Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից: Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաեւ ընդունելության կարգի խախտումներ, առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը խիստ վերահսկողության եւ պատժամիջոցների կիրառման պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն երեխաների սննդի կազմակերպման խախտումների եւ հավելագրումների դեպքեր: «Երեխաների սննդի հետ կապված ցանկացած խախտման դեպքում տնօրենին անմիջապես ազատել աշխատանքից: Անգամ լավ պատմություն ունեցող մանկապարտեզի տնօրենին»,- շեշտել է քաղաքապետը: Զեկուցվել է նաեւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքները: Պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակներից, որի արդյունքում մեծ են եղել շարժման միջակայքերը եւ չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը:
Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար: 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (միկրոավտոբուսային 69 եւ 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու եւ ուղեւորների սպասարկումը ձախողելու (53 երթուղի) համար մրցութային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր՝ նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու եւ նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար: Ինչ վերաբերում է բակերի բարեկարգմանը՝ զեկուցվել է, որ շուտով կմեկնարկեն աշխատանքները, բացի այդ՝ տարբեր բակերում փոքրիկ երեւանցիների համար կտեղադրվեն նաեւ 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ եւ մինի ֆուտբոլի 11 դաշտեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել եւ ավարտել մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, կանաչապատման, շքամուտքերի վերանորոգման եւ աղբահանության կազմակերպման աշխատանքները:
Բացի այդ, երեկ քաղաքապետը հանդիպել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ ՀՀ Վերահսկիչ պալատի եւ քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաեւ վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման եւ տրամադրման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության թիվ 352 եւ 510 որոշումների համապատասխան՝ ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի եւ այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Վերահսկիչ պալատը մինչեւ տարեվերջ վերահսկողություն է բացելու Երեւանի քաղաքապետարանի՝ սոցիալական ծառայություն իրականացնող կառույցներում: