Աշխատավորի օրվա տոնին ընդառաջ՝ գյուղատնտեսության նախարարությունը բավականին ինքնատիպ կերպով շնորհավորեց իր աշխատակիցներին: Հենց ապրիլի 30-ին 100-ից ավելի աշխատակից տեղեկացավ, որ իրենց բաժինը վերակազմավորվել է եւ իրենք, որպես մասնագետ, առայժմ կադրերի ռեզերվում 6 ամիս պետք է սպասեն: Բանն այն է, որ այս նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարական տեսչությունները լուծարվել են, որի փոխարեն ստեղծվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Ճիշտ է, լուծարված տեսչությունների աշխատակիցները ազատվել էին աշխատանքից դեռ ապրիլի 1-ին եւ շարունակում էին իրենց պարտականությունները կատարել մինչեւ ապրիլի 30-ը, բայց նրանց բոլորին աշխատատեղ էին խոստացել նոր ստեղծված ծառայությունում: Սակայն 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող անձանց ծառայության նոր ղեկավարը որոշել է ուղարկել կադրերի կարճաժամկետ ռեզերվ, այն դեպքում՝ երբ նորաստեղծ կառույցում թափուր աշխատատեղեր կան: Ընդ որում, ռեզերվ են ուղարկում բարձրակարգ մասնագետներին: «Առավոտին» դիմած գյուղնախարարության նախկին աշխատակիցների վստահեցմամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը մոտ 170 աշխատակցի հրավիրել էր իր մոտ եւ առանց հիմնավորման ուղղակի հայտարարել՝ «դու ազատված ես աշխատանքից, իսկ դու՝ ոչ»: Նշենք, որ այս աշխատակիցները քաղծառայության քննություն են անցել, ինչը ենթադրում է, որ նրանք «Քաղծառայության մասին» օրենքով պետք է պաշտպանված լինեն:
Այս խնդրի մանրամասները կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարում: