Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԹՈՒՐԸ ԿԿՏՐԻ

Մայիս 03,2011 00:00

\"\"«Թրամարտ»՝ «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի եւ քաղաքի թիվ 4 դպրոցի միջեւ

«Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը ապրիլի 16-ին անցնում էր քաղաքի թիվ 4 դպրոցի մոտով: Դպրոցի մերձակայքում տրակտորը հողահարթեցման աշխատանքներ էր կատարում: Նարիմանը 4 տարի աշխատել է պատմական հուշարձանների պահպանության ընկերությունում, ուստի հպանցիկ հայացք գցելուն պես հասկացավ, որ տրակտորը դամբարան է բացել: Հաջորդ օրը նա վերադարձավ դպրոց, կրթօջախի տնտեսվարից մի բահ խնդրեց ու գործի անցավ: Որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենա դամբարանի մասին, հեռախոսով հրավիրեց Ջողազի դամբարանադաշտի ուսումնասիրող Սարգիս Գասպարյանին, ով 10 տարի գիտաշխատող է եղել Հայաստանի պատմության թանգարանում: Արհեստական ջրամբարի կառուցումով Ջողազի դամբարանադաշտը ջրի տակ է անցել:
Սարգիս Գասպարյանը եկել է, հաստատել, որ, իսկապես, բացվածը դամբարան է: Ընդհանրապես, թիվ 4 դպրոցի, Իջեւանի հիվանդանոցի մերձակայքը Քրիստոսի ծննդից առաջ առաջին հազարամյակի դամբարանադաշտ է, որն ուսումնասիրվել է 1967 թվականին: Նարիման Թանանյանը նորահայտ դամբարանում հայտնաբերել է լավ պահպանված բրոնզե թուր, նետերի օբսիդիանե ծայրեր, զրահաշապկի բրոնզե կոճակներ եւ այլն: Այդ ժամանակ թիվ 4 դպրոցում դասերն ավարտվել էին, եւ աշակերտները լսելով հայտնագործության մասին՝ գալիս եւ իրենց բջջային հեռախոսներով նկարում էին: «Շուտով եկավ թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, ով մեզնից \"\"պահանջեց լքել տարածքը»,-պատմում է Նարիման Թանանյանը:
Դրանից հետո դպրոցի տնօրենն է շարունակել պեղումները, հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ՝ հին թասեր, կճուճներ ու այլն: Հնադարյան թրի պատկանելության վերաբերյալ վեճ է ծագել, թե որտեղ պիտի պահպանվեն այդ եւ մյուս գտածոները: Թիվ 4 դպրոցն ունի պատմության թանգարան եւ դպրոցի տնօրենը ցանկանում է այն համալրել կրթօջախի մատույցներում հայտնաբերվածով: Նարիման Թանանյանը համոզված է, որ գտածոների տեղը իր գլխավորած թանգարանն է: Ինչեւիցե, նա գտածոների մասին տեղյակ է պահել պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզի ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանին: Վերջինս էլ ապրիլի 22-ին դեպքի կապակցությամբ դիմել է Իջեւանի ոստիկանություն: Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանն ասաց, որ նյութեր են նախապատրաստում: Դրանցով կպարզվի, թե արդյոք հիմքեր կա՞ն քրեական գործ հարուցելու, թե՝ ոչ: Կպարզեն նաեւ, թե օրենքով ում պետք է հանձնվեն գտածոները: Ապրիլի 26-ին «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանում հանդիպեցինք Նարիման Թանանյանին: Նա նոր էր վերադարձել թիվ 4 դպրոցից: Այստեղ հնագետ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս Սիմոն Հմայակյանը կազմել է գտածոների ցանկը եւ նկարագրությունը: Ռոզա Խառատյանի մոտ կա 22 գտածո, «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանում՝ 9: Նարիման Թանանյանը ցույց տվեց բրոնզեդարյան թուրը եւ մյուս գտածոները: Ավելի քան երեք հազար տարեկան թուրը լավ պահպանված է, միայն պատվել է կանաչ շերտով: Տնօրենի հետ շրջեցինք պատմաերկրագիտական թանգարանում: Նարիման Թանանյանը հպարտությամբ ասաց, որ երկու տարում, ինչ ինքն աշխատում է՝ թանգարանի ցուցանմուշների թիվը 85-ից հասել է 1000-ի: Սակայն դրանք ցուցադրվում են մի սենյակում: Թանգարանը զբաղեցնում է 100 քառակուսի մետր տարածք: Աշխատողները հավաքվում են մի սենյակում, ուր նաեւ ցուցանմուշներ են դրված: Այդ սենյակում է այն նշանավոր հեռագրիչը, որով Լենինին «ավետել» են Հայաստանի խորհրդայնացման մասին: Հեռագրիչը դարակ ունի, որտեղ էլ պահպանվում է Լենինին ուղարկված հեռագրի ժապավենը: Նարիման Թանանյանը ցույց տվեց, թե բարերարների օգնությամբ ինչ աշխատանքներ են կատարել. շենքի հետնամասում բետոնե սելավատար է կառուցվել, առաջին հարկում ձեւավորվում է ֆոնդերի նոր սենյակ: Սակայն դեռեւս լուծված չէ տարածքի ցանկապատման խնդիրը: 1990 թվականին Իջեւանի թանգարանից 1600 ցուցանմուշ տեղափոխվել է Սարդարապատի թանգարան, որից ամենից արժեքավոր 480-ը մտցվել է այդ թանգարանի հիմնական ֆոնդ: Ցուցանմուշները վերադարձնելու խնդրանքով Նարիման Թանանյանը երեք նամակ է ուղարկել Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին, սակայն պատասխան չի ստացել:
Նարիման Թանանյանի խոսքով՝ թիվ 4 դպրոցի տարածքում գտնված թուրն իր հնությամբ եւ պատմական արժեքով նշանակալից է: Ո՞ր թանգարանին բաժին կհասնեն այդ եւ մյուս ցուցանմուշները, արդյոք օրենքի խախտում կհայտնաբերի՞ Իջեւանի ոստիկանությունը: Այս հարցերը սպասում են իրենց պատասխաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել