Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների հանձնման առանձնահատկությունները

Մայիս 03,2011 00:00

 ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ուսումնասիրվել են 2009-2010թթ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության միջազգային-իրավական համագործակցության պրակտիկայի եւ այդ ոլորտում դատախազական հսկողության վիճակի վերաբերյալ ամփոփումը եւ 2009-2010թթ. վիճակագրական տվյալները:
Քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավախախտներին հանձնելու հարցումները կարգավորվում են այլ պետությունների հետ գործող միջազգային պայմանագրերի դրույթներով, մասնավորապես. «Հանցագործների հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայով եւ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, ինչպես նաեւ բնագավառը կարգավորող առկա՝ ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ կնքված մի շարք երկկողմ պայմանագրերի դրույթներին համապատասխան:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ-ում հայտնաբերվել է օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 1000 անձ, որոնցից հանձնվել է 66-ը, այսինքն՝ ՀՀ-ում հայտնաբերվածների 6,6%-ը: Օտարերկրյա պետությունների տարածքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 346 անձ:
Քրեական հետապնդում իրականացնելու 150 հանձնարարություն է ուղարկվել օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին, որոնցից 74-ը՝ քրեական գործ, իսկ 76-ը՝ նյութերով:
Քրեական հետապնդում իրականացնելու 185 հանձնարարություն է ստացվել օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններից, որոնցից 144-ը քրեական գործ է, իսկ 41-ը՝ նյութերով:
Օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին ուղարկվել է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին 605 միջնորդություն, իսկ ստացվել է 2017-ը:
ՀՀ դատախազության աշխատակիցները մասնակցել են 197 միջոցառման (խորհրդաժողովներ, «կլոր սեղաններ», քննարկումներ եւ այլն), որոնցից 161-ը կազմակերպվել եւ անցկացվել է Հայաստանում, իսկ 36-ը՝ արտերկրում:
Այլ պետությունների կողմից հետախուզվող եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց հանձնելու մասին օտարերկրյա պետություների միջնորդությունները ՀՀ դատախազության կողմից մանրակրկիտ քննարկվում են, ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ վերջիններիս իրավունքների, հայտնաբերված հետախուզվողների, այդ թվում՝ օտարերկրյա եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բավարար հիմքերի առկայության պայմաններում անձինք ազատ են արձակվում ոչ միայն կալանքից, այլեւ կայացվում են ձերբակալված անձին արգելանքից ազատելու մասին որոշումներ՝ ավելորդ անգամ չսահմանափակելով անձի ազատությունը նույնիսկ մինչեւ 72 ժամ տեւողությամբ: Միջնորդությունները բավարարվում են միայն «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված երաշխիքների տրամադրման դեպքում:
Եթե եվրոպական եւ ԱՊՀ պետությունների հետ համագործակցության իրավական հիմքերը հստակ են եւ բավարար, ապա առանձնապես պետք է կարեւորել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ բարի կամքի եւ փոխադարձության հիման վրա ցուցաբերվող իրավական փոխգործակցությունը: Չնայած ոլորտը կարգավորող իրավական ակտերի բացակայությանը, բազմաթիվ հանցագործներ հանձնվել կամ ՀՀ-ում քրեական պատասխանատվության են ենթարկվել ԱՄՆ-ում կատարած հանցագործության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել