Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկը որպես ցիտրո՞ւս են մաքսազերծում

Մայիս 03,2011 00:00

\"\"Երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել թվով 30 ջերմոցային ձեռնարկություն: Նրանք դժգոհում էին, որ անհավասար պայմաններում են իրենց ապրանքը ներկայացնում վաճառքի, քանի որ հարեւան Թուրքիայից ներկրվում է ջերմոցում աճեցված լոլիկ, որը տարօրինակ պայմաններով է մաքսազերծվում ու վաճառվում է չափազանց էժան գնով, իսկ իրենք տեղական ջերմոցներում լոլիկ աճեցնելով չեն կարողանում նույն գնով վաճառել: Այս ձեռնարկությունները նախօրոք դիմել էին «Ժառանգություն» կուսակցությանը, որի անդամ, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նույնպես միացել էր բողոքի ակցիային: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ջերմոցային տնտեսությունների եւ ներկրողների միջեւ եղած անհավասար մրցակցության ամենագլխավոր պատճառն այն է, որ տեղական ջերմոցները սպառած գազի համար վճարում են չափազանց մեծ գումար. «Դրանց գազի գնագոյացման ժամանակ հաշվարկվում է ավելորդ գործակից: Հենց դա եւ գազի համար վճարվող 20% ավելացված արժեքի հարկը վերացնելու համար էլ ջերմոցային ձեռնարկությունները դիմում են կառավարությանը: Բացի այդ, ջերմոցային ընկերությունները պարզել են, որ ներկրվող լոլիկը հաճախ մաքսազերծվում է որպես ցիտրուս, քանի որ այդ ապրանքի մաքսատուրքն ավելի էժան է, քան լոլիկինը: Այս ձեռնարկությունները հավատում են, որ սա համապատասխան վերահսկողության բացակայության արդյունք է: Նրանք նաեւ վարկեր են վերցրել եւ խնդրում են կառավարությանը, որ միջամտի այս հարցում եւս, քանի որ այս տարվա ընթացքում չեն կարող վարկի տոկոսները վճարել»:
Պարոն Մարտիրոսյանին եւ բողոքի ակցիայի 2 մասնակիցներին ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, որը խոստացավ բարձրացված հարցերի հետ կապված շուտափույթ լուծումների համար քննարկումներ կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել