Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6 տոկոսով: Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2011-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եղել է զրո:
Այս իրավիճակում հայտնվելու պատճառները բազմաթիվ են, եւ այդ մասին բազմիցս խոսել ենք: Առաջինը, 2008-09 թթ. կառավարությունը չկարողացավ գնահատել միջազգային տնտեսական ճգնաժամի լրջությունը Հայաստանի համար: Երկրորդ, հասկանալուց հետո, որ ճգնաժամի հետեւանքները Հայաստանում անխուսափելի են, չկարողացավ պատշաճ քաղաքականություն մշակել եւ իրականացնել: Երրորդ, ցայտնոտային վիճակում, հապճեպ ներգրավված հսկայական ֆինանսական միջոցները սխալ ուղղությամբ գործածվեցին: Չորրորդ, կառավարությունը համարձակություն չունեցավ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, որոնք խիստ անհրաժեշտ էին:
Արդյունքում, այսօր մենք հայտնվել ենք ծանր տնտեսական իրավիճակում: Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների ցանկը շատ երկար է: Սակայն այս պահին մակրոտնտեսական տեսանկյունից առավել հրատապ է դրանցից երկուսի կարգավորումը: Առաջին խնդիրը խիստ ցածր տնտեսական աճն է բարձր գնաճի պայմաններում (համաձայն վերջին տվյալների՝ 11,3 տոկոս), որի արդյունքում աղքատությունն ավելի է խորացել: Երկրորդ խնդիրը մեր տնտեսության քառաճյուղ դեֆիցիտն է: Այսինքն՝ բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով, ազգային պարտք ՀՆԱ-ի 43 տոկոսի չափով, առեւտրային բացասական հաշվեկշիռ ՀՆԱ-ի 23 տոկոսի չափով եւ օրեցօր նվազող ազգային պահուստներ՝ դրամի փոխարժեքը կայուն պահելու նպատակով առավել մեծ միջամտության արդյունքում:
Նշված երկու խնդիրները սերտորեն շաղկապված են. մեկը մյուսի պատճառն է եւ հետեւանքը: Ուստի մեկի լուծմանն ուղղված քայլերը կնպաստեն նաեւ մյուսի լուծմանը:
Առաջին հերթին պետք է հրաժարվել դրամի փոխարժեքի ուղղությամբ արվող միջամտությունից՝ խնայելով պետական պահուստային միջոցները: Արդյունքում կառավարությունը ստիպված չի լինի մոտ ապագայում լրացուցիչ պարտք վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ պահուստային միջոցների պահանջվող նվազագույն շեմը պահպանելու համար: Դրամի այսօրվա շուկայական արժեքը, ըստ միջազգային դիտորդների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ եւ այլն), 425-430 դրամ է 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Նման փոխարժեքը բնականաբար առավել մրցունակ կդարձնի Հայաստանից արտահանվող ապրանքները՝ նվազեցնելով երկրի առեւտրային դեֆիցիտը: Իսկ դրա արդյունքում հավանական գնաճի մտահոգությունը կարելի է փարատել ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների մենաշնորհները վերացնելով:
Ապահովելով տնտեսական աճ՝ միջնաժամկետ առումով կմեղմացվի նաեւ բյուջեի դեֆիցիտի հարցը, որն այսօր բավական բարձր է՝ մոտ 9 տոկոս: Այդ մակարդակը այսօրվա դրությամբ կարելի է պահել, նույնիսկ ավելացնել 2 տոկոսով, մի պայմանով, որ ի լրումն այդ դեֆիցիտի ներքին ու արտաքին ֆինանսավորման՝ բյուջեի եկամուտները ավելացվեն առնվազն 5 տոկոսով, բոլոր խոշոր տնտեսվարող սուբյեկտներին ամբողջությամբ հարկային դաշտ բերելու հաշվին: Արդյունքում կունենանք բյուջեի եկամուտ-ՀՆԱ այնպիսի հարաբերություն (22-23 տոկոս), որը բնական է մեզ նման երկրների համար եւ արդեն առկա է մեր հարեւան երկրներում: Այս թիվը Հայաստանում այսօր 17 տոկոս է:
Նույն տրամաբանությամբ կարելի է վերաբերվել ազգային պարտքին: Հայտնի է, որ ազգային պարտք-ՀՆԱ հարաբերությունը պետք է չանցնի 50 տոկոսից: Հայաստանում այդ հարաբերությունը 43 տոկոս է, բայց կառավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում լրացուցիչ 7 տոկոսի ուղղությամբ: Անհրաժեշտ է չկրկնել նախորդ սխալները եւ այդ 7 տոկոսը նպատակային ձեւով ուղղել տնտեսության պահանջարկային մասը խթանելուն, հատկապես այն ոլորտներում, որոնք առավելագույն բազմապատկիչ արդյունք կարող են ունենալ տնտեսության զարգացման համար:
Այսօր Հայաստանում տնտեսական աճը խոչընդոտող նաեւ երկու ֆինանսական հանգամանք կա: Մեկը բանկերի կողմից տրամադրվող վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքներն են, որոնք հրապուրիչ չեն ներդրումների համար: Մյուսը ֆինանսական միջնորդության խիստ մակերեսային լինելն է, որը սահմանափակում է այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների հնարավորությունը:
Վերջին տարիներին, չնայած կառավարության ջանքերին, չի հաջողվել այս երկու հարցերում առաջընթաց արձանագրել: Հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը չի կարողացել պատշաճ մեխանիզմ ձեւավորել, որի միջոցով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը ժամանակին եւ արդյունավետ ձեւով կարտացոլվեր մասնավոր ոլորտում: Պարզ ասած՝ Կենտրոնական բանկի տոկոսադրույքների ճշգրտումները համապատասխան հետեւանք չեն ունենում առեւտրային բանկերի տոկոսադրույքների վրա: Բացի այդ, կառավարությունը չի կարողացել ստեղծել դրամային այնպիսի նոր գործիքներ, որոնք առավել լայն ֆինանսավորման աղբյուրներ կստեղծեին ներդրողների համար:
Արդյունքում, կարելի է ասել, որ Հայաստանի բանկային համակարգում այսօր երկու խիստ բացասական միտում կա: Առաջին՝ վարկավորման տոկոսադրույքները, նվազելու փոխարեն, գնալով աճում են: Երկրորդ՝ հիպոթեքային եւ սպառողական վարկերը էապես նվազել են, որոնց փոխարեն աճել են լոմբարդային վարկերը: Մարդիկ գրավ են դնում վերջին ունեցվածքը՝ իրենց գոյությունը պահպանելու համար: