երեխաների նկարների բովանդակությունը: Ինչպես նշեց ժյուրիի անդամ Վլադիկ Ղուկասյանը՝ իրենք գնահատել են ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ՝ ասելիքը, որը երեխաներն արտահայտել էին նկարների միջոցով: Երեխաներից մեկը արջ էր նկարել, որը ամուր գրկել էր ծառը, որպեսզի չկտրեն այն: Մյուսը գազի խողովակներ էր նկարել. ուզում էր ասել, որ ցանկանում է իր գյուղը գազիֆիկացված տեսնել, որպեսզի իրենք տաք տներում ապրեն ու չմրսեն, անտառն էլ չտուժի: Մեկ այլ երեխա կարուսել ու ավտոբուսի կանգառներ էր նկարել: Ճակատեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Սարուխանյանի նկարը 13 լավագույնների մեջ էր: Մարիամի երազանքների գյուղում աղավնի, հայկական դրոշ ու ջուր կա: «Ուզում եմ իմ հայրենի գյուղը երջանիկ, առանց հոգսերի ու, ամենակարեւորը՝ խաղաղ լինի»,- անկեղծանում է Մարիամը:
Նկարչական աշխատանքների արդյունքներից հիացած էր նաեւ ծրագրի ղեկավար, պահպանվող տարածքների բնապահպանական կայուն զարգացման խորհրդատու Գյունտեր Լոյսքանդլին: Երեխաների հետ շփումից հետո պարոն Լոյսքանդլին ասաց, որ Շիկահողի ծրագիրը դեռ վերջնական տեսքի չի եկել, խորհրդատվական թիմը աշխատում է, նախապատրաստական հետազոտությունը կվերջանա մի քանի շաբաթից, իսկ օգոստոսին՝ ծրագրի պատասխանատուներն արդեն վերջնական գնահատման առաքելությամբ եւ հստակեցված անելիքով կայցելեն տարածաշրջան:
Ծրագիրը կխթանի փոքր գործարարության զարգացումը տարածաշրջանում՝ նպաստելով եկամուտների ավելացմանը: «Շեշտը դրվելու է հատկապես բնապահպանական միտվածություն ունեցող ծրագրերի վրա, որոնք բաղկացած կլինեն մի քանի բաղադրիչներից՝ ե՛ւ բնապահպանական, ե՛ւ սոցիալական, աշխատատեղերի ստեղծում, եկամուտների ավելացում, տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավում եւ այլն: Կատարվելիք ներդրումները կզուգահեռվեն խորհրդատվական, կրթական, պլանավորման գործառույթներով: Բացի Շիկահողի ենթաշրջանի 5 գյուղերից, կլինեն նախաձեռնություններ նաեւ Կապան քաղաքի համար, քանի որ այն կապված է այս ենթաշրջանի հետ: Բացառված չէ, որ շատ լավ ծրագրեր ունենալու դեպքում Սյունիքի այլ տարածաշրջանները նույնպես ընդգրկվեն ծրագրում, բայց դրանք պետք է կապ ունենան Շիկահողի հետ: Էներգիայի խնդիրը այս գյուղերում կարեւորագույնն է: Պետք է ամբողջական մեծ լուծում տալ հարցին, պարտադիր չէ՝ գազիֆիկացմամբ: Մենք մտածում ենք այլընտրանքների մասին, օրինակ՝ արեւային էներգիայի օգտագործման»,- նշեց պարոն Գյունտեր Լոյսքանդլին: Նա համոզված է, որ ծրագրի ավարտից հետո համայնքները կունենան բնության հետ ներդաշնակ, առանց իրար վնասելու կյանք եւ ավելի լավ ապրելակերպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել